Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղում ժողովրդին, որտեղ ասում է, որ իր ներկայացրած իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ ՀՀ-ի հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ։ Փաշինյանի խոսքով՝ հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդն ինքն իրեն ոչ միայն ընկալի որպես պետության հիմնադիր, այլեւ պետության մեջ հաստատված իրաակարգի աղբյուր, սահմանադրական կարգն ընկալի որպես համակեցության՝ իր մասնակցությամբ եւ որոշմամբ ձեռք բերված համաժողովրդական պայմանավորվածություն։
«Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցնումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ[...]»- ասաց Փաշինյանը։
Երկրորդ կետում Փաշինյանն ասաց, որ ազգ եւ ժողովուրդ հասկացությունները հաճախ նույնացվում են, բայց քաղաքական դիտանկյունից դրանք էականորեն տարբերվում են՝ շարունակելով փոխկապակցված լինել մեկը մյուսին․
«Ըստ այդմ՝ ազգն էթնիկ ընդհանրություն ունեցող հավաքականությունն է, որը կապված չէ քաղաքական ընդհանուր իրավունակությամբ, իսկ ժողովուրդը քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն, ասել է, թե ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, սահմանադիրը, իշխանության աղբյուրը եւ իշխանության գերագույն կրողը։ Հայ ժողովուրդը, ըստ այդմ, հայ ազգի պետականակերտ հատվածն է, հայ ժողովուրդը Հայաստանի ժողովրդի առանցնք է, Հայաստանի ժողովրդի մաս են նաեւ այլ ազգերի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները[...]»։
Երրորդ դրույթը․
«Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց․ ժողովուրդը պետություն ստեղծում է՝ որպես բարեկեցության գործիք, պետությունը հայաստանյան իրականությունը պարբերաբար փոթորկող «որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքի նպատակակետն է, այսինքն՝ այն տեղը, որտեղ կա հաց, որովհետեւ պետությունն այն գործիքն է, որով ստեղծվում է հաց, ասել է թե բարեկեցություն, եւ հետեւաբար այդտեղ, այդ պետությունում պետք է մնալ[...]»։
Չորրորդ դրույթը․
«Հարստացիր եւ հարստացրու․ հարստանալը եւ հարստացնելը հանրային բարեկեցություն հաստատելու առանցքային խթան են, եւ այն պետք է տեղավորել ոչ թե փողի ետեւից մրցավազքի, այլ արդյունք ստեղծելու համար մրցակցության՝ անհատին եւ պետությունը զարգացնող տրամաբանության մեջ։ Լավ ապրելը պետքէ աառնա կանոն՝ բարեկեցության սահմանված ստանդարտի տրամաբանության մեջ եւ այն ըմբռնմամբ, որ լավ ապրելու միակ գործիքը շատ աշխատելն է, շատ վաստակելը, շատ ծախսելը[...]»։
Հինգերորդ դրույթ․
«Մարդը բարձրագույն արժեք է․ սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալն առաջնահերթություն է։ Հացի, փողի, հարստության, լավ ապրելու մասին խոսույթի ներառումը քաղաքական գաղափարախոսության մեջ անսովոր է մեր քաղաքական կյանքի եւ իրականության համար, եւ կարող է գնահատվել որպես բարձր արժեքների քաղաքականությունից հրաժարում կամ բարձր քաղաքականության արժեզրկում։ «Բարձր արժեքների» վրա հիմնված քաղաքականությունները երբեմն տեսադաշտից բաց են թողնում արժեքներից բարձրագույնին, մարդուն, եւ նրա ամենօրյա կենսական կարիքները՝ ապրելու եւ կյանքը վայելելու նրա բնականոն մղումը [...]»։
Վեցերորդ դրույթը․
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է․ ընտանեկան, գերդաստանային կապերի ամրության հայաստանյան ավանդույթը կենսական ռեսուրս է պետականության ամրապնդման համար։ Անհրաժեշտ է այդ ավանդույթը ընտանեկան, տոհմային հարթությունից զարգացնել մինչեւ հանրային-պետական մակարդակ՝ վերաբերելի դարձնելով անհատի եւ պետության հարաբերություններին։ Ժողովրդի եւ պետության առաջ անհատի առաջնային հոգսը հարկեր վճարելն է, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր անդամի առաջնային հոգսը ընտանիքի նյութական ապահովությունն է։ ՀՀ պետբյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի մասն է, պետբյուջեն բարօրության համար ավելի մեծ միջոցներ է ծախսում, քան յուրաքանչյուր ընտանիքն իր համար, հետեւաբար ինչպես որեւէ մեկն ավելորդ չի համարում իր ընտանիքի համար ավելորդ ծախսերը, այնպես էլ ավելորդ չպետք է համարի ՀՀ-ի նկատմամբ հարկային պարտականությունների եւ պարտավորությունների կատարումը [...]»։
Յոթերորդ դրույթ․
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես․ անհատական ջանքը պետության զարգացման առանցքային պայման է, այդ պայմանը սկսում է արդյունավետ գործել այն պահից, երբ անհատը գիտակցում է սեփական ջանք․․․ [տեսանյութից մի քանի վայրկայն ընդհատվում է եւ չի լսվում նախադասության ավարտը,-խմբ,]։ Անհատի ջանքի արժեւորումը եւ դրա դրսեւորումը հնարավոր է կրթության միջոցով, կրթությունը պետության զարգացման ռազմավարության ցկյանս գործընթաց է [...]»:
Ութերորդ դրույթ․
«Երջանիկ անհատ․ անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, ունի սիրված աշխատանք, որի վաստակով հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմաններին, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգեւոր կյանքին եւ կամ մշակույթին։ Սեփական երջանկության համար պայմաններ ապահովելով՝ անհատը միջավայր է ստեղծում նաեւ ուրիշ անհատների եւ հանրության երջանկության համար»։
Իններորդ դրույթ․
«Հանրությունն այն միջավայրն է, որտեղ կայանում է անհատի զարգացումը։ Կրթությունը, մշակութային կյանքը, աշխատանքը, գործարարությունը, հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ, առողջ սննդակարգը եւ ակտիվ ապրելակերպը, օրենքի նկատմամբ, հարգանքը, բազմակարծությունը, ժողովրդավարությունը եւ դրա շուրջ հանրային միասնությունը մեծապես միջավայրային գործոններ են կամ առավել արդյունավետ դրսեւորվում են համապատասխան միջավայրում [...]»:
Տասներորդ դրույթ․
«Պետությունը հզոր է այնքանով, որքանով զարգացած է նրա տնտեսությունը: Հետևաբար, քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսական հզորացմանը: Պետական շահը տնտեսական զարգացումն է: Սա քաղաքականությունների ապաարժեքայնացման միտում չէ, որովհետև հանրային տրամադրությունը համարվում է տնտեսության զարգացման կարևորագույն գործոն: Արժեքները և նրանց նկատմամբ նվիրվածությունը, մշակույթը և կրթությունն անհատի և հանրության աշխատանքի, տնտեսական գործունեության մոտիվացման առանցքային գործոն են: Արժեքահեն քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը [...]»:
Տասնմեկերրորդ դրույթ․
«Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է։ Վերափոխումը կենսունակության առանցքային պայման է: Ինչպես անհատը, այնպես էլ հանրությունն ու պետությունը պետք է ռեֆլեքսիայի հմտությունը խորացնեն մինչև գենետիկ մակարդակ: Ճշմարտությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ, նպատակը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, ինքնանպատակ է, համոզմունքը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է: Հարափոփոխ կյանքում կենսունակ լինելու միակ բանաձևը ռեֆլեքսիան, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունն է[...]»:
Տասներկուերորդ դրույթ․
«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է ժողովրդի համար, բայց այս նպատակին առավել արդյունավետ ծառայելու համար պետությունը պետք է լինի հնարավորինս անկախ: Փոխինտեգրված և գնալով ավելի փոխինտեգրվող աշխարհում անկախությունը ոչ միայն բացարձակ չէ, այլև երբեք չի եղել բացարձակ, որովհետև պետություններն այսպես թե այնպես կախված են այլ պետություններից: Հետևաբար, անկախ եղել են, կան և կլինեն այն պետությունները, որոնք կախված են ոչ թե քչերից, այլ շատերից:
Հետևաբար, անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու ռազմավարությունն է: Եթե պետությունն արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից: Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է: Սա նշանակում է ոչ թե բոլորից հավասար կախված լինել, այլ մեկից կախվածությունը հավասարակշռել մյուսից կախվածությամբ, բայց այդ հարաբերության մեջ երբեք չլինել ստատիկ: Բալանսավորումն անընդհատ գործընթաց է, որի անհրաժեշտությունը գնահատվում է պարբերաբար»:
Տասներեքերորդ դրույթ․
« Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է – Խաղաղությունն արտաքին հարաբերությունների վերջնանպատակն է: Երբ խաղաղությունը հաստատված է, այն շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների վերջնանպատակ, արտահայտվելով տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությամբ:
Խաղաղությունն առաջին հերթին տարածաշրջանային գործոն է, որովհետև խաղաղությունը կամ նրա բացակայությունն առաջին հերթին արտահայտվում է անմիջական հարևանների հետ հարաբերություններում, ապա միջազգային, ապա համաշխարհային: Խաղաղությունը ռազմավարական և երկարաժամկետ առումով հնարավոր է, երբ դառնում է հմտություն, որը պիտի արտահայտվի հարևանների միջավայրում առանց արտաքին աջակցության և համագործակցված ապրելու կարողությամբ: Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է:
Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ են տարածաշրջանի երկրների փոխկախվածությունները, տարածաշրջանային և համաշխարհային մատակարարումների ցանցում և առևտրում երկրի ունեցած տեղը: Պաշտպանունակ բանակը նույնպես խաղաղության էական գործոն է, անկախության և պետականության էական բաղադրիչ»:
Տասնչորսերրորդ դրույթ․
«Ապագա կա՛, կա՛ Ապագա։ Ապագան այսպես թե այնպես գալու է: Իսկ թե ինչպիսին կլինի, կախված է երեկն ընկալելու և այն այսօրվա աշխատանքի գիտելիք ու հմտություն դարձնելու կարողությունից: Ապագան այսօրվա աշխատանքի արդյունքն է: Ապագան այսօր է: Այսօր սկսիր լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում»:
comment.count (0)