armenpress.am: Միջինարևելյան երկրներում գտնվող հայ համայնքները շարունակում են մնալ վտանգված՝ պայմանավորված անվտանգային, տնտեսական , սոցիալական մի շարք հարցերով։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են հատկապես Սիրիան ու Լիբանանը։
«Սիրիայում գիտենք, որ ռազմական առճակատման վտանգ այս պահին չկա, սակայն մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Ամեն դեպքում, այնտեղ դեռ անկայուն է վիճակը։ Վարչապետի հանձնարարությամբ պետք է ապրիլի սկզբին մեկնեմ Սիրիա։ Ասեմ, որ երբ սկսվեց հարձակումը Հալեպի ուղղությամբ, այդ օրերին ճգնաժամ առաջացավ։ Մեր հայրենակիցներից դիմումերի մեծ քանակ կար։ Նրանք խնդրում էին իրենց տարհանել Սիրիայից։ Բնականաբար լոգիստիկ իմաստով հնարավոր չէր, մանավանդ, որ այնտեղ ռազմական գործողություններ էին տեղի ունենում։ Դրանից մեկ շաբաթ հետո էլ Դամասկոսն ընկավ։ Սկզբնական օրերին 40 հայ կարողացավ անցնել Լիբանան, հետո տեղափոխվել Հայաստան։ Դրանից հետո համարյա ամբողջ հոսքը կանգնեց, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում տեսնում ենք սիրիահայերի կայուն հոսք դեպի Հայաստան։ Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից 200-ից ավելի սիրիահայ եկել է Հայաստան»,-ասաց Զարեհ Սինանյանը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ շարունակում են վտանգված համարել Լիբանանը, որտեղ կենցաղային պայմանների էական բարելավում տեղի չի ունեցել։ Կա մեր հայրենակիցների արտահոսքի հավանականություն։ Զարեհ Սինանյանի խոսքով՝ իրենց ցանկությունն է այնպես անել, որ այդ արտահոսքը լինի դեպի Հայաստան։ Տեղում ինտեգրման կենտրոնը շատ ակտիվ աշխատում է մեր հայրենակիցների հետ։ Զարեհ Սինանյանը նկատեց, որ լիբանանահայերի վիճակը ֆինանսական իմաստով շատ ծանր է։
«Մեր կենտրոնն ամբողջ ռեսուրսն օգտագործում է այս մարդկանց խնդիրները լուծելու համար։ Մենք ունենք բազում գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը հնարավորություն ու ճկունություն է տալիս մարդկանց խնդիրներն արագ լուծելու համար։ Մենք չունենք ազատ ֆոնդ, բայց շատ կուզենայի ունենայինք, որ արագ արձագանքեինք մեր հայրենակիցների խնդիրներին։ Ամեն դեպքում այսօր էլ դա ինչ-որ առումով արվում է։ Օրինակ, Բեյրութում գտնվող 5 հոգանոց ընտանիք մեզ նամակ է գրում ու խնդրում, որ աջակցենք իրենց տեղափոխվել Երևան։ Մենք, մեր գործընկերների հետ աշխատելով, գնում ենք տոմսերը, անհրաժեշտության դեպքում այստեղ կեցության վարձերն ենք վճարում։ Այդ ամենն անում ենք այս գործին նվիրված մեր գործընկերների հետ։ Եթե մենք չստեղծենք պայմաններ, որ մեր հայրենակիցները արժանապատիվ կերպով բնակություն հաստատեն Հայաստանում, ապա նրանք կգտնեն այլընտրանքային երկրներ»,-հավելեց Զարեհ Սինանյանը։
comment.count (0)