ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ տարածված տեսանյութին, որտեղ մի խումբ անձինք ադրբեջաներեն երգ էին երգում։
«Ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝
Միլադ Ղահրամանիաֆշար
Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու
Մեհդի Մոհամմադի
Համեդ Ազիզի Մալեկի
Նադեր Ղաֆարի
Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում բարձրաձայն Ղարաբաղի մասին ադրբեջանական երգ երգում: Սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել տեսանյութը և քննարկումների առիթ դարձել՝ մասնավորապես այն համատեքստում, որ երգողները ադրբեջանցիներ են:
comment.count (0)