«Դատավորը որոշեց ջնջել 9 տարին»․ Արտյոմ Ադանալյանի սպանության գործը կքննվի նորից
19:57 - 08 մարտի, 2025

«Դատավորը որոշեց ջնջել 9 տարին»․ Արտյոմ Ադանալյանի սպանության գործը կքննվի նորից


2014 թվականին սպանված գյումրեցի Արտյոմ Ադանալյանի վերաբերյալ քրեական գործը կքննվի նորից։ Սպանությունից ավելի քան 10 տարի անց 6-րդ անգամ դատարանի փոփոխություն է տեղի ունեցել։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում օրերս կայացավ նոր դատավոր Հովհաննես Սաֆարյանի նախագահությամբ առաջին նիստը, որի ընթացքում տուժող կողմը բարձրաձրեց գործի երկարատեւ քննության վերաբերյալ իր մտահոգությունները։

Արտյոմը Ադանալյանը, հիշեցնենք, սպանվել է դանակահարության հետեւանքով։ Քննչական կոմիտեն սպանությունը քննել է գրեթե 1 տարի։ 2015 թ․ գործն ուղարկվել է դատարան, 2018 թ․-ին 32-ամյա Արթուր Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ՝ դատապարտելով 11 տարի ազատազրկման։ Դատավճիռը, սակայն, չի մտել օրինական ուժի մեջ․ տուժող եւ պաշտպանական կողմերը վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Բողոքը բավարարվել է, 2018-ի տարեվերջին գործը հետ է ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ 

Նոր քննությունը, սակայն, մեկ տարի անց ընդհատվել է․ գործը քննող դատավոր Վահե Միսակյանը Գյումրուց տեղափոխվել է Երեւան։ Նրան հաջորդած մյուս 3 դատավորները եւս, տարբեր պատճառներով անավարտ են թողել գործի քննությունը, սակայն մինչ դա՝ վարույթ ընդունելով, որոշել են գործը քննել ոչ թե սկզբից, այլ ընդհատված տեղից։

Քրեական դատավարության օրենսգիրքն է սահմանում, որ դատավորի փոխարինումից հետո քննությունը ոչ թե շարունակվում է ընդհատված տեղից, այլ սկսվում է սկզբից, որպեսզի դատարանը բոլոր ապացույցները ենթարկի անմիջական հետազոտման։ Գործնականում, սակայն, պատահում է, որ դատավորները, մատնանշելով արդարադատության շահը, որոշում են գործի քննությունը շարունակել ընդհատված տեղից։

Տուժող եւ պաշտպանական կողմերը մտահոգ են, մեղադրող կողմը՝ լուռ

Սպանված Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզաննա Ադանալյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Ֆանյանը տարակուսած է՝ տարիներ ձգվող դատաքննության հետեւանքով հայտնվել են վաղեմության ժամկետների սպառման ռիսկի առաջ․

«Ես հասկանում եմ, որ դատավարական օրենսգիրքը տառացիորեն խնդիր է դնում գործի քննությունը սկսել զրոյից, բայց մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ 9 տարի դատաքննություն ենք իրականացրել, 9 տարի գնացել-եկել ենք, պայքարել, որ ունենանք դատական ակտ։ Դատավարական ֆորմալիզմը մի կողմ դնելով՝ նախորդ բոլոր դատավորները առաջնորդվել են ոչ միայն քրեական գործի՝ ողջամիտ քննության ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ, այլեւ տուժողի իրավունքների արդյունավետ ապահովման սկզբունքով։ Բայց այսօր Ձեր նախագահությամբ այս 9 տարին ջնջում ենք, սկսում զրոյից։ Հասկանում եմ՝ Ձեզ համար բավականին հեշտ որոշում է այդքան վկայի բերել, նորից հարցաքննել, բայց Դուք պատկերացնո՞ւմ ենք՝ մեզ համար, իբրեւ տուժող կողմի, ի՞նչ է սա»,- դիմելով նախագահող դատավորին՝ շեշտեց փաստաբանը։

Ձախից՝ Ռուզան Ադանալյանը, Արմինե Ֆանյանը

Դատավոր Հովհաննես Սաֆարյանը, արձագանքելով այս մտահոգությանը, ասաց՝ չի կիսում այն մոտեցումը, որ ավելի լավ է որոշակի նորմեր անտեսել, բայց ունենալ դատական ակտ․ «Ես հասկանում եմ ձեր՝ որպես տուժող կողմի մտավախությունը, բայց դատարանի համար երկու շատ կարեւոր հանգամանքների միջեւ նախապատվությունը տրվել է օրինականության սկզբունքին։ Շատ հեշտ է առաջնորդվել նպատակահարմարության սկզբունքով, բայց ամեն նպատակահարմարություն չէ, որ, ըստ էության, կարող է դիտարկվել օրինական։ Դատարանի գնահատմամբ՝ գործող դատավարական նորմերը պահանջում են, որ քննությունը սկսվի զրոյից, եւ այն իրականացվի հնարավորինս արագ, ընդհուպ մինչեւ՝ նիստերի որոշակի գրաֆիկ սահմանելով,- ասաց նախագահողը։

Արմինե Ֆանյանն էլ նկատեց՝ երբ պետությանը պետք է լինում, արդարադատության շահը վկայակոչելով՝ օրենքի ցանկացած տեսակի շրջանցում էլ կատարվում է։

Մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը (մեղադրյալն առարկել է իրենց տեսա/լուսանկարահանելուն,-հեղ․) եւս մտահոգ է, կարծում է՝ այս գործով ողջամիտ ժամկետում քննության իրավունքը անվերադարձ խախտված է․ «Հասկանում ենք՝ տուժող կողմը կյանք է կորցրել, բայց մեղադրյալն էլ 2014 թ․-ից ի վեր չգիտի` ի վերջո ինչ է լինելու իր հետ։ Արդեն 11 տարի մարդուն մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության մեջ, բայց տեսանելի չէ, թե ինչ է լինելու։ Դրանից ուժեղ հոգեբանական խոշտանգում կա՞»։ 

Հայրապետյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի մեղավորներից մեկը Բարձրագույն դատական խորհուրդն է, որը պարբերաբար տեղափոխում էր Շիրակի մարզ գործուղված կամ նշանակված դատավորներին․ «Այս գործով իրավական հիմք այլեւս գոյություն չունի, որ ասենք` այ սա ճիշտ արեց, սա սխալ արեց։ Այս գործով արդարադատություն իրականացնել այլեւս հնարավոր չէ, եւ դրանից տուժում է թե՛ տուժողը, թե՛ մեղադրյալը»,- մեր զրույցում նշեց նա։

Մեղադրող Տաթեւիկ Ղուկասյանը

Հանրային մեղադրող Տաթեւիկ Ղուկասյանը հարցի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց։ Դատական նիստի ավարտին «Ինֆոքոմը» հետաքրքրվեց՝ որպես մեղադրող՝ համաձա՞յն է դատարանի մեկնաբանությանը, ինչին նա հրաժարվեց առանց համապատասխան թույլտվության պատասխանել։ Փորձեցինք հանդիպում կազմակերպել նաեւ հանրային կապերի բաժնի միջոցով, ինչի առաջարկը դարձյալ մերժվեց։ Ստիպված եղանք գրավոր հարցում ուղարկել՝ հղելով ստորեւ նշված հարցերը․

Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ դիմեցինք Դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից խոստացան պատասխանն ուղարկել մինչ ամսվա վերջ՝ ուշացումը պայմանավորելով տեխնիկական խնդրով։ Ամսվա վերջին, սակայն, պատասխան դարձյալ  չստացանք։

Մարտի 4-ին՝ երեք շաբաթ անց միայն, մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան Դատախազությունն ուղարկեց մեկ նախադասություն՝ «Քրեական գործով դատախազի իրավական դիրքորոշումները ներկայացվում են դատական նիստի ընթացքում»։

Ակնհայտ է, որ Դատախազությունը պարզապես խուսափել է տվյալ գործով իր դիրքորոշումը հանրայնացնել։ Բազմաթիվ են դեպքերը, երբ դատախազները, որպես դատավարության կողմ եւ մեղադրանքի պաշտպան, լրատվամիջոցների հետ զրույցներում կամ հարցումներին ի պատասխան մեկնաբանում են դատարանի այս կամ այն որոշումը։ Բացի այդ, դատական նիստի ընթացքում, ինչպես նշեցինք, դատախազը դիրքորոշում չի էլ հայտնել։ Հարկ է նշել նաեւ, որ մեր հարցերը պարունակում էին ոչ միայն դիրքորոշում․ վարույթով երբեւէ մեղադրանքի պաշտպանություն իրականացրած դատախազների ցանկը եւ փոփոխության հիմքերը չտրամադրելը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտում է։

Դատարանը մնացել է առանց գործի նյութերի

Այս դատական նիստին բովանդակային քննություն այդպես էլ չիրականացվեց․ գործի նյութերը դատարանի տրամադրության տակ չէին։ Դատարանը, դեռեւս նախորդ դատավոր Հայկ Իսրայելյանի նախագահությամբ, 2024 թ․ փետրվար ամսից դրանք ուղարկել է փորձաքննության, ինչի հետեւանքով շուրջ մեկ տարի դատական նիստեր, ըստ էության, չեն կայացել։ Նաեւ այս պատճառով է տուժող կողմը անվստահություն հայտնել այդ դատավորին՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելով, որն էլ այն բավարարել է։

«Փորձաքննություն նշանակած լինելու հիմքով մեկ տարի ոչ դատական նիստերը եղան, ոչ էլ փորձաքննություն եղավ, ո՞վ է սա անում, գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը ասելիք չունի՞։ Եթե դատավորը նիստեր է հետաձգում, մեղադրողը կարող է առարկել դատավորի գործողությունների դեմ, բացարկ հայտնել դատավորին, ի վերջո մեղադրանքի տերը ինքն է, բայց մեղադրողը շատ հանգիստ գնում-գալիս է»,- վրդովվեց Ռուզան Ադանալյանը։

Բանն այն է, որ դեռ 2023 թվականի նոյեմբերի 22-ին տուժող կողմը միջնորդել է նշանակել 3 տեսակի փորձաքննություն՝ 

  1. հանձնաժողովային դատաբժշկական,
  2. կրկնակի դատահետքաբանական, 
  3. կրկնակի քրեագիտական համալիր փորձաքննություն։

Դատարանը, թեեւ որոշումը բավարարել է ամբողջությամբ, սակայն որոշման տեքստի մեջ 2-րդ՝ կրկնակի հետքաբանական փորձաքննության փոխարեն նշել է հանձնաժողովային հետքաբանական փորձաքննություն (հանձնաժողովային փորձաքննությունը կատարվում է նույն բնագավառում հատուկ գիտելիքներ եւ հմտություններ ունեցող մի քանի փորձագետի կողմից, իսկ կրկնակի փորձաքննություն նշանակվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ, հանձնաժողովային փորձագետները չեն հանգել միասնական հետևության, անթույլատրելի են ճանաչվել օգտագործված ապացույցները կամ խախտվել է փորձաքննության կատարման կարգը), որի կատարումը հանձնարարել է ՀՀ Առողջապահության նախարարության եւ Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին` բացառելով նախկինում փորձաքննություններին մասնակցած փորձագետների եւ մասնագետների մասնակցությունը:

Տուժող կողմը, մինչդեռ, միջնորդել էր այն հանձնարարել ՆԳՆ փորձաքրեագիտական վարչությանը (այժմ՝ ՔԿ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ)՝ հաշվի առնելով Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի՝ նախորդ փորձաքննությանը տված ոչ սպառիչ ու անարժանահավատ պատասխանները։

Դատարանի այս՝ նոյեմբերի 22-ի որոշումը, սակայն, մնացել է անկատար․ ՀՀ արդարադատության նախարարությունը այն հետ է ուղարկել՝ որպես վերադարձման հիմք նշելով գործող Քրեական դատավարության օրենսգրքի 256 հոդվածի 1-ին մասը՝ փորձաքննությունը կատարվում է փորձագիտական կազմակերպության փորձագետի կամ այդպիսին չհանդիսացող փորձագետի կողմից: 

Տուժող կողմն ընդգծում է՝ իրենք, իհարկե, ուրախ էին, որ փորձաքննությունն ի վերջո Արդարադատության նախարարության կենտրոնում չի կատարվի, բայց ակնհայտ է, որ վերջինս պարզապես խուսափել է փորձաքննություն իրականացնելուց՝ ձեւականորեն մեջբերելով հիշյալ հոդվածը։ Ընդ որում, այդ ժամանակ գործը քննվում էր նախկին Քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա, իսկ ԱՆ-ն հղում էր կատարել գործող օրենսգրքի հոդվածին, որը, ըստ էության, փորձաքննություն չիրականացնելու որեւէ հիմք չի սահմանում։

2024 թ․ ապրիլի 15-ին դատարանը, դարձյալ նախորդ դատավորի նախագահությամբ, որոշել է փոփոխել իր իսկ որոշումը՝ ավելի նպատակահարմար համարելով համալիր հետքաբանական փորձաքննության փոխարեն իրականացնել կրկնակի հետքաբանական փորձաքննություն։ Այդպիսով՝ այս որոշմամբ դատարանը վերադարձել է փորձաքննության հենց այն տեսակին, որն ի սկզբանե միջնորդել էր տուժող կողմը․ «Նշանակված փորձաքննության կատարումը պետք է հանձնարարել ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ին եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետներին՝ բացառելով նախկինում փորձաքննություններին մասնակցած փորձագետների եւ մասնագետների մասնակցությունը,- ասված է որոշման մեջ։

Միաժամանակ անդրադառնալով հանձնաժողովային վերոնշյալ 1-ին՝ դատաբժշկական փորձաքննությանը՝ նախորդ դատավոր Հայկ Իսրայելյանը նշել է․ «Անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարին առաջարկել հանձնարարելու համապատասխան ստորաբաժանմանը Դատարանին տրամադրել դատաբժիշկ փորձագետների կամ համապատասխան մասնագիտացմամբ մասնագետների ցանկ՝ բացառելով ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ փորձագետներին»։

2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը կարող է տրամադրել միայն Առողջապահության նախարարության ենթակայության Դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետների վերաբերյալ տվյալներ եւ չունի տեղեկատվություն այլ դատաբժշկական փորձագետների վերաբերյալ: 

Դատավոր Հովհաննես Սաֆարյանը

Լսելով այս առնչությամբ տուժող կողմի դժգոհությունները՝ գործն այժմ քննող դատավոր Հովհաննես Սաֆարյանը տեղեկացրեց․ «Եթե ձեռք կբերվեն տվյալներ, որ հանձնաժողովը, այնուհանդերձ, ստեղծվել է, եւ փորձաքննությունը սկսվել է,  համապատասխան նյութերը կպատճենվեն, մնացած նյութերը կվերադարձվեն դատարանին։ Իսկ եթե ձեռք կբերվեն տվյալներ, որ այն դեռ չի սկսվել, ապա այդ որոշումը կթողնվի անկատար, հետագայում կքննարկենք փորձաքննություն նշանակելու հարցը»։

Տուժող կողմի փաստաբան Արմինե Ֆանյանը այն համոզմանն է, որ նոր փորձաքննություն նշանակելու հարց չպիտի քննարկվի, քանի որ առկա է օրինական ուժի մեջ մտած որոշում՝ այդ փորձաքննությունները իրականացնելու մասին։

Մեղադրյալի պաշտպանը, սակայն, հակառակ կարծիքին է․ ըստ նրա՝ այդ փորձաքննությունը չի կարող իրականացվել, որովհետեւ այն նշանակվել է տուժող կողմի միջնորդության հիման վրա, իսկ եթե դատարանը քննությունը սկսում է զրոյից, ապա այդ միջնորդությունը այլեւս ուժ չունի․  «Այն փուլը, որի հիման վրա այս փորձաքննությունը նշանակվել է, չեղարկված է, գոյություն չունի այլեւս ոչ տուժողի միջնորդություն, ոչ դատարանի որոշում։  Երբ գործող Քրեական դատավարության սահմանված կարգով ապացույցները հետազոտենք, ավարտենք, այդ ժամանակ տուժողը կարող է դատաքննությունը լրացնելու միջնորդությամբ հանդես գալ»,- կարծում է Արամայիս Հայրապետյանը։

Իսկ մինչ փաստաբանները փորձում են իրավական լուծումներ գտնել, որդեկորույս մայրը շարունակում է կրել այս անվերջանալի թվացող շրջապտույտի հետեւանքները․ «Արդեն 10 տարի ծանր վիշտը կրելով՝ դու տեսնում ես, որ պետությունը նպաստում է, որ նույն պետության մեջ նույն պետության քաղաքացուն սպանելու համար որեւէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվի։ Եվ այս ծանր հետեւանքները՝ անընդհատ Երեւանից Գյումրի գնալ-գալը, ամեն դատական նիստի մեղադրյալի դեմքը տեսնելը․․․ Մեղադրյալի աջ ձեռքին են տեսել Արտյոմի արյունոտ դանակը, եւ ամեն անգամ հայացքս գամվում է, ու պատկերացնում եմ, թե ոնց է Արտյոմիս արյունոտ դանակը եղել այդ ձեռքին։ Սա արդեն բարոյական մեծ հարված է, որին ուղղակի անհնար է դիմանալ»,- մեր զրույցում նշում է Ռուզաննա Ադանալյանը։

 

Ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտման խնդրի վերաբերյալ «Ինֆոքոմի» հոդվածը կարող եք կարդալ՝ անցնելով այս հղումով։

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Տեսանյութը՝ Ռոման Աբովյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել