news.am: Շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայում նախատեսող նախագիծը մանրամասն քննարկվել է բոլոր հնարավոր հարթակներում անցյալ տարվա գարնան և ամառվա ամիսներին և հունիսին ընդունվել է Ազգային ժողովի կողմից. Դրա կիրառության սկզբի համար կար առնվազն վեց ամիս ժամանակահատված: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոսի բարձրացնելը չի բերի շղթայական թանկացումների:
«Ես համաձայն չեմ այն որակումներին, որ շրջանառության հարկի գծով բեռը բարձրացել էր։ Շրջանառության հարկի համակարգում վերանայվել է իրացման շրջանառության նկատմամբ կիրառվող դրույքաչափը: Այո, այս դրույքաչափը բարձրացել է, բայց զուգահեռաբար շատ լայն ազատական հնարավորություններ են տրվել շրջանառության հարկ վճարողներին, որպեսզի իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորեն և կարողանան հարկը համապատասխան չափով նվազեցնել։
Ի՞նչն է այստեղ կարևոր, որ ձեռքբերումները պատշաճ փաստաթղթավորող հարկ վճարողների համար վերջնարդյունքում ոչ միայն հարկային բեռի բարձրացում կարող է չլինել, այլ ճիշտ հակառակը՝ կարող է լինել նաև հարկային բեռի նվազեցում։ Հետևաբար պնդումը, որ մենք շրջանառության հարկի գծով բեը բարձրացրել ենք, ընդունելի չէ: Մենք ընդամենը վերանայել ենք հարկման համակարգը, որը հնարավորություն է տալիս ընդհուպ նվազեցնել հարկային բեռը»,-ասաց փոխնախարարը:
Դիտարկմանը, որ արդեն ծառայությունների գները բարձրացել են, նա արձագանքեց. «Այդ հարցը մեզ էլ է հետաքրքրում, թե ինչու կարող են բարձրացրած լինել, Նախ եկեք ամրագրենք, որ շրջանառության հարկի դեռ անգամ առաջին հաշվետու եռամսյակը չի ավարտվել, որպեսզի նրանք վերջնական պատկերացում ունենան իրենց հարկային բեռի մասին:
Թանկացումներ կարող են լինել ամենատարբեր պատճառներով, պետք է դրա պատճառը հասկանալ: Կարող են լինել այդպիսի մեկնաբանություններ, որ պատճառը շրջանառության հարկի փոփոխությունն է, հարցն այն է՝ որքանով են դրանք հիմնավոր, որքանով են դրանք փաստարկված:
Մենք մանրամասն, այդ թվում՝ օրինակներով, թվերով ներկայացրել ու հիմնավորել ենք, որ կատարված փոփոխությունները, կրկնում եմ, ոչ միայն հարկային բեռի բարձրացում չեն ենթադրում, այլ նաև ենթադրում են հարկային բեռի նվազեցում, որովհետև կատարված փոփոխությունները ենթադրում են մեխանիզմի ներդրում, որի պարագայում շրջանառության հարկ վճարողները պետք է իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորեն: Եթե չեն հիմնավորում փաստաթղթերով, առաջանում են տարբեր խնդիրներ։
Այ այստեղ է անհավասարություն առաջանում, երբ որ իրականում չափերով մեծ հարկ վճարողները իրացման շրջանառությունների իրական ծավալները թերի հայտարարագրելով արհեստականորեն հայտնվում են իրենց համար չնախատեսված միջավայրում՝ շրջանառության հարկի համակարգում: Դրանով նրանք անհավասար մրցակցության մեջ են մտնում իրականում փոքր հարկ վճարողների հետ»:
Անդրադառնալով կառավարության շենքի դիմաց շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողներին, փոխնախարարն ասաց. «Մենք խնդրել ենք նամակով, որպես հավաքական դիրքորոշում ստանալ իրենց անհանգստացնող հարցերը և շատ օպերատիվ մենք այդ արձագանքը կունենանք»:
Հարցին՝ այս որոշումից նահանջ չի՞ լինելու, Արման Պողոսյանը պատասխանեց. «Նահանջ եզրույթը երևի ճիշտ եզրույթ չէ: Ամեն քայլի համար պետք են հիմնավորումներ, փաստարկներ, մենք չենք տեսնում այս պահին որևէ փաստարկ, հիմնավորում, պատճառ, կատարված օրենսդրական փոփոխությունը վերանայելու»:
comment.count (0)