«Բացի հայտարարությունից է՞լ ինչ եք անում»․ Ագնեսա Խամոյանը գերիների մասին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին |news.am|
18:19 - 05 մարտի, 2025

«Բացի հայտարարությունից է՞լ ինչ եք անում»․ Ագնեսա Խամոյանը գերիների մասին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին |news.am|

news.am: Արդեն հայտնի ճշմարտություն է, որ հայ գերիներին Բաքվում խոշտանգում են, այդ տեղեկությունը նաև հաստատեց Նիկոլ Փաշինյանը. նախքան այս դուք հայտարարում էիք, որ մենք չենք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում, հիմա ինչու՞ ենք մենք հայտարարություն անում այդ մասին, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, դա արդեն տեղի է ունեցել։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով վարչապետ Փաշինյանին:

«Երբ մեր հայրենակիցներին արդեն խոշտանգել են, դա փաստող լուսանկարները հայտնվել է համացանցում, բացի հայտարարությունները, էլ ի՞նչ եք անում:

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Ջարեթ  Գենեսերը շատ հստակ գործողությունների ծրագիր է նկարագրել, թե ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այդ թվում համագործակցել Ադրբեջանի հետ, դուք կարող եք Բաքու ուղարկել գաղտնի ներկայացուցիչ օրինակ, մարդասիրական հաղորդակցության կապուղի բացելու և քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ սկսելու համար։

Դուք կարող եք խնդրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ԵԱԿ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարությանը։ Նրանք կարող են նաև խնդրել իրենց բոլոր այն դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, ուղարկել դատական դիտորդներ։

Կարող եք շարունակել և ընդլայնել իրավական գործընթացները, խնդրել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ԵՄ-ի աջակցություն։ Ես վստահ եմ դուք ծանոթ եք այս հրապարակմանը, հիմա հարցս հետևյալն է, շատ հստակ, բացի հայտարարությունը, ի՞նչ եք անում ՀՀ քաղաքացիներին, որոնք խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել, հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,-ասաց Ագնեսա Խամոյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ նպաստ կբերի այդ ձեր ասած խնդրի և մյուս խնդիրների լուծմանը:

Բացի հայտարարություններից մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում ենք, որ դա է այն գործողությունը և խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»:

Ագնեսա Խամոյանը նկատեց. « Մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրը անցկացվում է հացադուլի մեջ»:

Նա ցուցադրեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարը Բաքվի «դատավարությունից» եւ ասաց. «Սրանք մեր մյուս ռազմագերիներն են, որոնց կյանքին ևս վտանգ է սպառնում, մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ:

Իմ հարցերը շատ հստակ էին, էմոցիաներից զատ։ Բացի հայտարարությունները, դուք էլ ի՞նչ եք անում, էլ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, ի՞նչ կառույցի եք դիմել, ի՞նչ միջազգային գործընկերոջ եք դիմել: Վերջերս բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել, որ մի գործընկերոջն եք այս հարցով դիմել, որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ ձեզ հաջողվե՞լ է ուղարկել Բաքվի բանտ իրենց աչքերով տեսնելու համար, թե ինչպիսի վիճակում են գտնվում մեր հայրենակիցները։

Կարմիր խաչի գրասենյակը շուտով փակվելու է Ադրբեջանում։ Այսինքն այն միակ օղակը, որով մենք հնարավորություն էինք ունենալու ստուգել մեր հայրենակիցների վիճակը, , այդ դուռն էլ է փակ։ Ի՞նչ եք անում»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անջատեց Խամոյանի խոսափողը եւ նշեց. «Իսկ մնացածի ժամանակ ինչի այս ելույթը չէիք ունենում, 153 գերի ունեինք, այն ժամանակ այդ 153-ի նկարները ինչու ցույց չէիք տալիս»:

Իր հերթին Փաշինյանն ասաց. «Նախ ուզում եմ ասել, որ ձեր հարցը կոնկրետ էր: Դիմելն էլ է հայտարարությունների ժանրից։ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ մարդու իրավունքների միջազգային կոմիտեի նիստում այդ հարցը լայնորեն արծարծվել է: Այո, դուք ճիշտ եք ասում, ես ՀՀ վարչապետն եմ և վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև ՀՀ պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այո, այդ թվում համաչափորեն խելամիտ ձևով կենտրոնանալ, այդ թվում մեկ անձերի խնդիրների լուծման վրա։ Եթե կա նպատակ այս տրամաբանությունը շրջել, դա ես գլխից ասեմ՝ անիրագործելի նպատակ է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել