Պատրիարքարանի սեփականությունը վտանգված է. Երուսաղեմի քաղաքապետարանը ցանկանում է բռնագրավել հայկական գույքը
16:43 - 19 փետրվարի, 2025

Պատրիարքարանի սեփականությունը վտանգված է. Երուսաղեմի քաղաքապետարանը ցանկանում է բռնագրավել հայկական գույքը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն ահազանգում է․ քաղաքապետարանը մտադիր է բռնագրավել և աճուրդով վաճառել Պատրիարքարանի՝ Հին քաղաքից դուրս գտնվող սեփականությունները՝ պատճառաբանելով 1994 թվականից չվճարված գույքահարկը։

Առաջիկա երկուշաբթի տեղի կունենա վարչական միջնորդության լսում, որտեղ Պատրիարքարանը կփորձի կանխել Արևմտյան Երուսաղեմում դարեր շարունակ իրեն պատկանող գույքի օտարումը։ Եթե միջնորդությունը մերժվի, քաղաքապետարանը կսկսի գույքի բռնագրավման և աճուրդի գործընթացը՝ ձգտելով հավաքել այն, ինչը Պատրիարքարանը համարում է «վիճելի պարտքեր»։ Ըստ Պատրիարքարանի՝ այս պարտքերը երբևէ չեն հաստատվել դատական կարգով։

Պատրիարքարանը բողոքում է քաղաքապետարանի գանձման պաշտոնյայի գործողությունների դեմ։ Վերջինս, առանց վաղեմության ժամկետը հաշվի առնելու և պարտքի ծագման վերաբերյալ հստակ փաստաթղթեր ներկայացնելու, Պատրիարքարանին «աստղաբաշխական» գումարի պարտք է վերագրել։ Հատկանշական է, որ վիճելի պարտքի մեծ մասը վերաբերում է մի գույքի, որը ներկայումս վարձակալում է հենց քաղաքապետարանը։

Իրավիճակը կարգավորելու համար Պատրիարքարանը դիմել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և կառավարական հանձնաժողովի ղեկավար Ցախի Հանեգբիին՝ խնդրելով անհապաղ միջամտել և կասեցնել քաղաքապետարանի գործողությունները։

Այս հարկային վեճը չի առնչվում Հայոց թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» հայտնի խնդրին, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Պատրիարքարանի համար և վերջերս հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում՝ կառուցապատողներին վարձակալության տրամադրման փորձերի պատճառով։ Սակայն ներկայիս հարկային խնդիրն էլ ավելի է բարդացնում հայկական համայնքի դրությունը, որն արդեն իսկ մտահոգված է Հայոց թաղամասի ապագայով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել