Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև
11:00 - 05 մարտի, 2025

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև

Մարտի 4-ին Պեկինում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լիու Բինի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել դրա հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ 
 
Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։
 
Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական,  գյուղատնտեսության, տրանսպորտային փոխկապակցվածության, մշակութային, հումանիտար ոլորտներում։ Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ 
 
Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։
 
Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Չինաստանի համագործակցության շուրջ։  Չինական կողմը ներկայացրել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) իր գալիք նախագահության գերակայությունները։ Կողմերը քննարկել են ՇՀԿ շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև հետագա համագործակցության հեռանկարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել