armenpress.am: Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի հաստատման առաջարկին։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակում և ուղղված է անդրսահմանային համագործակցության խթանմանը Սևծովյան ավազանի երկրների միջև։ Ծրագրի հիմնական նպատակներն են կանաչ և կապույտ տնտեսության զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, հետազոտությունների խթանումը և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։
Ընդհանուր բյուջեն կազմում է 72,2 մլն եվրո, որից ԵՄ-ի դրամաշնորհային ֆինանսավորումը 65 մլն եվրո է։ Մասնակից երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա։
Հայաստանի մասնակցությունը կիրականացվի բնաիրային հատկացումների ձևաչափով, ինչը չի ենթադրում ֆինանսական պարտավորություններ պետության համար։
Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն տարածաշրջանային զարգացման, բնապահպանական, էներգետիկայի և գիտատեխնոլոգիական ոլորտների նախագծեր։
Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործողություններն են՝ հետազոտական և նորարարական տեխնոլոգիաների զարգացում, կլիմայի փոփոխության դեմ պայքար և էկոհամակարգի պահպանում, բնության և կենսաբազմազանության պաշտպանություն, կանաչ էներգիայի և վերականգնվող աղբյուրների խթանում, աղետների ռիսկերի նվազեցում և կառավարման մեխանիզմների ներդրում։
Ծրագրի շահառու կարող են լինել պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական հաստատությունները, մշակութային և գիտական ոլորտում գործող կազմակերպությունները։
Հայաստանը «Սևծովյան ավազանի» ծրագրին մասնակցում է 2007 թվականից, իսկ մինչ օրս արդեն իրականացվել է 38 նախագիծ։ Կառավարությունը վստահ է, որ այս նոր փուլը կխթանի տարածաշրջանային կայուն զարգացմանն ու միջազգային գործընկերությունների ամրապնդմանը։
Համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորություններ և համահունչ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին։
comment.count (0)