Այսօր առավոտյան Կարինե Շ․-ն իրեն սպասարկող բանկի օնլայն դրամապանակում տեսել է ծանուցում այն մասին, որ Telcell-ը փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը որպես տրանսպորտի վճար գանձել է 150 դրամ։ Սա այն պարագայում, երբ նա վերջին անգամ հանրային տրանսպորտից օգտվել է հունվարի վերջին, երբ մեկ ուղեւորության արժեքը եղել է 100 դրամ։
«Սկզբում մտածեցի՝ քարտս եմ կորցրել, որովհետեւ այն Telcell-ի օնլայն դրամապանակին կցված չէ, ուրեմն հավանաբար ֆիզիկական վճարում է եղել։ Բայց երբ ստուգեցի, որ քարտս ինձ մոտ է, սպասարկող բանկից փորձեցի ճշտել՝ գուցե տեխնիկական խնդիր է։ Բանկից առաջարկեցին դիմել Telcell-ին, մեկ անգամ փորձեցի զանգով ճշտել, սակայն զանգս անպատասխան մնաց»,- «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց քաղաքացին։
Քաղաքապետարանի որոշմամբ փետրվարի 1-ից է մեկ ուղեւորության արժեքը սահմանվել 150 դրամ՝ 100-ի փոխարեն։ Բացի Կարինեից՝ մի շարք այլ քաղաքացիներ էլ են նկատել, որ փետրվարի 1-ին 100 դրամի փոխարեն Telcell-ը 150 դրամ է գանձել իրենց՝ նախորդ օրերին մերժված վճարումների դիմաց։
Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումների ֆոնին քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել նաեւ միասնական տոմսային համակարգի այս եւ այլ խնդիրների մասին։
Ըստ Telcell-ի՝ միշտ չէ, որ ուղեւորավարձը գանձվում է հենց այն պահին, երբ տրանսպորտի մեջ եք
Telcell-ի փոխտնօրեն Լիանա Հունանյանի մեկնաբանմամբ՝ վալիդատորներն աշխատում են օֆլայն՝ տարբերվելով, օրինակ, խանութներում կիրառվող պոստերմինալներից, որոնք աշխատում են օնլայն․ «Վալիդատորներն աշխատում են օֆլայն, այսինքն՝ ինտերնետին կպած չեն։ Այն պահին, երբ ուղեւորն առաջին անգամ իր քարտը մոտեցնում է վալիդատորին, սարքն անգամ չգիտի՝ այդ քարտի մեջ գումար կա, թե ոչ կամ ինչ կարգավիճակում է քարտը։ Դրա համար առաջին անգամ ասում է՝ վճարումը կատարված է՝ ընկերության վրա թողնելով ռիսկը»։
Մանրամասնելով, թե ինչպես է աշխատում օֆլայն համակարգը՝ Հունանյանն ասաց, որ քարտով վճարման գործողությունից հետո վալիդատորը կապի է մտնում սերվերի հետ, փոխանցում է վճարման մասին իֆորմացիան, սերվերը փորձում է ուղեւորի քարտից գանձել գումարը, իսկ այդ գործընթացը կարող է տեւել 10 վայրկյանից մինչեւ 10 րոպե եւ ավելի երկար։ Ըստ մեր զրուցակցի՝ եթե համակարգին չի հաջողվում գումարը գանձել այդ պահին, նույն փորձը անում է 1 ժամից, 1 օրից, 1 շաբաթից, 1 ամսից, 2 ամսից․ «Հիմա մարդիկ ասում են՝ ես քնած էի, իսկ իմ քարտից գումար է գանձվել։ Այդ գումարը ոչ թե հավելյալ է, այլ այն վճարն է, որը համակարգը չի կարողացել գանձել հենց այդ պահին եւ գանձել է հետո։ Ինչու գիշերը, որովհետեւ այդ ժամանակ համակարգը պակաս ծանրաբեռնված է»,- մանրամասնեց Հունանյանը։
Ըստ Telcell-ի փոխտնօրենի մեկնաբանության՝ սարքն ուղեւորավարձի վճարը մերժում է մի քանի դեպքում․ երբ վալիդատորն անսարք է, երբ քարտի վրա գումար չկա, երբ քարտի վրա գումար կա, բայց գերազանցվել է քարտով գործարքների սահմանաչափը կամ երբ քարտի վրա գումար կա, բայց գերազանցվել է գործարքի գումարի սահմանաչափը․
«Եթե դուք բանկային քարտ ունեք եւ բանկի օնլայն դրամապանակ, մտնեք ձեր քարտի սահմանաչափերը նայեք, այնտեղ կա սահմանաչափ մեկ օրվա գործարքի մասով, գործարքների քանակի մասով։ Օրինակ՝ երբ օնլայն խանութից գնում ենք կատարում, մեզ թվում է 1 անգամ վճարեցինք մի քանի ապրանքի համար, բայց իրականում ամեն ապրանքի համար գումարը գանձվում է առանձին, ստացվում է մի քանի գործարք, ու կարող է այդ օրվա գործարքների սահմանաչափն անցնեք։ Ինչ է անում սերվերը․ ստուգում է՝ մնացորդ կա՞, սահմանաչափը չի՞ գերազանցվել, եթե ամեն ինչ կարգին է, վճարումը չի մերժում»,- ասաց Հունանյանը՝ դարձյալ շեշտելով, որ մերժված գործարքների պարագայում համակարգն ավելի ուշ նորից փորձում է գանձել գումարը։
Նշենք, որ Հունանյանը որպես օնլայն խանութ օրինակ է բերում «Վայլդբերիսը», որտեղից, սակայն, միանգամից մի քանի ապրանք գնելու պարագայում քարտից գումարը գանձվում է մեկ անգամով։
Ինչ վերաբերում է սահմանաչափերին՝ «Ինֆոքոմը» Հայաստանում գործող երկու բանկից ճշտել է, որ հաճախորդները անկանխիկ գնումների քանակի կամ անկանխիկ գործարքի գումարի սահմանափակում չունեն։
Եթե այսօր ես նստել եմ X համարի ավտոբուս, վալիդատորը հաստատել է իմ վճարումը, սակայն համակարգն այդ պահին չի կարողացել գանձել գումարը, տարբեր պահերի փորձելու է այդ գործողությունը անել։ Հետո ես նստել եմ Y ավտոբուս, վալիդատորը մերժել է վճարումը, սակայն ավելի ուշ ես տեսել եմ, որ ինձնից գանձվել է մեկ ուղեւորության արժեք։ Դա, փաստորեն, ըստ Լիանա Հունանյանի, ոչ թե հենց այնպես գանձնված գումար է, այլ այն մեկը, որը հաստատվել էր, սակայն չէր գանձվել։ Միաժամանակ, ստացվում է, որ երբ Y ավտոբուսում վալիդատորը մերժում է, որպեսզի գնա ու գանձի այն X ավտոբուսով երթեւեկելու վճարը եւ ես այս Y-ում մերժվելուց հետո այլ եղանակով չեմ վճարում, եւ չեմ էլ իջնում ավտոբուսից, երթեւեկում եմ առանց վճարելու։ Հետագայում, երբ համակարգը այն 1 չգանձածը գանձում է, քարտը նորից ակտիվանում է ու վալիդատորները շարունակում են ընդունել այդ քարտով ֆիզիկական վճարումները։
Telcell-ն ընդունում է, որ 100-ի փոխարեն 150 դրամ գանձելն իրենց բացթողումն է
«Երբ փետրվարի 1-ին անցում է կատարվել 100 դրամից 150-ի, մեր համակարգի ֆունկցիոնալը սխալ է դրված եղել, ու հին պարտքերը գանձվել են 150 դրամով։ Մենք բողոքներ ենք ստացել եւ միանգամից այդ սխալն ուղղել ենք։ Մենք ընդունում ենք, որ դա մեր բացթողումն է եղել»,- ասաց Telcell-ի փոխտնօրենը։
Հունանյանի խոսքով՝ կոնկրետ Կարինեի դեպքում խնդիրը պայմանավորված է երթուղիներից մեկում տեղադրված վալիդատորի անսարքությամբ։ Նա մանրամասնեց, որ հունվարի 7-ին 55 համարի երթուղում տեղադրված վալիդատորը սարքին չի եղել ու չի կարողացել գանձել ուղեւորների վճարումները, այդ թվում Կարինեի քարտից։ Հետո, երբ վալիդատորի աշխատանքը վերականգնվել է, այն սկսել է չկատարած բոլոր գործարքների գումարները գանձել։ Այնպես է ստացվել, որ հունվարի 7-ին կատարած ուղեւորության գումարի գանձումը համընկել է այդ խափանման հետ, ու քաղաքացուց գանձվել է 150 դրամ։ Telcell-ը վերցրել է քաղաքացու տվյալները՝ խոստանալով վերադարձնել հավելյալ գանձած գումարը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք քարտով ֆիզիկական վճարումների դեպքում Telcell-ը հասանելիություն ունենո՞ւմ է քաղաքացու տվյալներին, Հունանյանը վստահեցրեց, որ ընկերությունը տեսնում է միայն բանկային քարտի թվերի կեսը եւ այն տվյալները, թե երբ եւ որ ավտոբուսում տեղադրված վալիդատորով է եղել վճարումը։
Քաղաքացին պնդում է՝ վալիդատորը 5 անգամ մերժել է քարտով վճարումը, բայց 5 անգամ էլ գանձում է արել
«Ինֆոքոմի» հետ զրույցում քաղաքացի Նաիրա Գրիգորյանն ասաց, որ որոշ ժամանակ առաջ 26 համարի ավտոբուսում առավոտյան փորձել է բանկային քարտով վճարել ուղեվարձը, սակայն 5 փորձից 5-ն էլ մերժվել են։ Ավելի ուշ նա ստուգել է իր հաշիվը եւ նկատել, որ 500 դրամ պակաս է իր ունեցած գումարից․ «Ավտոբուսի մեջ կասկածեցի՝ կարո՞ղ է գումար չկա քարտիս, բայց իջա, բանկոմատով ստուգեցի, գումարը պակասել էր։ Երբ փորձում ես բանկային քարտով վճարել, այդ պահին վալիդատորը մերժում է, բայց իրականում գումարը գանձում է»,- ասաց Գրիգորյանը։ Մեր զրուցակիցը չի դիմել իր բանկին, քանի որ բանկի օնլայն դրամապանակ ունի, Telcell-ին էլ չի դիմել, քանի որ իր գործընկերը դիմել է մի այլ խնդրով, սակայն լուծում չի ստացել։
Անդրադառնալով այս խնդրին՝ Telcell-ի փոխտնօրենն ասաց, որ գործնականում նման դեպքի մասին առաջին անգամ են լսում եւ առանց հավելյալ տվյալների չեն կարող մեկնաբանել, թե իրականում ինչն է եղել պատճառը։ Հունանյանն առաջարկեց, որ քաղաքացիները տոմսային համակարգին առնչվող ցանկացած խնդրի դեպքում դիմեն Telcell—ին, որպեսզի յուրաքանչյուր հարց առանձին դիտարկվի եւ լուծվի։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)