armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հավաստիացնում են, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է հավաստիորեն տեղեկացված լինի, թե ինչ բեռ է իր պետության տարածքով անցնում։
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում թեմայի մասին խոսեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Արման Եղոյանն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության տարածքով ադրբեջանական բեռների հնարավոր անցման դեպքում դրանց նկատմամբ մաքսային վերահսկողություն ունենալու մասին հարցին, դրական արձագանք տվեց՝ նշելով, որ ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է որոշակի վերահսկողության ենթարկվի։
«Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող, այո, ցանկացած բեռ պիտի մի որոշակի, չասենք ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի։ Հայաստանը պիտի իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում, սրա մասին է խոսքը»,- ասաց Եղոյանը։
Նա նաև հավելեց, որ ներկայում դրա համար գոյություն ունեն տեխնիկական միջոցներ, որոնք օգտագործվում են նաև այլ երկրների կողմից․ կարևորը, որ Հայաստանն իմանա՝ իր տարածքով ինչ բեռ է անցնում։
«Կարծում եմ, որ որոշակի ստուգում պիտի լինի, ինչպես որ մյուսների դեպքում։ Վրաստանից էլ, Իրանից էլ բեռները երբ գալիս են, կարծեմ, սկաներների միջով անցնում են, որպեսզի արգելված նյութեր չլինեն և այլն։ Դա պարտադիր պահանջ է ցանկացած պետության դեպքում»,- ասաց Եղոյանն՝ ընդգծելով, որ Հայաստաի Հանրապետության իրավասու մարմինը պիտի հավաստիորեն տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության տարածքով անցնում։
Անդրադառնալով նույն թեմային՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս նշեց, որ հարցը վերաբերում է տեխնիկական մանրամասներին, և երբ որ կգա ժամանակը, այդ մանրամասները կներկայացվեն։
«Ապագայում այդ հարցի պատասխանը կհնչի հստակ, թե Հայաստանի կոնկրետ որ մարմինը դա կստուգի»,-ասաց Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ցանկացած բեռի բովանդակության մասին ՀՀ-ի իրավասու մարմինները պետք է իմանան, և հակառակը չի կարող լինել։
Ինչ վերաբերում է այդ վերահսկողությունն իրականացնող իրավասու մարմնի մասին հարցին, Հովհաննիսյանն ասաց, որ դա այս պահին քննարկվում է։
«Այդ տեխնիկական հարցերը քննարկման սեղանին են, որոնց կանդրադառնանք, երբ կգա դրանց անդրադառնալու ժամանակը»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։
comment.count (0)