Կառավարության հարկային քաղաքակությունն՝ ուղղված բարձր տեխնոլոգիական ընկերություններին, չի լուծում ոլորտի խնդիրն ու մի շարք հարցեր է առաջացնում։ Այս դիրքորոշումն ունի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), որը միավորում է 200-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններ։
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև խորհրդի անդամներ Արտավազդ Մինասյանն ու Գևորգ Սաֆարյանը ներկայացրին, թե որոնք են հարկային քաղաքականության խնդիրները, ինչ մտահոգություններ ունի տեխնոլոգիական համայնքը, և ինչու չի ստացվում կառավարության հետ երկխոսությունը։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն ասուլիսի սկզբում հստակեցրեց՝ Միությունը ոչ թե կառավարությունից աջակցություն է խնդրում, այլ ահազանգում է ռիսկերի մասին․ «Հայաստանը՝ որպես միջավայր, օրեցօր կորցնում է իր մրցունակությունը այլ էկոհամակարգերի նկատմամբ, և մենք վերջին երկու տարվա ընթացքում տեսնում ենք կրճատվող էկոհամակարգ։ ․․․․ 2024 թվականին 2023-ի նկատմամբ 5000-ով պակասել է մեր ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների քանակը, և 2000-ով կրճատվել են աշխատանքային հաստիքները։ Սա վերջին 25 տարվա ընթացքում պատմական աննախադեպ անկում է»։
Նա նաև հստակեցրեց՝ ոլորտի ընկերությունները չեն սպառնում են հեռանալ Հայաստանից, ինչպես շատ հաճախ հանրության շրջանում․ «Մենք ահազանգում ենք այն մասին, որ եթե խնդիրները չլուծվեն, այս ընկերությունները չեն կարողանալու շահութաբեր բիզնես լինել, և ժամանակի ընթացքում ուղղակի փակվելու են, եթե նույնիսկ որոշում չկայացնեն Հայաստանից տեղափոխվելու»։
ԱՏՁՄ գործադիր տնօրենը նշեց՝ խոսակցությունները, որ ոլորտն ունի խնդիրներ, և պահանջվում են լուծումներ, սկսվել է դեռ 2022-ին։ Նրա խոսքով ԱՏՁՄ-ն այդ ժամանակ ոլորտը կարգավորող նախագիծ է մշակել, որը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի ընդունել այն հիմնավորմամբ, որ առաջարկվող մեխանիզմները բարդ են։
2023 թվականից ԱՏՁՄ ներկայացուցիչները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ԲՏԱ նախարարությունում, վարչապետի հետ․ «Վարչապետի կողմից հանձնարարական է եղել, որպեսզի ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով միությունների հետ միասին, որպեսզի միասին աշխատենք օրենքի վրա»։
Տեխնոլոգիական ընկերությունների միությունները, Սարգիս Կարապետյանի խոսքով, առաջարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների համար համահարթ 10%-ով նվազեցնել եկամտահարկը՝ 20%-ից իջեցնել 10%․ «Մենք հասկանում էինք, որ դա բավականին մրցակցային է դարձնելու Հայաստանը։ Դա մերժվեց կառավարության կողմից, և վերջին հանդիպումը եղավ անցած տարվա մայիսին ֆինանսների, ԲՏԱ և էկոնոմիկայի նախարարների, փոխնախարարների և միությունների հետ»։
ԱՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց, չնայած որ կառավարության հետ կապը պահպանվում էր։ Իսկ անցած աշնանը ներկայացվեց նախագիծ, որի մասին մտահոգություններ հայտնեցին․ «Մեզ պատասխանեցին, որ [այս օրենքը] պետք է ընդունվի․ և ենթաօրենսդրական ակտերի շուրջ միասին կաշխատենք»։
2024-ի դեկտեմբերին ընդունվեղ և 2025-ի հունվարից արդեն ուժի մեջ է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը։
Սարգիս Կարապտյանը նախևառաջ մտահոգիչ է համարում օրենքում «աջակցություն» բառի առկայությունը․ նա նշում է, որ այստեղ ավելի ճիշտ է կիրառել «ներդրում» բառը, որը պետությունը կատարում է բարձր տեխնոլոգիական ոլորտում։
ԱՏՁՄ խոհրդի անդամ, Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանն էլ առանձնացրեց այն խնդիրները, որոնք նրանք նկատել են օրենքի դրույթներում։ Նա հիշեցրեց, որ ի սկզբանե նման կարգավորում ունենալու նպատակը Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում ավելի մրցունակ դարձնելն էր, «2022 թ․ Ռուս-ուկրաինական պատերազմը երբ սկսվեց, բազմաթիվ ընկերություններ ու մասնագետներ եկան Հայաստան։ Նրանք, Հայաստանից բացի, ունեին տարբերակներ գնալու, օրինակ, Վրաստան, Սերբիա, եվրոպական երկրներ։ Ու երբ համեմատում ենք Հայաստանի օրենսդրական ու հարկային քաղաքականությունը այս ոլորտում այլ երկրների հետ, մենք պարտվում ենք։ Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ սպասում էինք․ շատ ընկերություններ ուղղակի գնացին Հայաստանից։ Երբ եկավ այս նոր օրենքը, էլի մոռացել էին նպատակի մասին։ Օրենքում գրված են ինչ-որ կարգավորումներ, որոնցով փորձ է արվում ներդրում անել ԲՏԱ ոլորտում կամ աջակցություն տրամադրել, բայց փաստացի գլխավոր նպատակին չենք հասցնում, այսինքն՝ Հայաստանը նորից մնում է անմրցունակ»
Արտավազդ Մինասյանը նշեց, որ օրենքի համաձայն՝ ամենամեծ աջակցությունը պիտի լինի եկամտահարկի նվազեցումը 20%-ից 10%, սակայն օրենքի ոչ հստակ ձևակերպումների պատճառով պարզ չէ, թե որ կազմակերպությունները կարող են օգտվել այս աջակցությունից։ Ըստ օրենքի՝ աջակցությունը տարածվում է ընկերություններում գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ (R&D) իրականացնող աշխատակիցների վրա, սակայն պարզ չէ, թե ովքեր կարող են համարվել այսպիսի աշխատակիցներ։
«Թե ինչ է նշանակում գիտահետազոտական աշխատանք, սահմանումը չկա ոչ մի տեղ։ Կան միջազգային ինչ-որ կարգավորումներ, դա վերցրել են, փորձել են ադապտացնել, բայց արդյունքում R&D-ի սահմանումը ստացվել է շատ նեղ․ այժմյան կարգավորումն ավելի շատ նորարարության, նոր գիտելիք ստեղծելու սահմանմանն է բավարարում։ Եվ արդյունքում, եթե, օրինակ, ոլորտում կա 30 000-ից ավելի աշխատակից, այս սահմանումով կարող է նրանց երևի 5%-ին վրա լավագույն դեպքում տարածվել»,- ասաց նա։
ԱՏՁՄ խորհրդի անդամը նշեց՝ իրենց կարճաժամկետ պահանջն է օրենքում պարզեցնել գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ դրույթն այնպես, որ այն տարածվի ԲՏԱ ոլորտի բոլոր աշխատակիցների վրա, որոնք միջազգային ստանդարտներով համարվում են R&D իրականացնողներ։
Իսկ ԱՏՁՄ երկարաժամկետ պահանջն է վերսկսել աշխատանքային խմբի ձևաչափն ու փոփոխություններ կատարել օրենքում․ «Այս փոքր աջակցությունները կամ ներդրումները շատ օգուտ չեն տալու»։
ԱՏՁՄ խորհրդի անգամ, Earlyone և limetech ընկերությունների տնօրեն Գևորգ Սաֆարյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ ԲՏԱ նախարարությունը դեռևս չունի ռազմավարություն, ընթանում են դրա ստեղծման աշխատանքներ, և օրենքը առաջ է ընկնում այն նպատակներից, որոնք պետք է սահմանվեին ռազմավարությամբ․ «Մենք կողմ ենք կառուցողական, ճիշտ կազմակերպված, համակարգային մոտեցմանը»։
Սարգիս Կարապետյանը կարևորեց նաև այն խնդիրը, որ օրենքի ձևակերպումների անհստակության պատճառով ոլորտի ընկերություններն այժմ չգիտեն՝ դիմե՞լ, թե ոչ․ «Իմաստը ո՞րն է, եթե ընկերությունները հազարներով դիմեն ու մերժվեն։ ․․․․ Կան ընկերություններ, որոնք արդեն հայտնել են, որ իրենք այս տարի չեն դիմելու ոչ մի բանի ու սպասելու են։ Ընկերություններ էլ կան, որոնք եկել են Հայաստան այն ժամանակ, երբ նոր ստեղծվող ընկերությունների համար կար աջակցության ծրագիր , և սպասում էին, թե ինչ է լինելու։ Ու հիմա այս անհայտության պարագայում շատ հնարավոր է, որ որոշում կայացնեն իրենց մասնաճյուղերը տեղափոխել Հայաստանից»։
ԱՏՁՄ-ն կողմ չէ նաև այն կարգավորմանը, ըստ որի՝ գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ իրականացնող աշխատակիցների եկամտահարկի վերադարձի համար դիմող կազմակերպությունների հայտերը պիտի քննի մի հանձնաժողով, որը ղեկավարելու է ոչ թե ԲՏԱ-ն, այլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրության և գիտության կոմիտեն (ԲԿԳԿ)։ Սարգիս Կարապետյանի խոսքով այս որոշումը տրամաբանական է այն առումով, որ գիտահետազոտական աշխատանքների և մշակումների մասին ընկալումները միանշանակ չեն, և ԲԿԳԿ-ն է այն կառույցը, որ կարող է գնահատել հայտերը։
Սակայն, ըստ ԱՏՁՄ գործադիր տնօրենի, պետք է հաշվի առնել, որ օրենքով չեն կարգավորվում գիտահետազոտական կազմակերպությունների գործունեությունը կամ գիտահետազոտական աշխատանքներում կազմակերպությունների կողմից ներդրումները․ «Այդ չափանիշներով այդ հանձնաժողովը, մենք կարծում ենք, չի կարողանալու գնահատում իրականացնել, այդ թվում՝ նաև մեր ներկայությամբ (َԱՏՁՄ-ին ևս առաջարկվել է ներգրավվել հանձնաժողովում,- խմբ․):
Արտավազդ Մինասյանն էլ հավելեց․ «Դժվար է գտնել յոթ հոգի (նկատի ունի հանձնաժողովի անդամներին,- խմբ․), որոնք կարող են, օրինակ, 6000 ընկերության նախագծերը նայել՝ գյուղատնտեսությունից մինչև տիեզերական ոլորտ, և կարծիք հայտնել՝ սա գիտահետազոտական նախագծի չափանիշներին համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ, արժանի՞ է արդյոք, թե՞ չէ։ Շատ բարդ է, անհնար է, ես կասեմ»։
ԱՏՁՄ խորհրդի անդամն իր ղեկավարած ընկերությունների օրինակով ներկայացրեց հանձնաժողովում հայտերը քննարկելու ևս մի խնդիր․ «Մենք գետահետազոտական մեծ խմբեր ունենք, մենք մրցակցում ենք աշխարհում այդ տեխնոլոգիաների շուրջ, և այդ տեխնոլոգիաները խիստ գաղտնի են։ Մենք նույնիսկ չենք ուզենա այդ եկամտային հարկի արտոնության համար գնալ յոթ հոգու մանրամասն պատմենլ, թե ինչով ենք զբաղվում, որպեսզի նրանք այդ որոշումը կայացնեն»։
Արտավազդ Մինասյանը հիշեցրեց նաև այն հանգամանքը, որ ոլորտի խնդիրների մասին խոսվում է դեռ 2022-ից, սակայն գործընթացը տևեց մոտ երեք տարի․ «Ուշացանք և շատ մարդիկ գնացին։ Հիմնականում ռուսական կազմակերպությունների ու մասնագետների մեծ մասը գնաց Հայաստանից»։
Սարգիս Կարապետյանն էլ ամփոփեց, որ անկախ ամեն ինչից՝ իրենք պարբերաբար հանդիպում են ունենում կառավարության ներկայացուիչցների հետ, հանդիպումների քանակի և քննարկումների որակի առումով առաջընթաց կա, սակայն իրենք դժգոհում ենք արդյունքից․ «Մենք Միությունով տրամադրված ենք օգնելու կառավարությանը ճիշտ որոշումներ կայացնելու հարցում»։
comment.count (0)