Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող բոլոր անհատական դիմումները ՍԴ-ն մերժել է 
 |hetq.am|
17:00 - 30 հունվարի, 2025

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող բոլոր անհատական դիմումները ՍԴ-ն մերժել է |hetq.am|

hetq.am: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2020թ․ մայիսի 23-ից, Սահմանադրական դատարանը (ՍԴ) օրենքի դրույթների սահմանադրականության վիճարկման պահանջով ստացել է 11 դիմում։ Այդ բոլոր դիմումները ՍԴ-ն մերժել է։ Մերժման հիմքերը տարբեր են՝ դիմումի ներկայացման ժամկետների խախտումներից մինչև ընթացակարգային և բովանդակային այլ խախտումներ։ 

Դիմումատուների թվում են նախկին ու ներկա պաշտոնյաներ, նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով։ 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկվում է նաև պատգամավորների մեկ հինգերորդի կողմից։ Շուտով կլրանա 3-րդ տարին, ինչ ՍԴ-ն քննության է ընդունել գործը։ Հիմք ընդունելով գործով զեկուցող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկությունը՝ 2023թ․ հուլիսի 7-ին ՍԴ-ն որոշել է Գլխավոր դատախազությունից ապացույցներ պահանջել և այդ կապակցությամբ գործի վարույթը կասեցնել։

«Հետքը» նախկինում գրել է, որ դատախազությանը 21 կետից բաղկացած հարցում էր ուղարկվել։ Վարույթը կասեցվել է մինչև պահանջվող տեղեկությունների և այլ ապացույցների ստացումը: Դատարանը ստացման ժամկետ չի սահմանել: Այսինքն, երբ դատախազությունը Սահմանադրական դատարանին ներկայացներ հարցադրման պատասխանները, վարույթի քննությունը կշարունակվեր: 

Հարցադրումները բարդ չէին։ ՍԴ-ն հիմնականում պահանջել է վիճակագրական տվյալներ և օրենքի մեկնաբանություններ՝ իրավակիրառ պրակտիկայում, հետևաբար ենթադրվում էր, որ պետք է արագ պատասխանեին, ու գործի քննությունը շարունակվեր: Օրինակ՝ ՍԴ-ն հարցրել է, թե արդյոք Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվում է աշխատանքային պլանավորմամբ, քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023թ. հուլիսի 7-ը, քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույք, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ, ինչպիսի՞ն է ուսումնասիրությամբ ներգրավված անձանց տարիքային կազմը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում անձի այնպիսի եկամուտները գնահատելիս, որոնք ենթակա չեն եղել հարկման, ուսումնասիրություն սկսելու քանի՞ որոշման դեմ է բերվել հայցադիմում կամ բողոք, քանի՞սն են բավարարվել, քանի՞սն են գտնվում քննության փուլում և այլն:

Գլխավոր դատախազությունից մեզ հայտնել էին, որ Սահմանադրական դատարանի հարցադրումներին պատասխանել են դեռևս 2023թ․ սեպտեմբերին:

2023թ. ապրիլին Սահմանադրական դատարանը ստացել է նաև Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») կարծիքը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:

2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի մասին խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Հիմնավորումն այն էր, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Սահմանադրական դատարանից հետաքրքրվել ենք, թե, ի վերջո, ե՞րբ որոշում կկայացնեն։ 

«Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի վիճարկման գործով ՍԴ-ի որոշման ժամկերտների մասին հնարավոր կլինի խոսել վերոնշյալ գործի վարույթը վերսկսելուց հետո։ Կանխատեսելով վարույթը վերսկսելու վերաբերյալ հնարավոր հարցը, տեղեկացնում ենք, որ գործի վարույթը կարող է վերսկսվել «Սահմաադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու հիմքերի վերանալուց հետո»,- հայտնում են Սահմանադրական դատարանից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել