ՀՀ ՄԻՊ-ն այց է իրականացրել զորամասեր և մարտական դիրքեր
17:02 - 29 հունվարի, 2025

ՀՀ ՄԻՊ-ն այց է իրականացրել զորամասեր և մարտական դիրքեր

Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր և մարտական դիրքեր:

Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, Պաշտպանն ու զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը քննարկել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի տարաբնույթ հարցեր, այդ թվում՝ զինծառայողների առողջական վիճակի, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների, զորքերում կարգապահության, սպա-հոգեբանի ինստիտուտի, ինչպես նաև զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկը, զորամիավորման հրամանատարի, բարձրաստիճան սպայական անձնակազմի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին:

Մարտական դիրքերում Պաշտպանն ու աշխատակազմը ծանոթացել  են մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:

Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։ 

Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։ 

Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել