Երևանի քաղաքապետարանը ուղիղ խոստովանել է, որ որևէ նոր հաշվարկ չկա, առաջնորդվել են մի հաշվարկով, որը նախկին իշխանությունները իրենք իրենցով մերժեցին՝ հասկանալով, որ այդ հաշվարկները սխալ են: Այս մասին տրանսպորտի թանկացման թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ընթերցելով Երևանի քաղաքապետարանի ուղարկած պաշտոնական պատասխանը այն հարցին, թե ինչ հիմքով է թանկացել տրանսպորտի սակագինը:
«Տրանսպորտի ոլորտում ծախսերի հաշվարիկի բաղադրիչների համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 24.09.2013թ․ N 4721-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչները Երևան քաղաքում ավտոբուսի ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ-հիմնավորումը, որի մասով կիրառվել է 2013-2024թթ. ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկված գնաճի միջինացված ցուցանիշ»,- պատասխանել են քաղաքապետարանից:
Ապա Պիպոյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվում ինքնարժեքը՝ նշելով, որ որքան օպտիմալ լինեն ծախսերը, և որքան շատ լինեն մուտքերը, այնքան ցածր է լինելու ինքնարժեքը: Այս առումով հարցադրումը եղել է՝ ինչ ծախսեր են արվել, և ինչ մուտքեր են դիտարկվել, որոնք ազդելու են տրանսպորտի ինքնարժեքի վրա:
«Վերջին տարիներին մայրաքաղաք ներկրված նոր ավտոբուսների վրա գովազդ չի տեղադրվել, և որպես դրամական մուտքեր դիտարկվում են բացառապես ուղևորափոխադրումներից գոյացող գումարները»,- քաղաքապետարանի պատասխանը ընթերցեց Պիպոյանը և հավելեց. «Ծախսերը դիտարկում են ամեն ինչը, ներառել են նաև մետրոյի ծախսերը, բայց մուտքեր դիտարկել են բացառապես ուղևորափոխադրման մուտքերը՝ մոռանալով՝ նույն մետրոյում ինչքան գովազդ կա»:
Պիպոյանի խոսքով սա ցույց է տալիս, որ նրանք «մենեջմենթին էլ չեն տիրապետում և թողնելու են ինքնահոսի»:
comment.count (0)