Ափոփվել են Քաջարան համայնք ՄԻՊ ներկայացուցիչների կատարած այցի արդյունքները
19:30 - 10 փետրվարի, 2025

Ափոփվել են Քաջարան համայնք ՄԻՊ ներկայացուցիչների կատարած այցի արդյունքները

Ափոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները:

«Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ:

ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի բնակիչների հետ: Վերջիններս նշել են, որ ներկայում ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում, որտեղ պետք է մշակվեն ընկերության արտադրամասերից գոյացած թափոնները:

Ըստ բնակիչների՝ կառուցվող կայանը շատ մոտ է բնակելի շենքին և կարող է բացասական ազդեցություն թողնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Նրանց պնդմամբ՝ Քաջարանում էապես բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը, կայանի հարակից, այդ թվում՝ բնակելի շենքի տարածքում գարշահոտություն է տարածվել: Հավելել են, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ նախաձեռնել են ստորագրահավաք:

Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերող հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հասցեագրվել են համապատասխան տեսչական մարմիններ:

Այցի ընթացքում արձանագրվել է, որ կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման և իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ:

Ընդ որում՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերջին շրջանում հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ խնդիրը համակարգային է, վերաբերելի է ոչ միայն կոմբինատի, այլև այլ կազմակերպությունների աշխատակիցներին:

Այս համատեքստում Պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է շարունակական իրազեկման աշխատանքներ իրականացնի կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման և գործադուլի իրականացման օրենսդրորեն ամրագրված կառուցակարգերի վերաբերյալ:

Հարկ ենք համարում նաև նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ իր տարեկան հաղորդումներում անդրադարձել է գործադուլի իրավունքի իրացման խնդիրներին: Այսպես, օրինակ՝ 2023 թվականի տարեկան հաղորդմամբ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրել է, որ թեև գործադուլի իրավունքն ամրագրված է, սակայն դրա իրականացման կառուցակարգերը բավականին բարդ են, ինչի արդյունքում գործնականում հնարավոր չի լինում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ գործադուլ իրականացնել:

Գործադուլին առնչվող իրավակարգավորումների համատեքստում թեև որոշակի դրական փոփոխություններ 2023 թվականին իրականացվել են և նվազեցվել են գործադուլի իրականացմանը ներկայացվող պահանջները, սակայն դրանք բավարար չեն գործադուլի իրավունքի՝ միջազգային չափանիներին համապատասխան պատշաճ իրացման տեսանկյունից:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունում գործող իրավակարգավորումները չպետք է լինեն այնպիսին, որպեսզի գործնականում խոչընդոտեն գործադուլի միջոցով աշխատողների կողմից համապատասխան խնդիրների բարձրաձայնմանը, իսկ աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը իրավասու մարմինները պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնեն և լինեն հետևողական, որպեսզի հնարավորին սեղմ ժամկետում գտնվեն դրանց համակարգային լուծումները»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
 
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել ութ աշխատակիցների վերաբերյալ։
 
ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջները՝ անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ էր ներկայացրել իրավապահ մարմիններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել