Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացված ստուգման արդյունքներով քրեական վարույթ է նախաձեռնվել
 |hetq.am|
11:42 - 23 փետրվարի, 2025

Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացված ստուգման արդյունքներով քրեական վարույթ է նախաձեռնվել |hetq.am|

hetq.am: Հունվարի 15-ին Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքներով: Հաղորդումը ՔԿ ներկայացրել էր ԲԸՏՄ-ն:

Հիշեցնենք, որ, ըստ ԲԸՏՄ-ի, ԼՀԿ-ի կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար: Սակայն կոմբինատը համաձայն չէ տեսչական մարմնի հետ, եւ այժմ դատարանում երկու հայցով վիճարկում է ԲԸՏՄ-ի գործողությունները:

Քննչական կոմիտեն «Հետքին» փոխանցել է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Օրենսդրական այս դրույթը սահմանում է, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է հասցրել հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է 1-3 տարով ազատության սահմանափակմամբ կամ 1-2 ամիս կարճաժամկետ ազատազրկմամբ կամ 2-5 տարվա ազատազրկմամբ: Այս պարագայում առանձնապես խոշոր չափ է համարվում 5 մլն դրամը գերազանցող գումարը (արժեքը): Սակայն 281-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը եւ հաշվարկված տույժերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել