Ակնհայտ է, որ ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է «յուղ վառել». որոշեցի վարչապետին իր ընտրազանգվածի հետ մենակ թողնել. Քոչարյան |aysor.am|
11:47 - 17 փետրվարի, 2025

Ակնհայտ է, որ ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է «յուղ վառել». որոշեցի վարչապետին իր ընտրազանգվածի հետ մենակ թողնել. Քոչարյան |aysor.am|

aysor.am: Մամուլում հաճախ կարծիք էր արտահայտվում, որ իմ ակտիվությունը, մամուլի ասուլիսները, «իմ գոյությունը» խանգարում է ինչ-որ մարդկանց կայանալ քաղաքական դաշտում, ես համաձայն չէի այդ թեզի հետ, սակայն համաձայնեցի մարդկանց հնարավորություն տալ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց ի՞նչ եղավ։ Ես չէի խոսում, բայց իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավականին հաճախ խոսում և հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ցանկանում էին, որ ես չխոսեմ։ Ունենք այն, ինչ ունենք և այսօր, չնայած իմ բոլոր ջանքերին, կա մի մեծ զանգված, որը սպասում է իմ խոսքին։ Սա էր առաջին պատճառը, որ պասիվություն էի դրսևորում։ Իսկ երկրորդ պատճառն այն էր, որ մտածեցի՝ միգուցե ճիշտ է, որ  վարչապետին մենակ թողնեմ իր ընտրազանգվածի հետ։ Մտածեցի միգուցե օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար «վարչապետներին», թե ինչու է իրենց կյանքը վատանում, ինչու է կառավարությունն անխնա մտնում իրենց գրպանները, ինչու են իրենք դարձել տուգանքի մատերիալ, ինչու է կառավարությունը խրվել կոռուպցիայի մեջ, ինչու է աղքատությունը իրենց գլուխներում, իսկ ՔՊ-ականների հարստությունը՝ իրենց սեյֆերում»,- նշեց նախկին նախագահը։

Քոչարյանի խոսքով՝ հնարավորությունը տվել են իրենք և կարծում են, որ դա ինչ-որ տեղ աշխատել է. «Ակնհայտ է, որ ստապետությունը ինչ-որ տեղ սկսել է «յուղ վառել»։ Ստապետությունն իմ բառը չէ, ձեզնից մեկն է այդ բառը բավականին ակտիվ կիրառել վերջերս»։

Երկրորդ նախագահը պարզաբանեց, թե ինչու է որոշել հիմա մամուլի ասուլիսով հանդես գալ.«Աշխարհում բավականին շատ բաներ են փոխվում, հետաքրքիր ու ճակատագրական զարգացումներ են տեղի ունենում։ Նախագահ Թրամփն ուղղակի ապամոնտաժում է նեոլիբերալ աշխարհակարգը և այն գաղափարախոսությունը, որով դա առաջ էր մղվում աշխարհով մեկ։ Սա, իսկապես, մեծ փոփոխություն է իր հետ բերելու, եթե լինեն հետևողական, եթե այն, ինչ հայտարարում են, անեն։ Դրա հետ կապված մտել ենք մի ժամանակահատված, որն, անկասկած, անկայունության բաղադրիչ է ունենալու, բայց՝ պոզիտիվ սպասելիքներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել