Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռը, որով արձանագրել է, որ խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին Անտոնյանին վճարել 3600 եվրո ոչ նյութական վնասի համար եւ 1420 եվրո ծախսերի համար։
Սուրեն Անտոնյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր 2009 թ․–ից, երբ 2022 թ․–ին, Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշմանը համաձայն չլինելով՝ Անտոնյանը դիմեց ՄԻԵԴ։
Այժմ ՄԻԵԴ–ն արձանագրել է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև հարաբերությունների մտերմությունը այնպիսին էր, որ կարող էր կասկածներ առաջացնել Անդրեասյանի անաչառության վերաբերյալ․ «Կ.Ա.-ն անմիջապես չի տեղեկացրել ԲԴԽ-ին իր ընկերության և կնոջ բիզնես կապերի մասին Գ.Մ.-ի հետ, ինչպես պահանջվում էր Դատական օրենսգրքի 71-րդ և 88-րդ հոդվածներով՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու նպատակով: Նույնիսկ Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի միջև ուղղակի ֆինանսական կապի բացակայության պայմաններում, այն փաստը, որ նրանք ընկերներ էին, և որ Կ.Ա.-ի կինը և Գ.Մ.-ն ունեին համատեղ բիզնես շահեր, պետք է զգուշացներ նրան, որ իր անաչառությունը կարող է կասկածի տակ դրվել, և պետք է հանգեցներ 71(1) հոդվածով նախատեսված ծանուցման»,– ասված է վճռում։
ՄԻԵԴ–ն արձանագրել է, որ իր որոշման մեջ ԲԴԽ-ն հղում է կատարել այն փաստին, որ Գ.Մ.-ն փոխանցել է իր բաժնեմասերը հավատարմագրային կառավարման, և որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական կազմի միայն մեկ անդամի անաչառության բացակայությունը չի կարող կասկածի տակ դնել ողջ մարմնի անաչառությունը։ Սակայն Դատարանի համար այս փաստարկումը համոզիչ չի գնահատվել, ավելին, Դատարանը նշել է, որ այս փաստարկները ի վիճակի չէին փարատել դիմումատուի մտավախությունները Կ.Ա.-ի անաչառության վերաբերյալ․
«Մասնավորապես, ԲԴԽ-ն անդրադարձել է միայն դիմումատուի պնդմանը Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի կնոջ միջև տնտեսական կապերի վերաբերյալ՝ առանց որևէ պատասխան տալու դիմումատուի կոնկրետ փաստարկներին Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի սերտ անձնական հարաբերությունների և դրանց՝ Կ.Ա.-ի որոշումների կայացման վրա ազդելու հնարավորության վերաբերյալ»։
Անդրադառնալով ԲԴԽ այն փաստարկին, որ Կ.Ա.-ն եղել է ԲԴԽ-ի ութ անդամից միայն մեկը, իսկ դիմումատուի գործը որոշվել է միաձայն, Դատարանը նշել է հետևյալը․ «Rustavi 2 Broadcasting Company Ltd and Others » գործում, որին հղում են կատարել ԲԴԽ-ն և Կառավարությունը, Դատարանը հաշվի էր առել նաև այն փաստը, որ Գերագույն դատարանի նախագահի բացարկի վերաբերյալ դիմումատուների միջնորդությունը լրջորեն քննվել էր այդ դատարանի կողմից՝ հղում կատարելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, ի տարբերություն սույն գործի»,– նշել է Դատարանն ու ընդգծել, որ տվյալ գործում Կ.Ա.-ն եղել է ԲԴԽ նախագահը և դիմումատուի գործով զեկուցողը, որը ղեկավարել է քննարկումները։
Ամբողջական վճիռը կարող եք կարդալ այս հղմամբ
comment.count (0)