Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
22:26 - 10 փետրվարի, 2025

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Գրեթե 1․5 տարվա կալանքից հետո փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն ազատ կարձակվի։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որոշեց նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը՝ երկրից բացակայելու արգելքի հետ համակցությամբ․ «Ես իրապես հավատում եմ, որ Դուք պատշաճ վարքագիծ կդրսեւորեք, եւ որ ես որեւէ օր չեմ մտնի այս դահլիճ այն գիտակցումով, որ ինձ խաբել եք»,– ասաց դատավորը։

– Չի լինի տենց բան, պարո՛ն դատավոր,– արձագանքեց Գաբրիելյանը՝ թաց աչքերով շնորհակալություն հայտնելով։

Դատավոր Վարդգես Սարգսյանը

Հովիկ Գաբրիելյանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը, մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։

Օրերս՝ փետրվարի 16-ին, լրանալու է նրա կալանավորման ժամկետը, ինչով պայմանավորված էլ դատարանը քննության առարկա դարձրեց խափանման միջոցի հարցը։ Գաբրիելյանը կալանքի տակ է 2023 թ․ հոկտեմբեր ամսից եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ դատախազի՝ դեռեւս առկա է վկաների վրա ազդեցություն գործադրելու եւ թաքնվելու ռիսկը

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը (փոխարինում է արդեն նախկին դատախազ Գրիգոր Մղդեսյանին,–հեղ․) դատարանին միջնորդեց եւս երեք ամսով երկարաձգել Գաբրիելյանի կալանավորումը՝ պատճառաբանությամբ, որ որեւէ այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

Մեղադրող Դավիթ Նավասարդյանը

Դավիթ Նավասարդյանի համոզմամբ՝ շարունակում է առկա լինել Գաբրիելյանի կողմից վարույթի ընթացքին խոչընդոտելու, մասնավորապես, վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու եւ թաքնվելու ռիսկը․ «Գաբրիելյանն իրեն մեղսագրված արարքը կատարել է ի պաշտոնե եւ ունի պաշտոնի բերումով պայմանավորված կապեր ու ազդեցություն, ինչը էապես բարձրացնում է ռիկսը առ այն, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը չի կատարի օրենքով իր վրա դրած պարտավորությունները։ Մասնավորապես, կխոչընդոտի վարույթի ընթացքին, ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին, անօրինական ազդեցություն կգործադրի դատավարությանը մասնակցող անձանց, այդ թվում՝ իր հետ ծառայողական հարաբերություններ, այդ թվում՝ նախկինում ենթակա անձնակազմի վրա»,– նշեց նա։

Հանրային մեղադրողը ընդգծեց նաեւ, որ ենթադրյալ արարքը Գաբրիելյանը կատարել է հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ այն ժամանակ, երբ նրա մասնագիտական փորձն ու կարողությունները խիստ անհրաժեշտ են եղել ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի առջեւ ծառացած մարտական խնդիրները արդյունավետ եւ հաջողությամբ իրականացնելու համար․ «Սա Էլ ավելի է բարձրացնում արարքի հանրային վտանգավորությունը եւ հանրային պարսավանքը, հետեւաբար նաեւ՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու ողջամիտ հավանականությունը»,– նշեց մեղադրողը։

Ըստ պաշտպանի՝ Գաբրիելյանը ոչ մի վկայի հետ ոչ կապ ունի, ոչ էլ ունեցել է 

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հակադարձեց՝ չկա եւ չէր էլ կարող լինել որեւէ փաստական հանգամանք, որ ազատության մեջ մնալով՝ Գաբրիելյանը անօրինական վարքագիծ է դրսեւորել։ Նա շեշտեց՝ դատակոչի ցուցակում ներառված է 37 վկա, որից 14-ն է ականատես։ Այդ 14-ից միայն 4-ն է Գաբրիելյանին ենթակա, որոնցից 2-ն արդեն հարցաքննվել են, մյուսների հետ էլ Գաբրիելյանը կապ չի ունեցել եւ առ այսօր չունի։

Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը

Պաշտպանը ուշադրություն հրավիրեց անձը բնութագրող հանգամանքների վրա․ «Մի անձնավորություն, որը պատերազմին է մասնակցել եւ իր զինվորների կյանքը փրկել, որը «T90» տանկը շահելու եւ ՀՀ բերելու մեջ մեծ դերակատարում է ունեցել, նախկինում որեւէ հանցանք չի կատարել, ունեցել է միայն պարգեւներ եւ խրախուսանքներ, կորպուսի հրամանատարի խնդրանքով թոշակի անցնելուց հետո վերադարձել է, ստանձնել զորամասի հրամանատարի պաշտոնը․․․ Այս ամենը գցենք ջուրը, ասենք՝ չէ, քանի որ մեղադրվում է, պետք է նստած մնա, մինչեւ գործը կվերջանա՞»,– ասաց պաշտպանը։

Վրեժ Խաչիկյանը հիշեցրեց այն հանգամանքը, որ որոշ զինծառայողների զոհվելու օրերը չեն համընկնում մեղադրանքում նկարագրված դեպքի հետ, թեեւ նրանց անունները առկա են գործի նյութերում․ «Ենթադրենք՝ եկավ մի պահ, ճշմարտությունը բացահայտվեց, ենթադրենք՝ արդարացվեց, ճիշտ է, պետությունն ասում է՝ անձը ռեաբիլիտացիայի (արդարացված մեղադրյալին տրվող հատուցում,–հեղ․) իրավունք ունի, բա այս մարդու ապրումնե՞րը որպես փախստական, որպես երկու զավակների հայր, որպես հիվանդ մոր որդի․․․ Ոչ տուն ունի, ոչ տեղ ունի, քոչվոր փախստական, էս մարդու վիճակը ո՞նց պիտի լինի․․․ Ինչքան երկար պահենք, էս անձը գնա, վատանա, հետագայում, Աստված չանի, մի բան պատահի, կարա՞նք ռեաբիլիտացիայի հնարվորություն տանք։ Ինչո՞ւ այլ խափանման միջոցներ, օրինակ, տնային կալանքը, չեն կարող հիմա ապահովել պատշաճ վարքագիծը, ինչո՞ւ վերջապես հնարավորություն չտալ Արցախից գաղթելուց հետո շփվել ընտանիքի անդամների հետ եւ տան մեջ գտնվելով՝ մի օգտակար բան անել»,– նշեց Խաչիկյանը՝ միջնորդելով կիրառել այլընտրանքային խափանման  միջոցներ։

Դատարանը հաշվի առավ, որ 1 տարվա ընթացքում հնարավոր է եղել հարցաքննել ընդամենը 6 վկայի

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը որոշեց մերժել մեղադրողի միջնորդությունն ու բավարարել պաշտպանի միջնորդությունը․ «Ես հաշվի եմ առնում այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում հնարավոր ամենաարագ տեմպերով նիստեր ենք նշանակել, բայց 37 վկաներից հարցաքննել ենք ընդամենը 6-ին, հիմա եթե սա բազմապատկում ենք, ստացվում է՝ առնվազն 6 տարի պիտի ծախսենք, որ վկաների հարցաքննությունն ավարտենք․․․ Եթե իմանամ, որ Դուք ինձ չեք վստահում, իմ իրականացրած արդարադատությանը չեք վստահում, խնդրում եմ՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեք, քննարկենք։ Բայց եթե Դուք վստահում եք, կարծում եմ՝ ես այդ մթնոլորտը չեմ ստեղծել, որ մտածեք՝ ով գա, այստեղ ինչ խոսի, անվերապահորեն հավատամ, ընդհակառակը, ես ինտնենսիվորեն, քրեադատավարական ողջ գործիքակազմի կիրառմամբ քննություն եմ իրականացնում, որովհետեւ ի վերջո, 15 զինծառայողների մահվան մեջ Ձեր մեղավորությունը կամ անմեղությունը հաստատելու պատասխանատվությունն իմ ուսերին է։ Եթե պաշտպան Խաչիկյանն ու մեղադրող Նավասարդյանը սխալվելու հնարավորություն ունեն, ես դա չունեմ, դրա պատասխանը ես եմ տալու իմ կայացրած ակտով, հետեւաբար, ես իրապես ուզում եմ հավատալ, որ որեւէ օր ինձ խաբված չեմ զգա»,– դիմելով մեղադրյալին՝ ասաց դատավորը։

Նա միաժամանակ որոշեց Գաբրիելյանին արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձեւերից, այդ թվում՝  փոստային առաքանուց։ Արգելեց նաեւ  ընտանիքի անդամներից եւ պաշտպանից բացի այլ անձանց հետ շփում ունենալ։

Տնային կալանքը կիրառվելու է փետրվարի 16-ից եւ ուժի մեջ է լինելու 3 ամիս։ 

Վկա Արմենակ Վիրաբյանը Հովիկ Գաբրիելյանին չէր ճանաչում

Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ հատուկ նշանակության բրիգադի 1-ին ջոկատի հրամանատարի տեղակալ Արմենակ Վիրաբյանը։ Հատուկ նշանակության բրիգադը այն ստորաբաժանումն է, որի ուղղությունը Գաբրիելյանի ենթադրյալ չթույլատրված նահանջի պատճառով մնացել է անպաշտպան, եւ հակառակորդը կարողացել է անարգել շրջանցել թիկունք։

Վիրաբյանը, սակայն, ներկաներից ոչ ոքի, այդ թվում՝ Գաբրիելյանին, չէր ճանաչում, նաեւ տեղյակ չէր, թե ինչ գործով է կանչվել դատարան, քանի որ նախկինում քննիչի մոտ տարբեր դեպքերի շուրջ է հարցաքննվել։

Վկա Արմենակ Վիրաբյանը

Դատարանը նրան պարզաբանեց՝ սույն գործը վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 4-5-ի իրադարձություններին եւ  մասնավորապես Ջրականից դեպի Հադրութ իրականացրած նահանջին։

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ վկա Արմենակ Վիրաբյանը պատմեց, որ հոկտեմբերի 3-ին իր ջոկատը տեղակայվել է Ջրականի պաշտպանական բնագծում, ինքը նրանց է միացել հոկտեմբերի 4-ին։ Ասաց՝ խոսակցություններից գիտեին, որ իրենք են առաջնագիծը, հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում պետք է նրանց «դիմավորեին»։ Տեղանքում նախկինում թերի փորված, անմխիթար խրամատներ էին։

Ըստ վկայի՝ իրենից աջ տեղակայվել է իրենց բրիգադի երկրորդ ջոկատը, իսկ թե ովքեր են եղել իրենցից ձախ, չգիտեր, բայց ռադիոկապով լսել էր, որ այնտեղ եւս հայկական ստորաբաժանում է։ Նշենք, որ խոսքը հենց Գաբրիելյանի ստորաբաժանման մասին է։

Ըստ վկայի՝ հոկտեմբերի 5-ին ճակատային գրոհ չի եղել

Առաջին հարձակումը եղել է հենց հոկտեմբերի 4-ին, որին հաջորդել է հարաբերական անդորր։ Գիշերը, ըստ վկայի, իրենց ուղղությամբ չի եղել, միայն՝ ձախ թեւի ուղղությամբ՝ մի քանի կմ հեռու։

Մարտերը վերսկսվել են հոկտեմբերի 5-ի կեսօրին․ «Ճակատային գրոհ չի եղել, ձախ կողմից շրջափակում է եղել, որը ընդհատվել է մեր կողմից․․․ Աջ հատվածում էլ մարտեր էին ընթանում, կրակոցի ձայներ կային․․․ Ընթացքում, երբ տեղեկություններ են ստացվել, որ շրջափակման մեջ ենք, վերադաս հրամանատարությունը որոշում է կայացրել՝ քաշվենք աջ, միանանք հարեւան ջոկին»։

Մեղադրողի հարցին՝ ձախակողմյան ստորաբաժանումից ի՞նչ տեղեկություն ունեին, չէ՞ որ այնտեղ էլ էր հայկական զինված ուժերը, վկան պատասխանեց, որ տեղեկություն չունեին, նրանց հետ անձամբ կապի մեջ չի եղել, իր ռադիոկապը միայն ջոկի ներսում եւ հրամանատարության հետ էր։ Իրենց ջոկատի հրամանատար Կարեն Բաբայանը եւս, ըստ ամենայնի, ձախ թեւի հետ կապ չի ունեցել։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանի հարցին՝ այդ դեպքում համագործակցությունը աջ կամ ձախ թեւի հետ ինչպե՞ս էր կազմակերպվում, վկան պատասխանեց․ «Վերադաս հրամանատարության միջոցով, ես չեմ ունեցել»։ Վերադաս հրամանատարությունը ունեցել է անմիջական կապ թե ոչ՝ վկան չգիտեր։

Հարցին՝ աջ կողմում տեսե՞լ են հակառակորդի, վկան պատասխանեց, որ անձամբ չէ, բայց խոսակցություններից է այդպես հասկացել, որ այնտեղ եւս շրջափակման վիճակ էր․ «Գնացինք աջ, որտեղ մեր երկրորդ ջոկատն էր, որը շրջափակումից դուրս էր, ժամը 3-5-ի հատվածում նրանց հետ դուրս եկանք, շարժվեցինք ձորակներով դեպի Ջրականի զորամասի մշտական տեղակայման վայր, որտեղ Մեղրիի զորամասն էլ էր։ Այդ ընթացքում հակառակորդի հետ հրաձգային, նաեւ հրետանային զենքերով ճնշում կար, նաեւ անձամբ մարտ ենք ունեցել»։

Մեղադրողը նկատեց՝ նախաքննության ժամանակ վկան նշել էր, որ շրջափակման վտանգը միայն ձախակողմյան հատվածից էր, իսկ այժմ նշեց նաեւ աջակողմյան հատվածը։ Վկան պարզաբանեց՝ դա իրադրության գնահատման արդյունքում իր անձնական եզրահանգումն է, նաեւ հետագա խոսակցություններից է այդպես հասկացել։

Հարցին, թե ինչու որոշվեց քաշվել աջ, այլ ոչ թե մարտ վարել, ինչպես նախորդ օրը, վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ դա հրամանատարության ցուցումն է եղել․ « Նրանք ավելի լավ են տեղեկացված եղել ռազմաճակատի իրավիճակի, շրջանցող ուժերի խմբաքանակի ուժերի մասին, կարող եմ ենթադրել, որ շրջափակման մեջ չթողնելու համար որոշվել է աջ քաշվել, երկու ստորաբաժանման կազմով շրջափակումից դուրս գալ»։

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հիշեցրեց՝ իրենցից ձախ գտնվում էր Գաբրիելյանի տանկային ստորաբաժանումը, որը, սակայն, տանկեր չի ունեցել։ Այդ պայմաններում այդ ստորաբաժանումը կարո՞ղ էր կանխարգելել, օգնություն ցուցաբերել իրենց։ Վկան, սակայն, ասաց՝ այդ հարցին պատասխանել չի կարող։ 

Նա դժվարացավ հստակ պատասխանել նաեւ այն հարցին՝ արդյո՞ք հրաձգության արդյունքում կոնկրետ տեխնիկա վնասվել է թե ոչ․ «Որ կոնկրետ փամփուշտ մտնի տեխնիկայի մեջ, դա չեմ կարող ասել, բայց մենք հրաձգային մարտի բռնվել ենք, եթե բռնված չլինեինք, նշանակում է՝ անիմաստ էինք այնտեղ»։

Արմեն Վիրաբյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ իրենք նահանջել են Ջրական, այնտեղ արդեն հակառակորդի 10-12-հոգանոց խումբ է եղել, որին ոչնչացրել են։ Թե ինչու են նահանջել հենց այդ ուղղությամբ, վկան տեղյակ չէր, ասաց՝ դա եւս վերադաս հրամանատարների ցուցումն էր։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին։

 

Միլենա Խաչիկյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել