«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում սկսում է հացադուլ
21:11 - 01 մարտի, 2025

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում սկսում է հացադուլ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում սկսում է հացադուլ։ Այս մասին գրում է նա իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ նա դա անում է՝ որպես խնդրանք, որպեսզի Ռուբեն Վարդանյանը դադարեցնի իր հացադուլը։ 

«Այսօր արդեն 12-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։ 

Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։

Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով  է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է  այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։

Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր։  

Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։

Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ։
Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։ 

Ռուբե՛ն, հայ ժողովրդի արժանի զավակ, հայրենիքդ քո կարիքն ունի և քեզ սպասում են այստեղ...», - նշված է քաղաքական գործչի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ էր հայտարարել: Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել էր միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել