«Գազան կարող է դառնալ Մերձավոր Արևելքի Ռիվիերան». ինչ են խոսել Թրամփն ու Նեթանյահուն |civilnet.am|
12:11 - 05 փետրվարի, 2025

«Գազան կարող է դառնալ Մերձավոր Արևելքի Ռիվիերան». ինչ են խոսել Թրամփն ու Նեթանյահուն |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փետրվարի 4-ի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։

«ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ աշխատանքներ կիրականացնենք։ Մենք պատասխանատու ենք լինելու տարածքում գտնվող բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զինատեսակներն ապամոնտաժելու, տարածքը հարթեցնելու և ավերված շենքերից ազատվելու համար: Տարածաշրջանի մարդկանց համար կստեղծենք տնտեսական զարգացում, անսահմանափակ աշխատատեղեր և բնակարաններ», – ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան, վերածվել «մի հրաշալի տեղի»։

Նա Գազայի հատվածն անվանել է «քանդման ենթակա տարածք»։

Ելույթ ունենալով Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ՝ Թրամփը Գազայի բնակիչներին առաջարկել է տեղափոխվել Մերձավոր Արևելքի պետությունների կողմից տրամադրված նոր տարածք կամ տարածքներ: ԱՄՆ նախագահը մասնավորապես մատնանշել է Եգիպտոսն ու Հորդանանը։ Թրամփի խոսքով՝ իրենք կարող են հոգալ նաև համապատասխան ծախսերը։

Արաբական երկրները դեմ են Թրամփի ծրագրին

Դեռ հունվարի վերջին Թրամփն արաբական երկրներին կոչ էր արել ավելի շատ փախստականներ ընդունել Գազայի հատվածից՝ ասելով, որ նրանք պետք է պաղեստինցի արաբների համար բնակարաններ կառուցեն գոտուց դուրս, «որտեղ նրանք, հավանաբար, կարող են խաղաղ ապրել»:

Փետրվարի 1-ին Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Կատարի արտգործնախարարները մերժել են Թրամփի առաջարկը Գազայի հատվածի բնակիչներին արաբական այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ։ Համատեղ հայտարարության մեջ արտգործնախարարները դեմ էին արտահայտվել «պաղեստինցիների տեղահանմանը կամ իրենց հողերից վտարմանը»:

«Համաս» խմբավորումը դատապարտել է

Պաղեստինյան «Համաս» խմբավորումը դատապարտել է Թրամփի առաջարկը՝ որակելով այն «տարածաշրջանում քաոս և լարվածություն ստեղծելու բանաձև»։

«Գազայի հատվածում մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այդ ծրագրերն իրականանան», – ասված է խմբավորման հայտարարության մեջ:

Ըստ Al-Jazeera-ի, Թրամփի և Նեթանյահուի հանդիպմանը զուգահեռ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Սպիտակ տան մոտ՝ «Պաղեստինը չի վաճառվում» կարգախոսով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել