Եվս մեկ քայլ ուղղված՝ ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը. ՊԵԿ նախագահ
15:32 - 28 փետրվարի, 2025

Եվս մեկ քայլ ուղղված՝ ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը. ՊԵԿ նախագահ

Երևանում փետրվարի 26-28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են  Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 49–րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը։ «Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավման համար: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման և համագործակցության բարձր մակարդակը թույլ է տալիս առավել օպերատիվ արձագանքել և փոխընդունելի ու արդյունավետ լուծումներ գտնել տարբեր հարցերի շուրջ»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ մաքսային ծառայությունների գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանը և ընդունմանը, որոնք նպաստում են ԵԱՏՄ անդամ երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը: ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ քննարկումը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը դյուրացնելու, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պարզեցնելու մաքսային ընթացակարգերը։ 

49-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունվել՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին նշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ։

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են շուրջ 20 որոշումներ, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ։ Օրակարգային հարցերը վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, աշխատանքային խմբերի կազմերի արդիականացմանը, տեղորոշման կապարակնիքների կիրառման ու մաքսային փորձաքննությունների անցկացման մեթոդական առաջարկություններին։ Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկությունների փոխանակման և ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների սահմանմանը և (կամ) փոփոխմանը։

Որոշում է կայացվել՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 50-րդ նիստն անցկացնել  2025 թվականի երկրորդ եռամսյակում, Ղրղզստանի Հանրապետությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել