Հարկային եկամուտներն ու տուրքերը նախորդ տարի աճել են 5.1 տոկոսով |armenpress.am|
16:26 - 16 հունվարի, 2025

Հարկային եկամուտներն ու տուրքերը նախորդ տարի աճել են 5.1 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարի հավաքվել են 2 տրլն 390.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 117 մլրդ դրամով:

Այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Գրանցվել է եկամուտների 5.1 տոկոսանոց աճ կամ աճը կազմել է շուրջ 117 մլրդ դրամ»,-ասաց Հակոբյանը: 

Հարկային մարմինների կողմից գանձվել է ավելի քան 1 տրլն 940 մլրդ դրամի, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ավելի քան 450 մլրդ դրամի մուտքեր:  

«Հարկային մարմինների կողմից հավաքագրումների 11 տոկոսանոց աճ կա, իսկ մաքսային մասով, որը ներմուծումներին է վերաբերում, անկում ունենք: Խոսքը ներմուծման նվազումների մասին է, մասնավորապես՝ ավտոմեքենաների և ծխախոտի գծով ներմուծման նվազման: Ներքին տնտեսությունում հավաքագրվող հարկերը բավականին առաջանցիկ են եղել տնտեսական զարգացումներից, բայց ներմուծումից հարկերը՝ ոչ, որը մեր գնահատմամբ՝ ժամանակավոր երևույթ է»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ 2025-ին դրա դերը էապես կնվազի:  

Ըստ նրա՝ 2024թ հարկահավաքումը եղել է տնտեսական զարգացումներին համահունչ:

ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության կողմից 2023 թվականին կատարված գնահատականները հուշում են, որ հարկային վարչարարության ճեղքը վերջին 3 տարիներին ՀՆԱ-ում միջինում 0.3-0.4 տոկոսային կետով նվազել են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 30-40 մլրդ դրամի լրացուցիչ ստվերային հարկային եկամուտներ են վերականգնվել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել