Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ․։ Կոշտությունն այնպիսին էր, որ բանակցություններն անիմաստ են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինքը ոչ թե մտնում էր բանակցությունների մեջ, ինքը ասում էր՝ էս ինչ եք բերել, էս ինչ եք քննարկում։ Ավելի կոշտ չի եղել։ Ես երբեք որեւէ բանակցային գործընթացից չեմ հրաժարվել, ես չեմ վախեցել, որ կարող է մի փաստաթուղթ բերեմ, որին ես էդ այկիդոն (ճապոնական մարտարվեստ, որտեղ կան կտրուկ հնարքներ,-խմբ․) չկարողանամ անել, այկիդո ասած՝ լավ իմաստով։ Բանակցությունները ենթադրում են դիվանագիտություն»։
Նա նշեց՝ օրինակ, «Ընդհանուր պետության» գաղափարն իսկապես հետաքրքիր գաղափար էր․ «Այդ գաղափարն ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության ամուսնություն էր, ինչից մենք անընդհատ ուզում էինք պոկվել, որովհետեւ համարում էինք, որ Ղարաբաղի Հանրապետությունն ունի անխոցելի իրավական հիմքեր»։
Քոչարյանի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովը կապվել է, ասել՝ միտք կա՝ «Ընդհանուր պետության» գաղափարը․
«Այն ավելի մոտ է «Դեյտոնյան համաձայնագրին» (Բոսնիայում եւ Հերցեգովինայում պատերազմի ավարտի համաձայնագիրը,-հեղ․), նաեւ Ռուսաստանին դա ձեռք էր տալիս, որովհետեւ ուզում էին նման մոդել կիրառել Վրաստանում Աբխազիայի եւ Օսեթիայի հարցում, հիմա ես կարայի հետը մտնեի բանավեճերի մեջ, ասեի՝ պրինցիպիալ չեմ քննարկում, չեմ ուզում, փչացնեի հարաբերությունները։ Ես իրեն ծանոթանալուց հետո ասել եմ՝ պայմանավորվենք՝ ես քեզ ոչ այո եմ ասում, ոչ՝ ոչ, առաջարկը հետաքրքիր է, բայց ոչ այո եմ ասում, ոչ՝ ոչ, բայց ես քեզ 100 տոկոսով ասում եմ՝ Հ․ Ալիեւն այս մոդելը չի ընդունելու, որովհետեւ այդ մոդելը 7,5-միլիոնանոց Ադրբեջանի հետ ինքը չի ընդունելու։ Ինքն ասաց՝ ես լավ ծանոթ եմ, համոզված եմ, որ համոզելու եմ Հ․ Ալիեւին։ Ասացի՝ եկեք պայմանավորվենք, որ էս բանակցային գործընթացում ես ամենից դժվար կողմը չեմ լինելու քեզ համար, բայց հիմա չմտնենք վիճաբանության մեջ, եթե Ալիեւին համոզես, մենք կոնստրուկտիվ կքննարկենք, ոչ այո եմ ասել, ոչ՝ ոչ։ Գնացին Բաքու, Հ․ Ալիեւը կտրուկ էն գլխից մերժեք այդ տարբերակը, հետո խորհրդարանում ասաց՝ ամենից վատ տարբերակն է, որը երբեւիցե կարող էինք ստանալ։ Հետո Ադրբեջանից եկել է այստեղ, չենք քննարկել այդ հարցը, որովհետեւ հարցը փակված էր մի կողմից կտրուկ մերժումով։ Ես եղել եմ այն կողմը, որը բարիդրացիական վերաբերմունք էր դրսեւորել այդ հարցի վերաբերյալ։ Հիմա սա դիվանագիտություն է, թե ոչ»։
Քոչարյանն անդրադարձավ նաև Արցախի մասին հարցին․ «Ինչ կարելի է անել Ղարաբաղի հարցում․ չափազանց ծանր վիճակ է, այսօր անիմաստ է քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարց, այսօր միայն կա փոքր հավանականություն՝ քննարկել ղարաբաղցիների վերադարձի հարց։ Ռեալիզմը սա է։ Հավանականությունը փոքր է, բայց պետք է փորձել, փորձելու համար հմտություններ եւ ցանկցություն է պետք։ Մեր (նկատի ունի ներկա կառավարող ուժին,-խմբ․) մոտ երկուսն էլ չկա»։
Նա նշեց՝ Արցախը բանակցային գործընթացից դուրս չի մնացել։
«Մեկ օրինակ բերեք իմ ժամանակաշրջանի, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան եւ չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի ղեկավարության հետ։ ՄԽ շրջանակներում բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ, իմ եւ Ալիեւի բանակցային գործընթացը եղել է այդ գործընթացին զուգահեռ մի պրոցես, որն ավարտվել է Քի Վեսթով։ Եթե չլիներ Քի Վեսթը, որտեղ Ադրբեջանը համաձայնում էր, չէր լինի Մադրիդյան սկզբունքները, որոնք ուղղակի ֆիքսում էին Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, եւ ֆիքսվում էր ոչ թե տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման ամուսնությամբ, այլ հնարավորություն կար ամբողջական ինքնորոշման ճանապարհով ունենալ Արցախի Հանրապետություն»։
comment.count (0)