Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտպանի ծառայություններից, քանի որ չի վստահում նրան. Սիրանուշ Սահակյան |news.am|
15:35 - 14 փետրվարի, 2025

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտպանի ծառայություններից, քանի որ չի վստահում նրան. Սիրանուշ Սահակյան |news.am|

news.am: Բաքվի ռազմական դատարանում երեկ շարունակվեց Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը»: Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ նա հրաժարվել է պաշտպանից:  Թեմայի շուրջ NEWS.am-ը մեկնաբանություն խնդրեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան  Սիրանուշ Սահակյանից:

Տիկին Սահակյան, երեկ շարունակվեց Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը» և ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ նա հրաժարվել է պաշտպանից, դատարանն էլ կարծես բավարարել է դա:  Որևէ նոր  տեղեկություն ունե՞ք այդ մասին:

Նախ հստակեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետության կողմից նշանակված՝ պետական պաշտպանի ծառայություններից, որին  դատախազը ներկայացրել էր առաջին նիստում` պատճառաբանելով թե իբր  ելնելով գործի բարդությունից, Վարդանյանին անհրաժեշտ է ևս մեկ պաշտպան։  Վարդանյանը հայտարարել էր, որ այդ փաստաբանն իրեն ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել,  երբևէ չի այցելել մեկուսարան և ինքը նրան չի վստահում:

Այդ ժամանակ մեղադրող կողմն առարկել էր՝ պնդելով, որ պետության կողմից նշանակված փաստաբանը պետք է մնա։ Սակայն, իմ տեղեկություններով, երեկվա նիստում պետական պաշտպանից հրաժարվելու՝ Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է: Վարդանյանի շահերն այնտեղ պաշտպանելու է Ադրբեջանում  լիցենզավորված նրա մասնավոր փաստաբանը՝ Աբրահամ Բերմանը:  Իսկ միջազգային փաստաբանի՝  Ջարեդ Գենսերի հետ տեսակցելու և նրա իրավաբանական օգնությունն ստանալու հնարավորությունից  նա զրկված է, քանի որ Ադրբեջանի դատախազությունը մերժել էր  Գենսերի՝ Բաքու այցելելու  դիմումը:

Երեկվա նիստում ընթերցվել է «մեղադրական եզրակացության»՝ հենց Ռուբեն Վարդանյանին վերաբերող  մասը: Ընդ որում՝ մեղադրանքները մեկը մյուսից անհավանական են ու զավեշտալի:

Այո, իսկապես,  ներկայացված մեղադրանքները դուրս են ողջամտության սահմաններից, ուստի անհնար է դրանք մեկնաբանել կամ հակափաստարկներ բերել դրանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել