Մխիթար Հայրապետյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են ԵՄ վերազգային ՏՏ ընկերություններին Հայաստան ներգրավելու հնարավորությունը
20:26 - 29 հունվարի, 2025

Մխիթար Հայրապետյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են ԵՄ վերազգային ՏՏ ընկերություններին Հայաստան ներգրավելու հնարավորությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները քննարկելու և զարգացնելու նպատակով:

Նախարար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթությունները՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև թվայնացման ոլորտ, տիեզերական տեխնոլոգիաներից մինչև կիբեռանվտանգություն, անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրին և այլ նախաձեռնությունների։

Անդրադառնալով Գերմանիայի հետ տեխնոլոգիական ոլորտում երկուստեք փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ կողմերը նախանշել են հնարավոր մի շարք ուղղություններ՝ մասնավորապես կարևորելով գերմանական և ԵՄ խոշոր վերազգային ՏՏ ընկերություններին Հայաստան ներգրավելու, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև կիսահաղորդչային բաղադրիչների և միկրոէլեկտրոնիկայի նախագծման և արտադրության բնագավառներում համագործակցության առկա հնարավորությունները:

Կլաուդիա Բուշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է թվայնացման ոլորտում Հայաստանի հետ իրականացվող համատեղ ակտիվ աշխատանքները, անդրադարձել է նախարարի կողմից առաջ քաշվող փոխհամագործակցության հնարավորություններին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցությունը խորացնել կարողությունների զարգացման, ստարտափների, տեխնոինդուստրիայի և ոլորտի զարգացմանը նպաստող այլ ուղղություններով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ընդլայնման, հետագա քայերի և անելիքների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել