factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանման հետ կապված։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ո՛չ, [ինքնաթիռի կործանման մասին խոսելու]) պլաններ չկան»,- ասել է նա՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, որոնցում Ռուսաստանին առաջարկվում է իր վրա վերցնել վթարի մեղքը։
Հավելենք, որ օրերս Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։ Միաժամանակ, Բաքուն շարունակում է պնդել, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր-Ս» համակարգի հրթիռով։
Միաժամանակ, Պեսկովը հայտարարել է, որ Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։
«Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակներով մեր գործընկերների հետ շփումներում։ Մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին՝ սպասվո՞ւմ են, արդյոք, Պուտինի և Ալիևի շփումներ այս թեմայով։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 3-ին ռուսական կողմին նոտա է ուղարկվել Բաքվում «Ռուսական տան» գործունեության դադարեցման կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել էր, որ «Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի որոշման համաձայն՝ ռուսական կողմից ակնկալվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»։
comment.count (0)