Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց
01:53 - 02 փետրվարի, 2025

Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Երևանի Հանրապետության հրապարակում բարձրաձայն ադրբեջանական երգ երգող մի խումբ անձանց տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց։ Այս մասին «Ինֆոքոմին» հայտնել է Բաբայանի պաշտպան Վադիմ Հայրապետյանը։ 

Երեւանի քրեական դատարանը, դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, որոշեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը։

Բաբայանը ձերբակալվել էր այսօր։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Միջնորդության հարցով նիստը ընթանում էր Աջափնյակի դատարանում։ Տասնյակ քաղաքացիներ Բաբայանին ազատ արձակելու պահանջով դատարանի դիմաց էին։ Դատական նիստի ընթացքում թե՛ դեպի Աջափնյակի դատարան տանող ճանապարհին, թե՛ դատարանի բակում ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակված։ Հաջակցություն Բաբայանի հավաքված մարդկանց թիվը ևս ավելանում էր։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում բարձրաձայն ադրբեջանական երգ երգում Ղարաբաղի մասին: 

ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ նշված անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ 

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրության տարածեց այն մասին, որ, տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք տարածելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում: Տվյալ պարագայում սահմանափակվել է նրա հրապարակային խոսքի իրավունքը, ինչը, պաշտպանների մեկնաբանմամբ, «դարձյալ իրավունքից նահանջ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել