Բացի ներկ փչելուց՝ քարեր են նետել գնացքի ուղղությամբ. մետրոյում խուլիգանություն իրականացրած քաղաքացիների ինքնությունը պարզվել է
11:54 - 03 փետրվարի, 2025

Բացի ներկ փչելուց՝ քարեր են նետել գնացքի ուղղությամբ. մետրոյում խուլիգանություն իրականացրած քաղաքացիների ինքնությունը պարզվել է

Փետրվարի 1-ին, ժամը 21։32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:

Ոստիկանությունից հայտնում են, պարզվել է կատարողների ինքնությունը։

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել