1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի խոսքով՝ Կրթության տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված են կրթության նկատմամբ վերահսկողության իրականացումը և կրթության որակի բարձրացումը, մինչդեռ տեսչական մարմնի վերահսկողության միակ գործիքն այս պահի դրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ստուգումներն են, որոնք չեն համապատասխանում այլևս այս բնագավառում վերահսկողության տրամաբանությանը:
Նախագծերի փաթեթով նախատեսվում են հետևյալ վերահսկողական մեխանիզմները. առաջինը տեսչավորումն է, որը լինելու է կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ՝ ուղղված կրթության բնագավառում պետական քաղաքականության ապահովմանը, առանձին ուսումնական հաստատությունում կրթության որակի գնահատմանը:
«Տեսչավորման արդյունքում կազմվող եզրակացությունը ներկայացվելու է ուսումնական հաստատության ղեկավարին և կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, ինչպես նաև տրամադրվելու է լիազոր մարմնին և հրապարակվելու է տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում»,- հայտնեց Մարտիրոսյանը:
Դիտարկումը երկրորդ գործիքակազմն է, որը ստացված գրավոր տեղեկությունների, դիմումների կամ բողոքների պարզաբանման նպատակով իրականացվող վերահսկողական գործառույթ է:
Նախագծով տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու նաև բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծառայության իրականացման լիցենզիայի առկայության, լիզենցիայի պայմանների և պահանջների նկատմամբ, որն այժմ վերապահված է լիազոր մարմնին՝ նախարարությանը:
Նախագծով սահմանվում են նաև, որ ուսումնական հաստատություններն իրենց հաշվետվությունները այսուհետ ներկայացնելու են ոչ թե լիազոր մարմնին, այլ հենց տեսչական մարմնին:
«Սույն նախագծերով կապահովվի կրթության բնագավառում տեսչական վերահսկողության համապարփակ կարգավորում՝ կրթության բնագավառի առանձնահատկությունների հաշվառմամբ»,- տեղեկացրեց նա:
comment.count (0)