10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. ԱԺ-ն քննարկում է նախագիծը
10:25 - 04 մարտի, 2025

10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ոլորտի համար:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում: 

Այն ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա ներկայացրեց, որ 2010թ. ոլորտում շրջանառության ծավալը կազմել է 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը կազմել է 2.6 միլիոն դոլար կամ 7.2 տոկոս. «2010-2023թթ. գործունեության ծավալը աճել է ավելի քան 440 անգամ, և 2023թ. կազմել 15.8 միլիարդ դոլարչ, հավաքագրվող հարկերը կազմել են 67 միլիոն դոլար կամ ծավալի 0.4 տոկոսը»:

Նա ընդգծեց, որ փաստերը ցույց են տալիս, որ շրջանառության ծավալում հարկերի տեսակարար կշիռը իջել է:

Ապա Սարգսյանը ներկայացրեց վերջին 5 տարվա ընթացքում ոլորտը կարգավորելուն ուղղված օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեին սահմանափակել և կրճատել ծավալները, սակայն, նրա խոսքով, «դրանք այնքան էլ չեն ծառայել նպատակներին»:

«Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին ավելացնել: Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա»,- ասաց Սարգսյանը՝ ներկայացնելով միջազգային փորձը. Վրաստանում 10% է, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5-20%, Իտալիայում՝ 20-22%, Լեհաստանում՝ 12%, Պորտուգալիայում՝ 8-16%, Իսպանիայում՝ 8-10%, Հունգարիայում՝ 15%:

Հայկ Սարգսյանը ներկայացրեց նաև, որ գործադիրի և օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ են հանդես եկել նախագծին՝ նշելով, որ այս փուլում այն նպատակահարմար չէ: Նրա խոսքով կառավարության գործընկերների, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են նախագիծը, և վերջինս կողմ է եղել ու առաջարկել է փոփոխություններն ուժի մեջ մտցնել ոչ թե վեց ամիս անց, նախագծի ընդունումից անմիջապես հետո:

«Առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ: Առաջինից երկրորդ ընթերցում կկատարենք համապատասխան փոփոխություններ, և սույն ընկերությունները ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր: Պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով»,- հայտնեց պատգամավորը:

Ապա պատասխանելով պատգամավոր Հովիւկ Աղազարյանի հարցին, Հայկ Սարգսյանը բացատրեց, որ 2 տեսակի տուրք կա, մեկը տարեկան տուրքն է, մյուսը՝ խաղադրույքի ծավալի նկատմամբ կիառվող տուրքն է, և բարձրացվում է ոչ թե տարեկան տուրքը, որը բազային տուրքն է, այլ շրջանառության վրա դրված տուրքը, որը համարժեք է շրջանառության հարկին. «Այսինքն՝ անունն է տուրք, բայց ինքը շրջանառության ծավալի հետ շարունակելու է աճել: Եթե շրջանառության ծավալը 2 անգամ աճի, տուրքը 2 անգամ աճելու է»: 

Սարգսյանն ընդգծեց նաև, որ օրենքի նախագծի մեջ նաև հստակ նշվելու է, որ մինչև խաղային օպերատորի ուժի մեջ մտնելը, տուրքը վեց ամիսը մեկ շարունակելու է կրկնապատկվել. «Այսինքն՝ մենք մեխանիզմ ենք ստեղծել, որ խաղային ընկերությունները ոչ թե խանգարեն խաղային օպերատոր ունենալու գործին, այլ օգնեն, որ տուրքն էլ չկրկնապատկվի»:

Նա հավելեց, որ ոլորտի համար սահմանափակումներ չեն նախատեսվում այս նախագծով, սակայն առաջիկայում պատրաստվում են նաև նմանատիպ նախագծի շուրջ քննարկումներ սկսել, որ քաղաքացիները չկարողանան իրենց աշխատած գումարները վատնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել