1lurer.am: 2023-ի հոկտեմբերի 17-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան դա ԵՄ-ն հնարավոր կհամարի: Սա աննախադեպ հայտարարություն էր, ինչպես որ ելույթի փաստը Եվրախորհրդարանում, որովհետև այն բացում էր անսահմանափակ հնարավորություններով երկխոսության հնարավորություն: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ հիշեցնելով հարցը ԱԺ մտցնելու նախապատմությունը:
Այս հայտարարությունից հետո Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ կապերի մասին բանաձև, որում նշվում էր, որ եթե ՀՀ-ն հետաքրքրված է ԵՄ անդամության թեկնածությամբ և իր ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու հետաքրքրվածությամբ, սա կարող է ՀՀ-ԵՄ հարաբերությունների փոխակերպման հիմք դառնալ: Նաև կոչ արվեց Եվրահանձանաժողին և ԵՄ խորհրդին՝ ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ ավելի խոր գործընկերություն ունենալու ՀՀ ձգտումներին:
Այս ամենից հետո վարչապետը կոչ արեց հարցը ներառել հանրային քննարկումների օրակարգ, ԱԺ հանձնաժողովը խորհրդարանական երկու լսում կազմակերպեց, և քննարկումների արդյունքում մի քանի կուսակցություններ, քաղհասարակության ներկայացուցիչներ որոշեցին հարցը քաղաքացիական նախաձեռնության կարգով, 60 հազար ՀՀ քաղաքացու ստորագրությամբ բերել ԱԺ օրակարգ:
«Ակնհայտ է, որ ՀՀ-ն այս օրենքն ընդունվելու դեպքում, եթե անի դեպի ԵՄ իր հաջորդ քայլը, հաջորդ քայլն անմիջապես, այսինքն՝ այսօրվա մեր իրավապայմանագրային բազային գումարած մեկ քայլ, դա պետք է լինի ազատ առևտրի համաձայնագիրը՝ շատ դասական փաստաթուղթ, որի շուրջ նախորդ կառավարությունը բանակցում էր տարիներ շարունակ, որը չստորագրվեց հայտնի պատճառներով:
Ահա, եթե ազատ առևտրի համաձայնագրի փաստաթուղթ ստորագրվի ԵՄ-ի հետ, այն օրը, երբ այդ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու լինի, Հայաստանն այևս չի կարող լինել ԵԱՏՄ անդամ, եթե խոսում ենք դասական ազատ առևտրի համաձայնագրից, ոչ թե 4 կողմից կտրտած և ձևափոխված մի ինչ-որ հիբրիդային փաստաթղթից: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց դա ճանապարհ է, որ պիտի անցնենք, և ես չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակում»,- ասաց նա:
Եղոյանը ներկայացրեց նաև նախատեսվող քայլերն ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո, այն է՝ դրանից հետո պետք է լինի անդամության թեկնածության հայտ, ապա՝ այդ թեկնածության կարգավիճակի շնորհում, ապա՝ անդամակցության բանակցությունների մեկնարկ, որի համար էլի պետք է լինելու առանձին որոշում:
«Նույնիսկ շատ-շատ արագ, նույնիսկ շատ-շատ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմանների պարագայում այս բոլոր փուլերն անցնելը մեզանից կպահանջի տարիներ, եթե ոչ՝ ընդհուպ տասնամյակ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կան երկրներ, որ այս գործընթացում տասնամյակով իրենց հերթին են սպասում:
comment.count (0)