2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է միասնական տոմսային համակարգի 123 293 փաթեթ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից «Ինֆոքոմի» հարցմանն ի պատասխան։
Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ ամենաշատը ձեռք է բերվել «10 ուղևորություն» տոմսային փաթեթը՝ 80 518 անգամ։ Ամենաքիչը ուղևորները ձեռք են բերել «7 օր» փաթեթը՝ 126 անգամ։
Երկարաժամկետ` ամսական, եռամսյակային, տարեկան փաթեթներ ձեռք բերած ուղևորների միայն 60%-ն է վճարել դրանց համար՝ ամբողջական կամ զեղչված արժեքի չափով, մյուս 40%-ը երկարաժամկետ փաթեթները ձեռք է բերել՝ օգտվելով անվճար երթևեկելու արտոնություններից։ «365 օր» փաթեթն ամբողջական արժեքով՝ 90 հազար դրամով, ձեռք է բերել 56 ուղևոր, ևս 54-ը փաթեթը ձեռք են բերել զեղչով, իսկ 6 361 մարդ մեկ տարվա փաթեթը ձեռք է բերել անվճար։
«90 օր» փաթեթի արժեքը 24 հազար դրամ է։ Ամբողջական արժեքով փաթեթը գնել է 341 ուղևոր, զեղչով՝ 381 ուղևոր, մինչդեռ 5 307 փաթեթ ձեռք է բերվել անվճար։ 30 օր» փաթեթից արդեն անվճար օգտվողներ չեն եղել։ 9 076 անձ այս փաթեթի համար վճարել է ամբողջական արժեքը՝ 9 հազար դրամ, իսկ 7 801-ը փաթեթը գնել է զեղչված արժեքներով։
Այսպիսով՝ ամսական, եռամսյակային և տարեկան փաթեթներ գնել է ընդամենը 17 633 անձ։
Նշված ժամանակահատվածում ձեռք է բերվել 10 352 182 մեկանգամյա QR կոդ։ Բոլոր տեսակի տոմսերի վաճառքից Երևանի քաղաքապետարանը ստացել է 1 մլրդ 382 մլն 717 հազար դրամ հասույթ։
Լյուսի Մանվելյան