aravot.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով:
Այս գործը վերաբերում է 2015 թվականի «Electric Yerevan» բողոքի ցույցի ցրմանը, մասնավորապես՝ Հովհաննես Իշխանյանի ձերբակալությանը և ոստիկանությունում պահվելուն: Նա բողոքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), պնդելով, որ խախտվել են իր իրավունքները՝ հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների վրա։
Հիշեցնենք, 2015-ի մայիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման թույլտվություն ստանալու համար։
– Հունիսի 17-ին հանձնաժողովը հաստատեց 6.93 դրամով թանկացումը, ինչի արդյունքում քաղաքացիական նախաձեռնությունները («Ոչ թալանին») սկսեցին բողոքի ցույցեր։
– Հունիսի 22-ին բողոքի ցույցի մասնակիցները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, սակայն ոստիկանությունը կանգնեցրեց նրանց Բաղրամյան պողոտայում, որտեղ ցուցարարները նստացույց սկսեցին։
– Հունիսի 23-ի առավոտյան, մոտ 5:00-ին, ոստիկանությունը բարձրախոսով նախազգուշացրեց ցուցարարներին ցրվելու մասին։ Երբ ցուցարարները հրաժարվեցին, կիրառվեց ջրցան մեքենա, ինչից հետո ոստիկանությունը ձեռնամուխ եղավ նրանց բռնի հեռացմանը։
Ցուցարարներին քարշ տալով, ձեռքերն ոլորելով, տարան ոստիկանական բաժանմունքներ, այդ թվում՝ Հովհաննես Իշխանյանին։ Նա տարվել էր Շենգավիթի բաժանմունք, ենթարկվել անձնական խուզարկության, լուսանկարվել, մատնահետք վերցվել։ Նրան պահել էին մոտ 6:00-ից մինչև 13:30՝ առանց սնունդի, հանգստի, իսկ հագուստը մնացել էր թաց՝ ջրցան մեքենայի ազդեցությունից։ Հովհաննես Իշխանյանի նկատմամբ որևէ քրեական մեղադրանք չէր առաջադրվել, իսկ նույն օրը երեկոյան ազատ էին արձակել։
Հովհաննես Իշխանյանը ՄԻԵԴ էր դիմել՝ հիմնվելով հետևյալ հոդվածների վրա՝
– Հոդված 3 (Խոշտանգումների արգելք) – Դիմումատուն պնդել է, որ ոստիկանությունում պահման պայմանները (թաց հագուստ, սննդի և հանգստի բացակայություն) անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք էին։
– Հոդված 5 § 1 (Ազատության իրավունք) – Նա պնդել է, որ ոստիկանությունում իրեն պահել են ապօրինի, առանց որևէ հիմնավոր պատճառի, և ավելի երկար, քան թույլատրված է։
– Հոդված 11 (Հավաքների ազատություն) – Ցույցի ընթացքում իր մասնակցության պատճառով ձերբակալվելը և հավաքի ցրումը հակասել են այս հոդվածին։
Այս որոշմամբ ՄԻԵԴ-ը հաստատեց, որ Իշխանյանի ձերբակալությունը և հավաքի ցրումը եղել են անօրինական։ Դատարանը նաև ընդգծեց, որ ցույցի խաղաղ բնույթը հաշվի չէր առնվել ոստիկանության գործողությունների ժամանակ։
ՄԻԵԴ-ը որոշեց, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է դիմումատուին վճարել՝
– Ոչ նյութական վնասի համար– 5,000 եվրո
– Դատական ծախսերի համար – 2,000 եվրո
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)