armenpress.am: Հանրապետությունում աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման աշխատանքներն ակտիվ փուլում են։ Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, առաջիկայում սպասվում է ենթակառուցվածքների ապահովման գործընթացը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ համակարգը ներդրվում է փուլային տարբերակով։
Նոր կարգավորումները 2025 թվականի հուլիսի 1-ից կլինեն կամավոր, 2026 թվականի հունվարի 1-ից՝ պարտադիր։ Ո՞րն է գործատուի անելիքը
Դա նշանակում է, որ հաջորդ տարվանից բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թվային համակարգով, և բոլոր գործընթացները լինելու են էլեկտրոնային եղանակով։ «Գործելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները, և այնտեղ լինելու է հնարավորություն ստեղծելու աշխատանքային պայմանագիր։ Ասեմ, որ ի սկզբանե լինելու է աշխատանքային պայմանագրի կաղապար, այսինքն՝ կոնկրետ պարտադիր դաշտեր, որտեղ գործատուն պետք է լրացնի համապատասխան տվյալները։ Ամեն դեպքում համակարգը ճկուն է ,և, եթե կլինեն դրույթներ, աշխատանքային պայմաններ, որոնք աշխատողը կամ գործատուն կուզենան ներառել պայմանագրում, ապա կարող են ավելացնել»,-ասաց ժորա Սարգսյանը։
Երբ գործատուն լրացնում է բոլոր դաշտերը, դրանից հետո այն էլեկտրոնային եղանակով ստորագրում է։ Հարթակում հնարավոր է լինելու պայմանագրում կատարել փոփոխություն կամ պայմանագրերը լուծել։ Մեկ հավելում ևս։ Գործատուն աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային հարթակում աշխատողի հետ կնքելուց հետո այլևս գրանցման հայտ տալու անհրաժեշտություն չի ունենալու։ Պայմանագրի բովանդակությունից կգեներացվի գրանցման հայտը։
Ի՞նչ պետք է անի աշխատանքի ընդունվող քաղաքացին
Գործատուի կողմից էլեկտրոնային ստորագրությունը դնելուց հետո աշխատանքի ընդունվողն իր էլեկտրոնային հասցեին ստանում է ծանուցում, որ իր անունով ստեղծվել է աշխատանքային պայմանագիր։ Անձը այդ դեպքում մուտք է գործում «Ես եմ» հարթակ և տեսնում է իր համար ստեղծված աշխատանքային պայմանագրի նախագիծը։ Համաձայնության դեպքում այն ստորագրում է։
«Այստեղ ուզում եմ նշել հետևյալը։ Այսօր քաղաքացիների մի զգալի մասն իրենց եկամուտները հայտարարագրում են հենց «Ես եմ» հարթակի միջոցով, բջջային օպերատորների մոտ ձեռք բերված էլեկտրոնային ստորագրությամբ, այն է 6-8 նիշից բաղկացած կոդով։ Դա նշանակում է, որ թվային պայմանագրերը տեսնելու, դրանք ստորագրությամբ հաստատելու համար հավելյալ գործողությունների կարիք չի լինի, խնդիրներ չեն առաջանա։ Ինչպես հայտարարագրի համար մուտք են գործում «Ես եմ» հարթակ, այդպես էլ աշխատանքային պայմանագիրը տեսնելու համար նույն կերպ մուտք կգործեն ու կտեսնեն ու այն կստորագրեն»,-ասաց Ժորա Սարգսյանը։ Նախարարության ներկայացուցիչը միայն հորդորեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս փուլում չեն աշխատում, միևնույնն է դիմեն բջջային օպերատորին և իրենց էլեկտրոնային ստորագրությունը ստանան։ Հետագայում աշխատանքի ընդունվելու պարագայում այդ ստորագրությունը ստանալու համար կարող է ժամանակ պահանջվել։
Ի՞նչ է լինելու այն աշխատողների պարագայում, որոնց պայմանագրերը կնքվել են ավելի վաղ
Այս մասով ևս Աշխատանքային օրենսգրքով նախատեսված են փոփոխություններ։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրամադրվելու բոլոր գործատուներին, որ ավելի վաղ ընդունված աշխատողների պայմանագրերը ևս այդ հարթակում լրացնեն։ Խոսքն այն աշխատողների մասին է, որոնք այդ պահին գործատուի մոտ աշխատում են։ Այն պայմանագրերը, որոնք մինչ այդ լուծվել են, ապա դրանց տվյալները համակարգում պետք չէ ներկայացնել։
Աշխատողների աշխատանքային պայմանագրերը կմուտքագրվեն այդ օրվա ամսաթվով ու քաղաքացին կդնի իր էլեկտրոնային ստորագրությունը, սակայն պայմանագրում նշվելու է, որ նա աշխատանքի է ընդունվել, օրինակ, 2001 թվականին։
Գաղտնիության պայմանները
Ցանկացած ժամանակ քաղաքացին այդ նույն հարթակում կարող է տեսնել իր մյուս աշխատանքային պայմանագրերը ևս, հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Քաղաքացին տեսնելու է միայն իր պայմանագրերը, մյուս աշխատողների պայմանագրերը տեսնելու հնարավորություն չի ունենալու։ Գործատուն էլ տեսնելու է միայն իր աշխատողների պայմանագրերը։ Այսինքն՝ գործատուն չի տեսնելու իր աշխատողի՝ տարբեր գործատուների մոտ եղած պայմանագրերը։
Ակնկալիքները համակարգի ներդրումից
Ժորա Սարգսյանը նշեց, որ այս սպասվող փոփոխությունները նախ կնպաստեն, որ փաստաթղթաշրջանառության ծավալը կտրուկ նվազի։ Դրանից բացի, գործատուի կողմից արվող գործողությունները կկրճատվեն, ինչպես նաև կնքվող աշխատանքային պայմանագրերը կհամապատասխանեն օրենքին։ Աշխատողներն էլ կարող են մեկ հարթակում տեսնել իրենց ունեցած աշխատանքային պայմանագրերը, կխուսափեն այն հնարավոր խնդիրներից, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը թղթային տարբերակով կազմում է, սակայն գործնականում պատկան մարմիններին հայտ չի տալիս։ Ու ստացվում է, որ այդ թղթային տարբերակով պայմանագիրն իրավական ուժ չունի, դա միայն թուղթ է։ Այս հնարավոր խնդիրները ևս չեն լինի։
comment.count (0)