Նոր մանրամասներ՝ Հանրապետության հրապարակում նկարհանված տեսանյութից․ ԱԱԾ
12:10 - 01 փետրվարի, 2025

Նոր մանրամասներ՝ Հանրապետության հրապարակում նկարհանված տեսանյութից․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել հունվարի 30-ին համացանցում տարածված այն տեսանյութի վերաբերյալ, որում մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում բարձրաձայն ադրբեջանական երգ են երգում Ղարաբաղի մասին:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե», - նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղը ԱԱԾ-ն պարզաբանում էր տարածել, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։

Հունվարի 30-ին համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում բարձրաձայն ադրբեջանական երգ երգում Ղարաբաղի մասին: Սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել տեսանյութը և քննարկումների առիթ դարձել մասնավորապես այն համատեքստում, որ երգողները ադրբեջանցիներ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել