Երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը ծանուցում է ստանում, որ դիմումի համաձայն նրան ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, այդ պահից նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից և զգուշացնում, որ այդ պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։
Ծառայությունից հորդորում են ծանուցում ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրված 070 կոդով անձնագիրը ՀՀ քաղաքացիություն չի շնորհում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015 թվականի հունիսի 16–ի «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում անձնագրային համակարգի կազմակերպմանն առնչվող համաձայնագրին: Ըստ այդ համաձայնագրի՝ ՀՀ-ն տրամադրում է իր անձնագիրը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում:
comment.count (0)