armenpress.am: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումներում խոսքը գնում է Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համաձայնության մասին։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ներկայում հարցն այն է, որպեսզի պայմանավորվենք, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով»,- ասել է նա։
Ուշակովի խոսքով՝ Մոսկվան ամերիկյան կողմի հետ հանդիպումը համաձայնեցրել է հեռախոսով։
Նրա տեղեկատվությամբ՝ երկկողմ բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի օրը։ Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է, որ հանդիպումից առաջ ռուսական պատվիրակությունը գործնական է տրամադրված, միաժամանակ՝ ԱՄՆ-ն դեռ չի նշանակել Ուկրաինայի հարցով իր բանակցողին։
Ռուսական կողմը բանակցություններում կներկայացնեն նախագահի օգնականը, Արտաքին գործերի նախարարը, իսկ տնտեսական հարցերով՝ նաև Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավարը Կիրիլ Դմիտրևը։
Ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք տեղի կունենան փետրվարի 18-ին Էր Ռիադում, կանցկացվեն առանց երրորդ երկրների մասնակցության։
«Առայժմ, այս համատեքստում, մենք խոսում ենք երկկողմ բանակցությունների մասին: Մենք, ըստ էության, այդ նպատակով թռչում ենք Էր Ռիադ»,- ասել է Ուշակովն Առաջին ալիքի եթերում՝ պատասխանելով ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների կոնֆիգուրացիայի մասին հարցին։
comment.count (0)