news.am: Այս օրենքը առանց քննարկելու մտցրել են ու ընդունել են, հիմա այդ օրենքը մենակ կարող հանել է Նիկոլ Փաշինյանը, ինքն է հեղինակը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց շրջանառության հարկը բարձրացնելու դեմ բողոքի ակցիայի մասնակից տնտեսվարողներից մեկը:
«Մեզ կանչում են, ֆինանսների փոխնախարարը, հարկայինի պետը, հարցի լուծում չեն տալիս: Մեր պահանջն այն է, որ այդ օրենքը, որ հապշտապ մտցրին, պիտի հետ կանչեն։
Նիկոլ Փաշինյանը ելավ, ասեց՝ մի երկու-երեք ամիս այդ օրենքը մտցնենք, տեսնենք ում վրա է ազդում, ինչ հետևանքներ է տալիս, նոր մի բան կանենք, բայց սխալ է դա։ Այդ երկու-երեք ամսում շատերը կփակվեն: Եթե մարդը տեսնում է, որ աշխատում է, վնաս է կրում, պիտի փակվի:
Առևտուրն էլ կանգնած է, չկա առևտուր, հարկային պետը ասեց՝ մենք գիտենք: Բա որ գիտեք, ինչի եք այդ օրենքը հիմա մտցնում: Վերևից արձագանք չկա, միայն Փաշինյանը այդ հարցը պիտի լուծի»,-ասաց նա:
«Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողներից Արթուրն էլ հավելեց. «Քանի որ առեւտուր չկա, իրենց գումարը պակասում է, դրա համար հարկերը բարձրացնում են ու իրենց ամսվա գումարը գա կանգնի նույն մակարդակի վրա:
Երբ մարդը ապրանքը ներմուծում է, մաքսազերծման ժամանակ արդեն մինչև 32% հարկ է տալիս, դրանից հետո էլ ի՞նչ 10% տա, ինչի՞ համար տա, բա այդ մարդը ինչո՞վ ապրի: Ամեն ինչ արվում է նրա համար, որ համ քո վաստակած գումարը իրենց տաս, վերջում էլ գան, քեզ տուգանեն։ Ամեն ինչ արվում է մարդկանց տուգանելու համար: Ընկեր Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի: Ասում է՝ հերոս են, ժողովրդի կաշին քերթեցիք, հերոս մնա՞ց: Հասկացանք՝ հարկերը պիտի մուծենք պետության համար»:
Նշենք, որ հունվարի 1-ից շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս, եթե տնտեսվարողի գործունեությունը փաստաթղթավորած չէ: Եթե շրջանառությունը փաստաթղթավորված է, ապա հարկը 1 տոկոս է, սակայն փոքր ու միջին տնտեսվարողները պնդում են, որ իրենց դեպքում անհնար է փաստաթղթավորված գործունեությունը իրականացնել:
comment.count (0)