Ռազմավարական գործընկերություն. ինչ պետք է իմանալ ԱՄՆ-ի՝ Հայաստանի և այլ երկրների գործընկերության մասին
 |civilnet.am|
17:58 - 17 հունվարի, 2025

Ռազմավարական գործընկերություն. ինչ պետք է իմանալ ԱՄՆ-ի՝ Հայաստանի և այլ երկրների գործընկերության մասին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին ստորագրեցին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։

Ստորագրված փաստաթղթի նշանակության վերաբերյալ տարբեր քննարկումներ եղան սոցցանցերում և լրատվամիջոցներում։

#CivilNetCheck-ը գնացել է տարածված պնդումների հետքերով։

Ի՞նչ է նախատեսվում Հայաստանի հետ կնքված կանոնադրությամբ

ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության վերաբերյալ կանոնադրություն է ստորագրել մի շարք երկրների հետ։

Ստորագրված կանոնադրություններն ունեն ընդհանուր դրույթներ, սակայն յուրաքանչյուր երկրի դեպքում կան նաև լրացուցիչ կետեր:

Այսպես, Հայաստանի հետ ստորագրված չորս էջանոց կանոնադրությունում քայլեր ու ժամկետներ չկան։ Առաջին բաժինը հիմնականում պարունակում է ընդհանրական դրույթներ, ինչպես օրինակ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգում, ժողովրդական արժեքների հանդեպ հանձնառություն և այլն։ Այս բաժնում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Մյուս բաժինը տնտեսական համագործակցությանն է վերաբերում, որտեղ ամենակարևորը, թերևս, էներգետիկ անվտանգության խթանման վերաբերյալ կետն է։

Փաստաթղթում կարևորվում են նաև պաշտպանական և անվտանգային համագործակցության ընդլայնումը, զինված ուժերի մասնագիտական վերապատրաստումը, ինչպես նաև իրավապահ մարմինների բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը։

Ստորագրման ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր հաջորդ ամիս ԱՄՆ-ի Մաքսային և Սահմանային պահպանության թիմի՝ Հայաստան այցելության մասին։ Թիմը պետք է աշխատի հայ գործընկերների հետ՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ։

Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, հակակոռուպցիոն նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցությանը և արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին։

Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիա. ի՞նչ կապ ունի Իրանը

Սոցցանցերում քննարկվում էր նաև, թե ստորագրված փաստաթուղթը պարունակում է կետեր Իրանի դեմ։ Ենթադրաբար, պետքարտուղար Բլինքենի՝ «Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային» հայտարարությունն է շփոթության պատճառ դարձել։

Բլինքենը «Իսլամական պետություն» ասելով՝ նկատի ունի ոչ թե իսլամական որևէ պետություն, այլ 2013-ից աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններ իրականացրած «Իսլամական պետությանը»։

«Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիան» ստեղծվել է 2014-ին։ Դրան ներկայում միացել է 87 երկիր։ Այն ձևավորվել է՝ ի պատասխան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS): Կոալիցիային միացած անդամ պետությունները համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարի տարբեր ուղղություններով։

Այնուամենայնիվ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունում որևէ կետ չկա ո՛չ Իրանի, ո՛չ էլ «Իսլամական պետության» վերաբերյալ։

Ռազմավարական դաշնակի՞ց, թե՞ գործընկեր

Փաստաթղթում հստակ նշված է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին։

Երկկողմ դաշնակցային պայմանագրեր ԱՄՆ-ն ունի ՃապոնիայիՀարավային ԿորեայիՖիլիպինների և այլ երկրների հետ։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանն ունի միայն գործընկերոջ կարգավիճակ։ «Սա պետք է հստակ տարբերակել է և հաշվի առնել, որ բաժանումները շատ հստակ կան»,- նշում է Սուրեն Սարգսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել