«Ինչ ասել եմ, շատ ճիշտ եմ ասել». Սիմոնյանը չի կարծում, որ արցախցիների մասին հայտարարությունը սխալ է եղել
12:28 - 12 փետրվարի, 2025

«Ինչ ասել եմ, շատ ճիշտ եմ ասել». Սիմոնյանը չի կարծում, որ արցախցիների մասին հայտարարությունը սխալ է եղել

Միանշանակ է, որ խոսքը չի կարող որևիցե ժողովրդի մասին լինել: Երեկ էլ, 4 անգամ ասել եմ՝ շատ ու շատ մարդիկ կռվել են, իրենց կյանքերն են զոհել, և դրա մասին չի խոսքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկվա իր արտահայտություններին: News.am-ի թղթակիցը ԱԺ-ից հայտնել է, որ Սիմոնյանը ընտրել է երեք լրատվամիջոցի, որոնց հետ զրույցում էլ պարզաբանել է իր հայտարարությունները:

Ըստ Սիմոնյանի՝ բոլորը շատ լավ հասկացել են, թե ում մասին են իր արտահայտությունները:

Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը՝ Սիմոնյանն ասաց. «Նախ մինչև նամակ գրելը, թող պատմի՝ ինքը ոնց է իր ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել: Երկրորդը, եթե ինքը ինձ հարց ունի, նամակների բաժին կա Ազգային ժողովում, կարող է դիմել, և ես կքննարկեմ այդ նամակը և միգուցե կարող է պատասխանեմ, որևէ այլ ձև մեկնաբանելու կարիք չկա»:

Նշենք, որ «Շահրամանյանը պահանջել էր Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը»:

Հարցին, թե չի՞ զղջում իր ասածների համար, Սիմոնյանը պատասխանեց. «Ես Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևիցե բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա՝ իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ իրենց ասաբնյակները, որոնք վերադառնում էին և այդ բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև իրենք իրենց ապագան և Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին իրենց՝ երկրից դուրս գալու հետ: Մարդիկ, ում մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են»:

Խոսելով մարդկանց մասին, որոնք կռվել են, ԱԺ նախագահը հայտարարեց. «Փառք ու պատիվ մեր զինվորներին թե՛ Ղարաբաղից, թե՛ սփյուռքից, թե՛ Հայաստանից, բայց երկիրը դատարկելը, գյուղը, քաղաքը դատարկելը... ՀՀ-ից աշխատավարձ էին ստանում պաշտոնյաները, պատգամավորները էնժամանակյա, դուրս էին գալիս Հայաստանի մասին վատ հարցազրույցներ էին տալիս և Հայաստանի իշխանությունների մասին»:

Սիմոնյանի խոսքով չէր կարելի երկիրը դատարկել, դա ցավալի բան է. «Իմ ասածը էմպատիա չի առաջացնում, բայց իմ ասածը ճիշտ է եղել»:

Դիտարկմանը, որ անուններ հնչեցնի, թե ում մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Ես քաղաքական հայտարարություններ անելու իրավունք ունեմ և նույնիսկ պարտականություն ունեմ, և երբ ժամանակը գալիս է, անուններն էլ կտամ, բայց անունների կարիք էլ չկա է, ասում եմ՝ էն մարդիկ, որոնք ուզում էին առաջին օրվանից դատարկել Ղարաբաղը, իսկ դատարկել Ղարաբաղը և զինվորին կանգնեցնել պոստի, ասել՝ դու պաշտպանի, մենք գնացինք...:

Հարցին, թե չի՞ կարծում, որ իր ձևակերպմամբ բոլորի վաստակն է նվաստացնում, Սիմոնյանը բացասական արձագանքեց. «Շատ մարդիկ, նկատի ունեմ քաղաքական գործիչներին, կա՛մ հատուկ շահարկում են անում, կա՛մ չեն հասկանում: Իսկ ինչ ասել եմ, շատ ճիշտ եմ ասել»:

«Ես չեմ ասում՝ կանայք և երեխաները պետք է մնային, յաթաղանը գար, մորթեր, սրա մասին չի խոսքը, այդ էմոցիոնալ լոլոն, որ փորձում են հանրությանը հրամցնել, չի անցնելու: Ես ասում եմ՝ ոնց ա ստացվում, որ որոշ մարդիկ իրենց ախրանիկներով, ավտոմատը, որը Հայաստանը տվել էր, փոխանակ վերցնեին, բարձրանային սարերը, փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը հայկական, հայերով, մի օրվա մեջ քաղաքական որոշում են կայացնում և ... Ղարաբաղը պատերազմի առաջին օրվանից դատարկելու ցանկություն ունենալը Ղարաբաղը հայաթափեց՝ ի վերջո»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք նաև, որ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, թե երբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել էր․ «Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»։ Լրագրողի պատասխանին, թե «իր ընտանիքը զինվորական է, պատկերացնու՞մ է, որ զինվորականները մնային թշնամու հետ նույն հարկի տակ ապրելու», Սիմոնյանն արձագանքեց․ «Ինչի՞ էր մնում, պետք էր կռվել, պետք էր կռվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել