civilnet.am: Իրանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հարցն են քննարկել։ Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հունվարի 21-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, տնտեսության, առևտրի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության առանցքային հարցեր:
Փեզեշքիանն Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է համարել հարևան և մահմեդական պետությունների հետ հարաբերությունների զարգացումը: Ադրբեջանի հետ համագործակցությունը կարևոր համարելով՝ Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերի հետագա ընդլայնումը կհանգեցնի երկու երկրների ռազմավարական գործընկերության։
Մուստաֆաևն իր հերթին կարևորել է վերջին ամիսներին Իրանի նոր նախագահի ղեկավարության ներքո երկու երկրների միջև նկատվող դրական փոփոխությունները: Մուստաֆաևը նաև ընդգծել է Իրանի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում՝ նշելով, որ առկա խնդիրների լուծումը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով՝ առանց արտաքին ուժերի միջամտության:
Հունվարի 20-ին Իրանում էր նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Թեհրանում նա հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին:
«Անդրադառնալով երկու երկրների ընթացիկ քաղաքական երկխոսությանը՝ կարևորվել է հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Ընդգծվել է միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը:
Վահան Կոստանյանը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ», – նշվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ Վահան Կոստանյանն իրանցի պաշտոնյային է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և նույնն ակնկալում է Ադրբեջանից:
2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, երբ պաշտոնական Բաքուն սկսեց առավելապաշտական հայտարարություններով ու գործողություններով սպառնալ ՀՀ ինքնիշխանությանը, Իրանի նախկին և ներկա իշխանությունները հայտարարեցին, որ իրենց համար կարմիր գիծ է ՀՀ-Իրան սահմանի փոփոխությունը։ 2020 թվականից հետո Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները մի քանի անգամ սրվել են, երկու կողմերից կոշտ հայտարարություններ են հնչել միմիանց հասցեին, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ սկսելու կանխատեսումներ էին արվում, քանի որ Իրանը պարբերաբար Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ էր իրականացնում։
Ադրբեջանա-իրանական հարաբերությունների վերականգնումն սկսել է նախորդ տարի Իրանի նախկին Նախագահ Իբրահիմ Ռայիսիի՝ Ադրբեջան կատարած այցից հետո։ Իբրահիմ Ռայիսին և Իլհամ Ալիևն իրանա-ադրբեջանական սահմանին մասնակցել են Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությանը։
comment.count (0)