«Երդվում եմ ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից»․ այս խոսքերով էին այսօր մեկը մյուսի հետեւից սկսում իրենց ցուցմունքները 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում էր 2020 թ․ Արցախի Պաշտպանության բանակի Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի եւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանի վերաբերյալ գործի քննությունը։
Նախկին զինվորականները, հիշեցնենք, մեղադրվում են ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ զոհվել է նույն զորամասի 73-հոգանոց վաշտի անձնակազմը։
Հակասություններ՝ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում
Զոհված զինծառայողներից մեկը Սուրեն Դեմիրճյանն է, որ զորակոչվել է բանակ 2019 թ․-ին։ Նրա մայրը՝ Արմինե Ալավերդյանը, դատարանին հայտնեց, որ պատերազմի ընթացքում անընդհատ խոսել են որդու հետ, միշտ ասել է, որ լավ է․ «Անգամ հայրը ցանկացավ գնալ, ասաց՝ հանկարծ տեղիցդ չշարժվես, ամեն ինչ նորմալ է»,– ցավով վերհիշեց Ալավերդյանը։
Որդու հետ այդ կցկտուր խոսակցությունները երկար չեն տեւել․ հոկտեմբերի 10-ին նրա հետ կապը կորել է․ «Հետո կապը կորել է, զանգում էինք իր համարով, էրեխեքը պատասխանում էին, ասում, որ հանձնարարության է գնացել, կգա, կասենք։ Բայց տեսանք, որ ձգձգվում է, ամուսինս իր վաշտի հրամանատարի հետ կապվեց, նա էլ ասաց՝ գնացել են, բայց տեղյակ չենք, թե ուր են, ասաց՝ գնացել են Ջրական։ Թե ում հրամանով՝ չգիտեմ»։
Պատասխանելով հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանի հարցին, թե ի վերջո ինչ պարզվեց, որդեկորույս մայրն ասաց․ «Պարզվեց, որ «9-րդ կմ» կոչվող տեղանքում պիտի իրենց դիմավորեին, թե ով, չգիտեմ։ Ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց․․․ Հետագայում տեսա էն մարդուն, ում հետ ինքը մեքենայով մթերք էր դիրք տեղափոխում, ասաց՝ երանի չթողնեի նա գնար․․․»։
Արմինե Ալավերդյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը․ Իշխանյանը, նաեւ մյուս մեղադրյալ Նվեր Մնացականյանը դատարանի որոշմամբ
-Տիկի՛ն Ալավերդյան, ըստ գործի տվյալների՝ շատ տուժողների ցուցմունքներ բառացիորեն կրկնվում են, մտքեր կան, որ Գոռ Իշխանյանն է էրեխուն հասցրել մահվան դուռը։ Դուք էդպիսի բան ասե՞լ եք։
-Ես տենց բան չեմ ասել, քննիչը ասաց, որ Գոռ Իշխանյանն է, մեկ էլ կողքի անձնավորությունը, իրենք են ուղարկել էրեխեքին, իրենց ձերբակալել են, ասեցի՝ պիտի ուղարկես բերդ, հանգիստ ապրի, հետո նորից ուղարկես ժողովրդի մեջ, ասեցի՝ տուր մայրերին, մենք կիմանանք՝ ինչ անենք իր հետ, ասաց՝ դու կարա՞ս, ասացի՝ խի՞ չեմ կարա, ինքը կարա՞ր մեր էրեխեքին տենց աներ, եթե ինքն է արել, ես չգիտեմ․․․
- Քանի մեքենայով եւ ինչ հանձնարարության են գնացել։
- Չգիտեմ՝ ինչ հանձնարարության, գիտեմ, որ 3 մեքենայով։
- Ու՞ր պիտի գնային։
- «9-րդ կմ»։
- Հրամանը ո՞վ էր տվել։
- Եթե չեմ սխալվում, վաշտի հրամանատարը։ Թե ով է, չգիտեմ։
- Իսկ Ջալալ Հարությունյանի մասին ի՞նչ գիտեք։
- Գիտեմ, որ արտակարգ անձնավորություն է եղել, իր զինվորներին պահող։
- Տեղյա՞կ եք, որ նա է հրաման տվել, որ զորամիավորում ուղարկեն 9 կմ։
- Չէ։
- Ո՞ւմ վրա է եղել տեղափոխման գործառույթը
- Չգիտեմ։
- Գեւորգ Գեւորգյան անուն–ազգանունը ծանո՞թ է։
- Չէ։
- Սլավիկ Ավագյա՞ն։
- Չէ։
- Էդպիսի տվյալներ քննիչին ասե՞լ եք։
- Չէ։
Տուժողի իրավահաջորդի այս ցուցմունքից հետո թե պաշտպանը, թե մեղադրողը միջնորդեցին հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ որոշ հակասություններ պարզաբանելու նպատակով։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։
Քննիչը ծնողին ուղղորդե՞լ է թե՞ ոչ
Նախաքննության ժամանակ Արմինե Ալավերդյանը պատմել էր, որ որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից, երբ սկսվեց պատերազմը, հաճախ խոսել է որդու հետ, սակայն գտնվելու տեղը չի իմացել․
«Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 11-ին՝ առավոտից մինչ երեկո, ոչինչ չի հայտնել, ասել է՝ մնաց 100 օր, չանհանգստանաք։ Դրանից հետո կապ չեմ կարողացել հաստատել, իսկ պատերազմի ավարտից հետո փնտրել եմ նրան տարբեր վայրերում՝ Գորիսի եւ Ստեփանակերտի հիվանդանոցներում եւ դիահերձարանում։ Նոյեմբեր ամսին համածառայակիցների ծնողներից տեղեկացել եմ, որ նրանք մեկնել են Ղարաբաղ, որտեղ տեղեկացել են, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը հրաման է տվել վաշտի անձնակազմից 73 հոգու 3 ավտոմեքենայով տեղափոխել Ֆիզուլից Հադրութ ուղղությամբ՝ 9 կմ հատված։ Իմացել ենք, որ հոկտեմբերի 1-ին Հադրութը գրավված է եղել, եւ այն ճանապարհը, որով տարել են, պաշտպանված չի եղել եւ վերահսկվել է ադրբեջանցիների կողմից։ Հետագայում պարզեցինք, որ ոչ ոք չի դիմավորել, օգնության չի եկել, եւ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գոռ Իշխանյանի եւ Կարեն Առստամյանի ոչ ճիշտ գործողությունների արդյունքում տղաները ընկել են շրջափակման մեջ եւ կռիվ տալով զոհվել են։ Որպես ծնող ինձ համար անհասկանալի է մնացել՝ ինչպես կարող է անձն ուղարկվի ինչ–որ հատված եւ նման ճակատագրի արժանանա։ Գտնում եմ, որ ինչպես Գոռ Իշխանյանը, այնպես էլ մյուս պատասխանատուները, ճիշտ չեն ղեկավարել, ինչի արդյունքում անձնակազմը ենթարկվել է դիվերսիոն հարձակման »,- սա հատված է Ալավերդյանի նախաքննական ցուցմունքից։ Վերջինս, ի տարբերություն դատարանում այսօր հայտնած տեղեկությունների, նախաքննության ժամանակ հիշատակել է այն անձանց անունները, որոնց մասին հարց հնչեցրեց Իշխանյանի պաշտպանը․
Ուղեկցող սպան եղել է Գեւորգ Գեւորգյանը, նաեւ նույն գումարտակի զամպալիտ Սլավիկը, որը նույնպես զոհվել է։ Փաստնմ այն է, որ անձնակազմին ոչ ոք չի դիմավորել, իսկ Գոռ Իշխանյանը առանց ճշտումներ կատարելու անձնակազմին ուղարկել է մահվան դուռ, սա մեր՝ ծնողներիս վերլուծություն է, ես չգիտեմ, թե ըստ կարգի ով ում հետ պետք է ճշգրտումներ աներ, որ նման արդյունք չլիներ։ Իմ միակ պահանջն այն է, որ բոլոր անձինք, որ մեղավորություն ունեն, պատասխան տան օրենքի առաջ ամենայն խստությամբ»,– ասված է նախաքննական ցուցմունքում։
Սուրեն Դեմիրճյանի դին հայտնաբերվել եւ հուղարկավորվել է 2021 թ հունվարին։
Ցուցմունքի հրապարակումից հետո կողմերը շարունակեցին հարցեր տալ Ալավերդյանին․
- Ճի՞շտ է այս ցուցմունքը, պնդո՞ւմ եք,- հարցրեց մեղադրող դատախազը։
- Հա։
- Ինչ հրապարակվեց, Ձեր բառերի՞ց է։
- Ես եղել եմ քննիչի մոտ, չեմ կարդացել վերջում, էդքան հավես չունեի։
- Բա ինչի՞ համար եք գրել՝ կարդացել եմ։
- Ասեց գրի, գրեցի։
- Ուղղորդել, ստիպե՞լ է, ասե՞լ է՝ սենց գրի-նենց գրի։
- Չէ–չէ, իմ տված պատասխաններն է գրել։
Տուժողի իրավահաջորդի իրարամերժ պատասխանները հաշվի առնելով՝ մեղադրող Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ լարվա՞ծ է արդյոք, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց՝ շատ։ Նշեց, որ հնարավոր է՝ այսքան տարի անց շատ բաներ չհիշի, բայց ճնշում, ուղղորդում չի եղել։
Զոհվածի ծնողին հայտնի չէր՝ ով պիտի դիմավորեր վաշտին
Հարցաքննված մյուս ծնողը զոհված Վահան Առաքելյանի հայրն էր՝ Արտյոմ Առաքելյանը՝ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղից։
Նա պատմեց, որ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 27-ին, որդին ասել է՝ մեզ մոտ ոչ մի բան։ Ծնողները հետագայում են իմացել, որ պիտի զորքին Ֆիզուլիում դիմավորեն, բայց չեն դիմավորել, նրանք էլ շատ են առաջացել, հասել են Հադրութ, կոտորվել։ Թե ով պիտի դիմավորեր, եւ ում հրամանով էր Իշխանյանը զորքին տարել այնտեղ, Առաքելյանը չգիտեր։
«Բոլորը մեղավոր են՝ նախարար Ջալալ Հարությունյանից սկսած»
Հարցաքննվեց նաեւ ասկերանցի Սպարտակ Առաքելյանը։ Նա զոհված Գուրգեն Առաքելյանի հայրն է։
Առաքելյանը պատմեց, որ վերջին անգամ որդու հետ սեպտեմբերի վերջերին է խոսել․ «Ասել է՝ նորմալ է, հլը մեզ էլ դուխ է տվել։ Հոկտեմբերի 11-ին արդեն անհասանելի է եղել»։ Ծնողները լսել են, որ զորքին ուղարկել են Ֆիզուլի՝ ինչ-որ օգնության, թե ում հրամանով, չեն իմացել, բայց իմացել են, որ պիտի դիմավորեին։
- Ո՞վ պիտի դիմավորեր,- հարցրեց մեղադրողը։
- Առստամյան Կարենը։
- Ինչի՞ չի դիմավորել։
- Դե, եսիմ։
- Ի վերջո իմացա՞ք՝ ինչ է տեղի ունեցել։
- Իմացա, որ տարել են Քոշբեկ (Հադրութի շրջանի Այգեստան գյուղն է,- հեղ․), Ֆիզուլի, էնտեղ կոտորել։
Պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ հետաքրքրվեց, թե ըստ ծնողի՝ կատարվածի մեջ ովքեր են մեղավոր․ «Բոլորը մեղավոր են՝ նախարար Ջալալ Հարությունյանից սկսած»։
Դատարանում էր նաեւ զոհված զինծառայողի ծնող Ռոբերտ Քոչարյանը՝ Արտյոմ Զախարյանի հայրը։ Վերջինս նախաքննության ժամանակ դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ դեպքի հանգամանքների մասին ոչինչ չգիտի, միակ պահանջն է, որ եթե կան մեղավորներ, պատասխան տան օրենքի առաջ։ Իր այս խոսքերը Քոչարյանը պնդեց նաեւ այսօր։
Տուժողների իրավահաջորդներ Գուրգեն Գեւորգյանն ու Վեներա Ղարայանը դիմում էին ներկայացրել դատարանին՝ տեղեկացնելով, որ առողջական խնդիրներով պայմանավորված չեն կարող ներկայանալ դատարան, ուստի խնդրում են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքը։ Դատարանը որոշեց այդ հարցին անդրադառնալ մյուս ծնողների հարցաքննությունների ավարտին։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 18-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)