Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի բացառիկ հարցազրույցը «Ռադիոլուրին»
 |hy.armradio.am|
11:59 - 23 փետրվարի, 2025

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի բացառիկ հարցազրույցը «Ռադիոլուրին» |hy.armradio.am|

hy.armradio.am: «Հայաստանի հանրային ռադիո»-ն հարցազրույց է անցկացրել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Հարցազրույցը՝ ստորև․

Պարոն Դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի այս բացառիկ հնարավորության համար։ Իմ հարցերը շատ են, իսկ Դուք ինչո՞վ կուզենայիք սկսել զրույցը։

–Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեր հրավերի համար։ Ինձ համար մեծ պատիվ է Հանրային ռադիոյում զրուցել ձեզ հետ։ Դեռ 2025-ի սկիզբն է, և ցանկությունս եմ ուզում հայտնել, որ այս տարին հայ-ֆրանսիական հարաբերությունների համար լինի արտակարգ տարի մեր մշակութային հարաբերությունների առումով, տնտեսական հարաբերությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության և այն ամենի, ինչի շնորհիվ հայ և ֆրանսիացի ժողովուրդներն այդքան սերտ հարաբերություններ ունեն։

Օրերս եք վերադարձել Ֆրանսիայից, որտեղ փետրվարի 10-ին ներկա էիք Փաշինյան-Մակրոն հանդիպմանը։ Ի՞նչ նոր մեսիջներով եք վերադարձել ։

–Նախ և առաջ միայն այն փաստը, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ, արդեն իսկ վկայում է այն կարևորության մասին, որն ունի Հայաստանը Ֆրանսիայի համար, ու նաև անձնական հարաբերությունների համար, որ գոյություն ունեն նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի միջև։ Ճիշտ ինչպես անցած տարվա աշնանը տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ամեն անգամ, երբ Փարիզում միջազգային կարևոր որևէ իրադարձություն է տեղի ունենում, վարչապետ Փաշինյանը նախ մասնակցում է այդ իրադարձությանը, և երկրորդ՝ Ֆրանսիայի նախագահը միշտ նրան առանձին հանդիպելու ժամանակ է գտնում՝ խոսելու երկկողմ հարաբերությունների մասին։ Այսինքն՝ այս հանդիպումը ևս մեկ անգամ վկայում է մեր հարաբերությունների շատ բարձր մակարդակի մասին։
Թե Ֆրանսիայի նախագահը, թե Հայաստանի վարչապետը մեզ ուղղություն են տվել՝ շարունակելու գործակցությունն էներգետիկայի, պաշտպանության, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Բնականաբար, Փարիզում խոսել են նաև տարածաշրջանում իրավիճակի, Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է՝ նպատակ է դրված հասնել խաղաղության համաձայնագրի, ու նախ և առաջ պետք է հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։

Հայաստանի և Ֆրանսիայի բազմաոլորտ գործակցության մեջ առանցքային է պաշտպանական ոլորտը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին ստորագրվեց երկու երկրների պաշտպանական գործակցության 2025 թ․ ծրագիրը։ Այս առումով ի՞նչ նոր անելիքներ են նախանշվում, որոնք կարող ենք հրապարակել։

–Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունն իրականում դեռ նոր է, բայց շատ արագ է զարգանում։ 2025-ին այն կունենա երեք հիմնական ուղղություն, առաջինը՝ պաշտպանական տեխնիկայի տրամադրում Հայաստանին․ Ֆրանսիան, ի դեպ, արևմտյան միակ երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է տրամադրում Հայաստանին․ հուսով ենք, որ այլ երկրներ ևս կհետևեն մեզ։ Երկրորդ ուղղությունը հայ զինվորականների վերապատրաստումն է թե Հայաստանում, թե Ֆրանսիայում։ Երրորդ ուղղությունը խորհրդատվական ծառայություններն են, որոնք տրամադրվում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ինչը հնարավորություն կտա բարեփոխել եւ հզորացնել հայկական բանակը։

Ալիևը հունվարի 8-ին հայտարարել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը, Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը», և թե «Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն»: Պաշտոնական Փարիզի արձագանքը։

–Պաշտոնական Փարիզի դիրքորոշումն այն է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Եւ շարունակվում է նույն նպատակով՝ օգնել Հայաստանին՝ պաշտպանել իր տարածքը, իր բնակչությանը և իր ինքնիշխանությունը։

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է», և որ ձեռք է բերում պաշտպանական սպառազինություն։ Այս համատեքստում Դուք ինչպե՞ս եք ընկալում Ալիևի հայտարարությունը, թե «մենք մեր ասածին շատ լուրջ ենք վերաբերվում»։ Սա սպառնալի՞ք է, էսկալացիայի զգուշացո՞ւմ։

–Բնականաբար, կան մտահոգիչ խոսույթներ։ Այնուամենայնիվ, երբ դիտարկում ենք իրավիճակն այստեղ, տեսնում ենք, որ կա հարաբերական կայունություն, այսինքն՝ ռազմական լուրջ միջադեպեր՝ մահ կամ վիրավորումներ, մոտ մեկ տարի է՝ չեն եղել, և սա մասամբ նաև ԵՄ եվրոպական դիտորդական առաքելության շնորհիվ է, որը տեղում է և որը կարող է զգուշացնել որևէ միջադեպի դեպքում, որը նաև կարող է հստակեցնել կեղծ նորությունները, բացահայտել դրանք։ Բայց, բնականաբար, մտահոգությունների առիթ կա, որովհետև քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, զինված հակամարտության հնարավորություն միշտ էլ կա։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք պաշտպանական ոլորտում մեր գործակցությունը եւ աջակցում ենք Հայաստանին՝ հասնելու խաղաղության։

Եվրոպական Միության առաքելության ղեկավարն էլ հայտարարեց, որ լարվածություն առանձնապես չի նկատվել։ Փաստորեն, Դուք էլ եք ասում, որ էսկալացիայի ֆոն, գոնե որպես այդպիսին, չեք նկատում։

Պետք է մի քանի բան առանձնացնել․ մոտ մեկ տարի է՝ լուրջ միջադեպեր չեն եղել։ Միաժամանակ, մեր դիտարկմամբ, անցյալ ամառվանից սկսած՝ խաղաղության շուրջ բանակցություններում էլ առանձնակի առաջընթաց չի եղել։ Քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիր, հակամարտությունը կարող է վերսկսել։ Այսօր իրավիճակը քիչ թե շատ խաղաղ է, բայց կայուն չէ, ուստի պետք է անել առավելագույնը՝ հասնելու խաղաղության, կայուն խաղաղության։

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվեց 2 տարով, ինչին Բաքուն դեմ էր։ Այս առաքելության կարևորությունն ընդգծվում է հատկապես այն առումով, որ Բաքուն հրաժարվում է սահմանին հետաքննական մեխանիզմներ կիրառելուց, ինչը հետևողականորեն առաջարկում է Հայաստանը։ Սա ինչի՞ մասին է խոսում։

Կարծում եմ՝ այս առումով իրավիճակը շատ պարզ է․ մենք խոսում ենք եվրոպական առաքելության մասին, որը տեղակայված է Հայաստանի տարածքում, այսինքն՝ հայերն են, որ լեգիտիմ իրավունք ունեն դիմելու դրա երկարաձգման համար, և եվրոպացիներն են, որ որոշում են։ Ադրբեջանին ևս առաջարկ էր արվել, որ առաքելություն տեղակայվի նաև ադրբեջանական կողմում, սակայն Ադրբեջանը հրաժարվել է։
Իսկապես, ՀՀ կառավարության կողմից առաջարկ կա ստեղծել հետաքննական մեխանիզմ, որը հնարավորություն կտա միջադեպերի մասին հստակ պատկերացում կազմել։ Բնականաբար, սա կօգներ լարվածությունը նվազեցնել, բայց այս առաջարկը քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև, սա չի արվում եվրոպական առաքելության շրջանակում։

Փաստ է՝ ինչ եվրոպական առաքելությունը պարեկություն է անում այս տարածքներում և ռազմական կոնտակտային գծի վրա, որովհետև ադրբեջանական դիրքեր կան Հայաստանի տարածքում ևս, նվազել են միջադեպերը, ուստի կարող ենք հստակ ասել, որ սա դրական ազդեցություն ունի Հայաստանի կայունության վրա։ Եւ եվրոպական տարբեր առաջնորդներ, որոնք այցելել են այստեղի կենտրոնատեղի կամ իրենց հետ պարեկություն են արել, մի կողմից արձանագրել են, որ դիտորդները շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, մյուս կողմից, որ նրանց զուտ ներկայությունն արդեն իսկ վստահություն է ներշնչում սահմանամերձ բնակչությանը, և այդ բնակչությունը, հիշենք, այն տարածքներում է ապրում, որոնք ամենամեծ սպառնալիքի տակ են։ Եւ դիտորդների հանդեպ մեծ ջերմություն և շնորհակալական զգացում կա այս կողմից։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։ Որքանո՞վ եք սրանք իրատեսական համարում Բաքվի նորանոր պահանջների համատեքստում՝ (Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ ՄԽ լուծարում): Այս համատեքստում Դուք խաղաղության պայմանագիրը որքանո՞վ մոտ ու հնարավոր եք համարում, և ինչպիսին է Ձեր դիտարկումը սահմանազատման ընթացքի հետ կապված։

–Սահմանազատման աշխատանքը շատ դրական և շատ կոնկրետ է։ Ի դեպ, այսօրվա դրությամբ սա բանակցային ընդհանուր գործընթացի միակ հատվածն է, որ շոշափելի արդյունքներ է տվել։ Ես զրույցներ եմ ունեցել սահմանամերձ քաղաքների ու գյուղերի բնակիչների հետ, որոնց համար էլ է դրական ու ցանկալի՝ հստակ իմանալ, թե իսկապես որտեղ է սահմանը։ Սա դրական գործընթաց է, որը պետք է շարունակվի։ Բայց, բնականաբար, պետք է շարունակել նաև բանակցային գործընթացը, որովհետև ամբողջական լուծման համար պետք է լինեն մի կողմից խաղաղության համաձայնագիր, մյուս կողմից՝ հստակ սահմաններ։

Մինսկի խմբի լուծարման՝ Բաքվի պահանջին անդրադառնանք․ Դուք խմբի կենսունակությունը, պահպանման անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք։

Այս թեման իրականում պետք է քննարկվի բոլոր մասնակիցների կողմից, այսինքն հակամարտության երկու կողմերն ու Մինսկի խմբի անդամ երկրները։ Այս հարցին ես, որպես Ֆրանսիայի դեսպան, չեմ կարող պատասխան տալ։ Սա դիվանագիտական հարց է, որը մի շարք երկրներ է ներառում։

Որքանո՞վ եք մոտիկ ու իրատեսական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումն այն համատեքստում, երբ Բաքուն անթաքույց նկրտումներ է ի ցույց դնում Հայաստանի տարածքների նկատմամբ, այն համատեքստում, երբ ադրբեջանական զորքերը շարունակում են տեղակայված մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանի որոշ տարածքներ շարունակում են մնալ օկուպացված։

Խաղաղության համաձայնագրի հիմքը պետք է լինեն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքները, այսինքն՝ միջազգային սահմանները պետք է լինեն նախկին խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները, ինչը նշանակում է, որ այն օկուպացնող զորքերը, որոնք գտնում են այդ սահմաններից այն կողմ, պետք է վերադառնան իրենց տեղերը։ Հայաստանն այդ առումով միջոցներ ձեռնարկեց՝ տարհանելով այն, այսպես ասած, չորսը գյուղերը, նույնիսկ, եթե այդ գյուղերը բնակեցված չէին։ Ադրբեջանը նույն միջոցները պետք է ձեռնարկի իր կողմից։

Մենք կարո՞ղ ենք ակնկալել կամ կարո՞ղ ենք ընկալել, որ Դուք լիահույս եք, որ բանակցությունները կտան այդ արդյունքը, և Ադրբեջանը դուրս կբերի իր զորքերը։

Երբ դիվանագետ ես, դու չես ակնկալում, դու աշխատում ես այդ ուղղությամբ՝ հասնելու արդար, կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը հիմնված կլինի Ալմա Աթայի հռչակագրի վրա։

Խնդրում եմ Ձեր արձագանքն Ադրբեջանի կողմից կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասով․ սա տարածքային նկրտումների մեկ այլ դրսևորում է, որի տակ նկատի են առնվում Հայաստանի մի շարք մարզերի տարածքներ։

Շատ պարզ է իրականում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից կա 2 լեգիտիմ իրականություն՝ Հայաստանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և Ադրբեջանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և վերջ։

Դուք տարեվերջին Սյունիքում էիք, որի ռազմավարական նշանակությունը մեկ անգամ չէ, որ ընդգծվում է։ Ֆրանսիայի արտգործնախարար Կետրին Կոլոնան 2023-ին Երևանում խոսել էր Սյունիքում հյուպատոսություն բացելու ցանկության մասին։ Ի՞նչ փուլում է գործընթացը։

Միայն տարեվերջին չէ, որ Սյունիք էի գնացել։ Սյունիք ամենահաճախն եմ այցելում, որովհետև Հայաստանի ամենառազմավարական և սպառնալիքի տակ ամենաշատը գտնվող մարզն է։ Այն, ինչ մտադիր ենք, ցանկանում ենք բացել Սյունիքում, բուն հյուպատոսություն չէ, այլ՝ հյուպատոսական գրասենյակ, այսինքն՝ պատվավոր հյուպատոսի վարած գրասենյակ։ Արդեն որոշել ենք․ այն կտեղակայվի Գորիսում, որովհետև Գորիսը մի կողմից, կարելի է ասել, Սյունիքի խաչմերուկն է, և մյուս կողմից առանձնակի կապ ունի ֆրանսերեն լեզվի հետ․ բնակչության համամասնությունը հաշվի առնելով՝ թերևս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է։ Ժամկետ դեռ չեմ կարող ասել, որովհետև ցանկանում ենք նաև բավականին գեղեցիկ բացման արարողություն կազմակերպել, բայց կարող եմ ասել՝ շուտով։

Փարիզ-Բաքու հարաբերություններն ակնհայտորեն սրված են, ինչի հիմքում նաև հայկական գործոնն է ու դրա բերումով Ադրբեջանից հնչող կոշտ հայտարարությունները։ Կարո՞ղ ենք ձևակերպել, որ հայ-ֆրանսիական գործակցության «ՕԳԳ»-ն այնքան բարձր է գնահատվում, որ դրա կողքին Փարիզը պատրաստ է Բաքվի հետ լարվածությանը։

Կարծում եմ, որ շատ հստակ են Ադրբեջանի թշնամական, նույնիսկ գրոտեսկային հայտարարությունների պատճառն ու նաև նրանց միջամտությունը ֆրանսիայի գործերին, մասնավորապես, անդրծովյան տարածքներում։ Ակնհայտ է, որ դա կապված է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության հետ, մասնավորապես, պաշտպանության ոլորտում, բայց, ինչպես կարող եք ինքներդ արձանագրել, մեր գործակցությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով՝ անխափան։ Ֆրանսիայի նախագահը բոլորովին վերջերս հանդիպեց Հայաստանի վարչապետին, դեկտեմբերին հանդիպեցին մեր պաշտպանության նախարարները։

Բաքվի «ձեռքի գործն» ակնհայտ էր նաև Նոր Կալեդոնիայում լարվածության ժամանակ, կարծես ստացվեց հարթել այդ լարվածությունը։ Դրա կողքին ես ուզում եմ հիշել մի շատ գեղեցիկ հայերեն բառ՝ «առանձնաշնորհյալ»․ հենց դրանով է բնութագրվում հայ-ֆրանսիական գործակցությունը։ Դո՞ւք ինչպես կբնութագրեք հայ-ֆրանսիական հարաբերությունները։

Ես կասեի՝ շատ սերտ, որովհետև շատ վաղուց ենք իրար ճանաչում։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև հարաբերությունները, բարեկամությունը բազմադարյա են՝ դեռ Կիլիկյան թագավորությունից սկսած, Մարսելում դեռ 17-րդ դարում հայ վաճառականների բնակությունից սկսած։ Շատ սերտ է, որովհետև հայ ժողովրդի կողմից շատ մեծ ներդրում կա ֆրանսիական ինքնության մեջ՝ շատ ու շատ ծագումով հայ ֆրանսիացիների գոյությամբ իսկ, նաև ծագումով հայ ֆրանսիացիների ամբողջ նպաստով, որ ներդրվել է Ֆրանսիայի պատմության, մշակույթի ոլորտներում։ Մտածում եմ, բնականաբար, Ազնավուրի մասին, մտածում եմ նաև մեծ դիմադրող Միսաք Մանուշյանի մասին։ Այս հարաբերություններն էլ ավելի են սերտացել վերջին տարիներին, և հենց այդ նպատակն է սահմանել մեզ համար Էմանուել Մակրոնը։

Մենք բազմազան կարծիքներ ունեցող երկիր ենք, միշտ այդպես ենք եղել, վերջին տարիներին՝ առավել ևս․ քաղաքական շատ տարբեր դիրքորոշումներ կան, քաղաքական կուսակցություններն իրարից շատ տարբեր, իրարամերժ կարծիքներ ունեն ամեն ինչի վերաբերյալ, բացի Հայաստանի հետ հարաբերություններից։ Հայաստանի, հայ ժողովրդի հետ հարաբերությունները, բարեկամությունը միակ հարցն են, որի շուրջ կոնսենսուս կա քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից։

Բնականաբար, սա փոխադարձ է ու անվերապահ։
Պարոն դեսպան, Ադրբեջանի ագրեսիայից հետո Արցախը հայաթափվեց։ Բավարա՞ր եք համարում միջազգային հանրության արձագանքն այս իմաստով, և արցախահայության երաշխավորված անվտանգ վերադարձի ի՞նչ գործուն մեխանիզմ եք պատկերացնում։

–Ոչ, բնականաբար միջազգային հանրության արձագանքը համարժեք չէր, այլապես ԼՂ բնակչությունը դեռ ԼՂ–ում կլիներ։ Ֆրանսիան բոլոր ջանքերը գործադրեց, այդ ընթացքում 3 անգամ պահանջեց և կարողացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նույնիսկ քննարկումներ ունենալ թե շրջափակման, թե բռնի տեղահանման ժամանակ, բայց միջազգային հանրության արձագանքը համապատասխան չեղավ։

Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների վերադարձին իրենց օջախներ, ապա դա իրավունք է։ Դա վարկած չէ, դա իրավունք է։ Այդ իրավունքը ճանաչվել է արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ, և այդ որոշումը պարտադիր ուժ ունի, այսինքն՝ Ադրբեջանը պարտավոր է կատարել դա։ Այդ որոշման մեջ նաև մանրամասն նշված են վերադարձի չափանիշներն անվտանգության, ժառանգության պաշտպանության առումով, մշակութային կամ կրոնական իրավունքների առումով։ Ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա։

Եվ Ֆրանսիայի դիրքորոշումն այստեղ ևս շատ հստակ է՝ նախևառաջ աջակցություն ցուցաբերել բռնի տեղահանվածներին և Հայաստանին, որը նրանց ընդունել ու հյուրընկալել է։ Ֆրանսիան ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալներով այս առումով ևս առաջինն է եղել 2023–ի վերջին ամիսներին և 2024–ին՝ աջակցելով նրանց՝ հաստատվել այստեղ, բայց առանց վերադարձի իրավունքի իրենց դիրքերը երբևէ զիջելու։

Դրա իրավական կարգավորումները կան, իսկ գործուն մեխանիզմներ պատկերացնո՞ւմ եք՝ հատկապես Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ բարեկամական վերաբերմունքի համատեքստում։

Ամբողջ դժվարությունը սրանում է կայանում։ Բայց այդ դժվարությունը չպետք է մեզ ստիպի մոռանալ ԼՂ բնակիչների վերադարձի իրավունքը։

Տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման առումով Հայաստանի մոտեցումն այն է, որ դա պետք է լինի երկրի ինքնիշխանության ներքո: Դուք այդ կոմունիկացիայի ֆիզիկական կազմակերպումն ինչպե՞ս եք պատկերացնում։ Եվրոպայում նման մոդելների օրինակն ինչպիսի՞ն է։

Կոմունիկացիաների ապաշրջափակման առնչությամբ հենց Հայաստանի կողմից է եղել մի առաջարկ, որին Ֆրանսիան աջակցում է․ դա «Խաղաղության խաչմերուկի» նախագիծն է։ Կարծում ենք, որ սա շատ լավ մոտեցում է, որովհետև առաջարկվում է իսկապես ապաշրջափակել հաղորդակցման ուղիները, բայց դա պետք է արվի ինքնիշխանության հիման վրա, յուրաքանչյուրն՝ իր տարածքում՝ փոխադարձության և հավասարության սկզբունքով։

Եվրոպայում նման մեխանիզմներ կիրառվում են երկրորդ համաշխարհայինից հետո, կարգավորումները կան՝ ո՞վ պետք է զննի բեռները, ո՞վ պետք է վերահսկի անցուդարձը։

Եվրամիության երկրները շատ մեծ փորձ ունեն անդրսահմանային փոխադրումների կարգավորման և համագործակցության ոլորտում: Կարծում եմ՝ Ֆրանսիայի կառավարությունը, Ֆրանսիայի տեղական իշխանությունները, որոնք հաճախ հենց սահմանային շրջանների տեղական իշխանություններն են, ինչպես նաև Եվրոպայի մի շարք այլ դերակատարներ միանգամայն պատրաստ կլինեն կիսելու իրենց փորձն այս կառավարությունների հետ։ Բայց դրա համար անհրաժեշտ են խաղաղություն և յուրաքանչյուրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգում։

Վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի շրջանակում Ֆրանսիան ևս ավելի քան 30 տարի միջնորդ է եղել։ Վերջին շրջանում ԵԱՀԿ ՄԽ բանակցած փաթեթների մասին մինչ օրս չներկայացված իրարամերժ մանրամասներ են հնչում իշխանության և ընդդիմության կողմից։ Կարո՞ղ ենք հակիրճ ձևակերպել՝ ի վերջո ինչի՞ շուրջ էր 30 տարվա բանակցությունը։

Այս դեբատի մեջ ես չեմ ուզում մտնել։ 30 տարուց ավելի բանակցություններ են տեղի ունեցել, որոնք, իսկապես, արդյունք չեն տվել։ Դրա ապացույցն այսօրվա իրավիճակն է։ Կարծում եմ, որ այսօր կարևոր հարցն այն է, որ խաղաղության բանակցություններն, ի վերջո, արդյունք տան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել խաղաղ և անվտանգ պայմաններում։ Կարծում եմ, որ ժողովուրդների ցանկությունը հենց սա է։

Եթե այս հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկենք, ապա այս 30 տարվա բանակցային փաթեթներում միշտ հավասարության նշան է դրվել տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման իրավունքների միջև։ Կարո՞ղ ենք ասել, որ ինքնորոշման իրավունքը պարտվեց։

–Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել