Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ակցիան շարունակվում է․ քաղաքացիները տարբեր դիրքորոշում ունեն
16:31 - 04 փետրվարի, 2025

Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ակցիան շարունակվում է․ քաղաքացիները տարբեր դիրքորոշում ունեն

Տրանսպորտի սակագնի փոփոխության դեմ ակցիաները շարունակվում են։ Ակցիայի շրջանակում Հայկ Մարությանը և համակիրները մտնում են տարբեր երթուղայիններ, հորդորում քաղաքացիներին վճարել 100 դրամ։ 

Քաղաքացիները հիմնականում բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ, նրանցից մեկը նշեց․ «Իշխանությանը պետք է զրկել պադավատներից և թող իրենք տրանսպորտով երթևեկեն։ Իրենց գրպաններին կպնել հնարավոր չի, մենակ ժողովրդի գրպաններին, իրենց շատ պե՞տք ա՝ ես 100 կվճարեմ, 200 թե 300»։ Բոյկոտող մեկ այլ քաղաքացի նշեց․ «Ես 75 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, ինչքա՞ն տամ տրանսպորտին»։

Կան քաղաքացիներ, որոնք նշում են՝ իրենք ևս դեմ են թանկացմանը, բայց 150 դրամը վճարում են․ «Վճարում եմ, որովհետև հենց ժողովուրդն է քո վրա կռիվ տալիս․․․ Ասում են՝ վճարեք»։

Քաղաքացիների մի մասին կարծիքով էլ 150 դրամ վճարելը նորմալ է․ «Տեսե՞լ եք տրանսպորտների որակը, այո, նորմալ է, եթե ուզում ես լավ ապրել, պետք է վճարես»։

Նշենք, որ ավտոբուսների մեջ ժամանակ առ ժամանակ վեճ է սկսվում ինչպես տարբեր տեսակետներ ունեցող քաղաքացիների միջև, այնպես էլ քաղաքացիների և ակցիայի մասնակիցների միջև։ 

Վեճ տեղի ունեցավ նաև ավտոբուսի վարորդի և բոյկոտող քաղաքացու միջև։ Վարորդը հորդորում էր չդնել մանրադրամը ավտոբուսի մեջ՝ նշելով, որ այդ 100 դրամի պատճառով կարող է կորցնել իր աշխատանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել