Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին՝ ժամը 23:20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից:
Ոստիկանությունից հայտնում են, որ զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ. «Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը պարզապես տեղափոխում էր ձուկը: Հայտնաբերված 375 սիգը կշռել է 130 կգ»:
Նշվում է, որ հունվարի 16-ի առավոտյան՝ ժամը 09:20-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի սրահում կային ձկներ: Ծովագյուղի բնակիչ 43-ամյա վարորդն ու ձկներով բարձած մեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:
«Պարզվել է, որ ձկները պատկանում են վարորդի եղբորը, որը հրավիրվել է բաժին: Նա հայտնել է, թե ձկներն ինքը նույն օրը ձեռք է բերել Ծովագյուղի խաչմերուկում` անծանոթ անձից: Հայտնաբերված 370 սիգը կշռել է 113 կգ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
comment.count (0)