news.am: Իսրայելն առաջարկել է Ուկրաինային փոխանցել ռուսական զենքը, որը գրավել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանում կամ խլել է Իսրայելի հակառակորդներից այլ վայրերում։ Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է Իսրայելում Ուկրաինայի դեսպանատունը։
«Հունվարի 21-ին կայացել է Իսրայելի պետությունում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկի եւ Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Շարեն Հասկելի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում դեսպանը երախտագիտություն է հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից զավթված ռուսական արտադրության զենքերն Ուկրաինային փոխանցելու առաջարկի համար»,- նշվել է հրապարակված հաղորդագրությունում։
Ուկրաինական կողմն ընդգծել է, որ Իսրայելի նախաձեռնությունը լուրջ քայլ է, որը հաստատում է Կիեւի եւ Թել Ավիվի համար ընդհանուր սպառնալիքների գիտակցումը։ Դեսպանությունը հույս է հայտնել, որ այս առաջարկը դրական լուծում կստանա։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ռազմական ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը, որը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի եւ Իսրայելի ազգային անվտանգության համար։ Ուկրաինայի դեսպանը նշել է, որ այդ սպառնալիքին արդյունավետ հակազդելը բխում է երկու պետությունների շահերից։
Բացի այդ, կողմերը քննարկել են բարձր մակարդակով երկկողմ շփումների ակտիվացման, ինչպես նաեւ տնտեսական, հումանիտար եւ հյուպատոսական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։
2024թ. աշնանը իսրայելական ցամաքային ուժերը Լիբանանի հարավում հայտնաբերել են «Հեզբոլլահի» ստորգետնյա բազա։ Օբյեկտն օգտագործվել է որպես «Ռադվան» էլիտար ստորաբաժանման հրամանատարական կենտրոն եւ ծառայել է որպես տարբեր տեսակի զինատեսակների, այդ թվում՝ ռուսական զենքերի պահեստարան։ Հայտնաբերված զենքերը ներառում են հրթիռներ, ականանետեր, Կալաշնիկով ինքնաձիգեր, զինամթերք, զրահաբաճկոններ եւ այլ հանդերձանք:
2024թ. դեկտեմբերին Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայել Բրոդսկին նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ փոխգործակցությունն ավելի է սերտացել, եւ փոխըմբռնումն ամրապնդվել է։ Նա ընդգծել է, որ Իսրայելի եւ Ուկրաինայի պատերազմները կապ ունեն, սակայն Իսրայելը կռվում է ահաբեկչության դեմ, իսկ Ուկրաինան պայքարում է միջուկային տերության դեմ։
comment.count (0)