«Ինչքան ցուցմունք են տալիս, էդքան հակասություններն ու կասկածները շատանում են»․ ի՞նչ փուլում է զորանոցի հրդեհի գործը 2 տարի անց
 |hetq.am|
17:59 - 20 հունվարի, 2025

«Ինչքան ցուցմունք են տալիս, էդքան հակասություններն ու կասկածները շատանում են»․ ի՞նչ փուլում է զորանոցի հրդեհի գործը 2 տարի անց |hetq.am|

hetq.am: Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը հայտնում է, որ դեպքից անցել է 2 տարի, և այդ ընթացքում ավելի շատ հարցեր են առաջացել, քան իրավասու մարմինների կողմից տրվել են պատասխաններ։

«2 տարվա ընթացքում ոչ միայն զոհված զինծառայողների ծնողները, այլև հանրությունը չստացան այն հարցերի պատասխանները, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչ հանգամանքների պատճառով»,- ասաց Նորայր Նորիկյանը գործի քննության երկրորդ տարին ամփոփելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Գործը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 2023 թվականի սեպտեմբերից։ Ներգրավված են 5 մեղադրյալներ` զորամասի ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանը, զորամասի թիկունքի պետի-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը, զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը, զորամասի ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ հրդեհը բռնկվել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, սակայն տուժող կողմը քննարկում է նաև հրդեհի բռնկման այլ վարկածներ ևս, այդ թվում՝ հակառակորդի կողմից դիվերսիայի հավանականությունը։

Դատակոչված 19 տուժողներից այս պահի դրությամբ հարցաքննվել են 14-ը։ Ծնողներից 2-ը մահացել են, 2-ը դեռևս չեն հարցաքննվել, չի հարցաքննվել նաև այդ կացարանի սեփականատեր հանդիսացող կինը։ Դատակոչված 38 վկաներից հարցաքննվել է 4-ը, առաջիկա դատական նիստերում սկսվելու են ինչպես զորամասի հրամանատարական կազմի, այնպես էլ ԶՈւ Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությունները։

Վերջերս մեղադրանք է առաջադրվել ողջ մնացած զինծառայողներից Ռադիկ Մաթևոսյանին, և նրա գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Անցնելով դատաքննությանը՝ Նորայր Նորիկյանը նշեց, որ գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանը մի քանի անգամ ընդգծել է, որ ինքն է վառել վառարանը։ «Չնայած, ես հատուկ ցանկանում եմ շեշտել, որ ինչպես Եղիշեն, այնպես էլ այս քրեական վարույթի ընթացքում նախաքննության փուլում ցուցմունք տված վկաները, տուժողները վարույթն իրականացնող մարմնից թաքցրել են մի քանի հանգամանքներ»,- նշում է Նորայր Նորիկյանը։

Եղիշե Հակոբյանը, ըստ Նորիկյանի, միայն դատական վարույթի ընթաքում է առաջին անգամ հայտարարել, որ վառարանը վառելու պահին իր հետ են գտնվել Ռադիկ Մաթևոսյանը և Լևոն Խառատյանը՝ թեև վերջիններս կտրականապես հերքում են այդ փաստը։

Զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցչի խոսքով՝ այս իրավիճակում հարցեր են առաջանում, թե ինչու են վարույթն իրականացնող մարմնից թաքցրել նրանք այդ հանգամանքը, և Եղիշե Հակոբյանն արդյոք ի՞նչ խնդիր է լուծում ներկայումս դրա մասին խոսելով։

«Այս գործով հարցաքննված չկա գեթ մեկ անձ՝ թե ողջ մնացած զինծառայողներ, թե այդ օրերին հարցաքննված սպաներ կամ այլ զինծառայողներ, որոնց տված ցուցմունքները միմյանց չհակասեն»,- ասում է փաստաբանը՝ նշելով, որ նույնիսկ իրենց ասածներն են հակասում իրար։

Փաստաբանն անդրադարձավ նաև հրդեհի բռնկման հնարավոր վարկածներին, ըստ այդմ՝ դիվերսիայի վարկածը շարունակում է հավանական մնալ․ «Պետական իրավասու մարմիններն այդպես էլ անխոցելիորեն չեն հերքել այդ վարկածը»,- ասում է Նորիկյանը։ Նա դիմել էր Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) որ համապատասխան ստուգում իրականացնեն՝ պարզելու Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը արտասահմանյան, այդ թվում՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև պարզել վերջիններիս կողմից նշված զինվորական կացարանը դիտավորությամբ հրդեհելու մասին Եղիշե Հակոբյանին համապատասխան հրահանգ տալու հնարավոր հանգամանքների առկայությունը։ Այս դիմումի համար հիմք է հանդիսացել զոհված զինծառայողների ծնողների և նրանց ներկայացուցչի այն տեղեկությունը, որ Եղիշե Հակոբյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում Երևանում բնակվող Իսրայելի մի քաղաքացու հետ։

ԱԱԾ-ն այդ դիմումնին ի պատասխան հայտնել է, որ դիմումն ընդունվել է ի գիտություն և նկատի կառնվեն դրանում նշված հանգամանքները։

Նորայր Նորիկյանը հայտնեց նաև, որ 2024թ․ դեկտեմբերի 18-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից իրեն է զանգել Եղիշե Հակոբյանը՝ հայտնելով գործի հանգամանքների վերաբերյալ որոշակի տեղեկություններ, մասնավորապես, վառարանը վառելու պահին իր հետ գտնվող անձանց՝ Ռադիկ Մաթևոսյանի, Լևոն Խառատյանի դերակատարության մասին, այդ օրերին սպաների և զինծառայողների միջև տեղի ունեցած որոշակի վեճերի մասին։ 

Ասուլիսին խոսեց նաև զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։ «Էս գործի մեջ ոչ մի բան պարզ չի, ավելի շատ խառնելուց բացի նրանք ոչ մի բան չեն անում։ Ինչքան շատ են դատարանում գալիս, հերթականությամբ ցուցմունք տալիս, էդքան հակասություններն ավելի են շատանում, էդքան հարցերն ու կասկածներն են ավելի շատանում»,- ասաց մահացած զինծառայողի հայրը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել