Անահիտ Մանասյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
18:49 - 07 փետրվարի, 2025

Անահիտ Մանասյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
 
Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
 
Պաշտպանն անդրադարձել է նաև իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները մեր երկրում և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
 
Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները։
 
Իր խոսքում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն միտված աշխատանքների, գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների դերը:
 
Իր հերթին դեսպան Լուկաս Ռոզենկրանցը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել